HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Տիգրան Արցաքանցյանը դիմել է Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 107-Ա որոշումը, որով իր լուսանկարով պաստառները ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ իրականացրել էր վարչական վարույթ: Կատարած շրջայցերի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած փաստաթղթերի ուսումնասիրմամբ պարզել էր, որ մի շարք արտաքին գովազդային վահանակների վրա տեղադրված են գերազանցող Տիգրան Արցաքանցյանի 5 քմ լուսանկարը և «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառումը պարունակող պաստառներ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիգրան Արզաքանցյանը «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակով գրանցված է 2021թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու, ԿԸՀ-ն գտել է, որ նրա պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ: Այդ հիմնավորմամբ էլ հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին որոշել է Տիգրան Արցաքանցյանի լուսանկարով կամ «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ. ուժը՝ մարդն է» գրառմամբ պաստառները ճանաչել «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախընտրական քարոզչության հետ ասոցացվող:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քմ գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը նմանատիպ որոշում կայացրել է նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Հանձնաժողովը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչել թեկնածուի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը:

Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումը մուտքագրվել է դատարան երեկ՝ հունիսի 7-ին: Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter