HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խորհրդարանական ընտրություններ. անցյալն ու ներկան

2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Հայաստանի երրորդ Հանրապետության ութերորդ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 քաղաքական դաշինք։ Անկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս երբեք, ՀՀ ներքաղաքական դաշտն ու քարոզարշավն այսքան լարված չի եղել, որքան այս ընտրությունների նախաշեմին։ Պատճառներն, իհարկե, պարզ են. պատերազմում պարտություն, մեծաթիվ զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ, տասնյակ գերիներ, համավարակ, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ։

Արտահերթ խորհրդարանական այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ Երրորդ Հանրապետության բոլոր ղեկավարներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են ընտրապայքարին։ Այսպես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքը, իսկ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ է։ Ավելին, Սարգսյանն ակտիվորեն մասնակցում է դաշինքի նախընտրական քարոզարշավին։ Ընտրություններին մասնակցում է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետի պաշտոնակատարի առաջնորդությամբ։

Չնայած այն հանգամանքին, որ այս ընտրություններին մասնակցում են ամենամեծ թվով քաղաքական ուժերը (26 քաղաքական ուժ, խմբ.), այդուհանդերձ նախկինում էլ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել քաղաքական ուժերի մասնակցության բարձր ցուցանիշներով։ Այսպես, 1999 և 2003 թվականներին կայացած երկրորդ և երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել են 21 կուսակցություն և դաշինք։ 2007 թվականին այդ թիվը հասել է 23-ի՝ 22 կուսակցություն և 1 քաղաքական դաշինք։ Սակայն, 2012 և 2017 թվականին այն կտրուկ իջել է 9-ի։ 2018 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ մասնակցել է արդեն 11 քաղաքական ուժ։

Առաջիկա ընտրություններն առանձնահատուկ կլինեն նաև նրանով, որ կայանալու են բացառապես պարզ համամասնական ընտրակարգով։ Այսինքն, յուրաքանչյուր ընտրող իր ձայնը տալու է միայն այս կամ այն կուսակցությանը, այլ ոչ առանձին թեկնածուի, ինչպես դա լինում էր մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգերի ժամանակ։ Նախկինում, այդ ընտրակարգերը առանձին շրջաններում հնարավորություն են տվել առավել ազդեցիկ մարդկանց և քաղաքական դեմքերին ձայներ հավաքել կուսակցությունների համար կամ ուղիղ հայտնվել խորհրդարանում։

2021 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողովը 81 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Դրանով փոփոխության ենթարկվեց խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմը, բայց դա չի տարածվի այս ընտրությունների վրա։ Նախկինի պես Ազգային ժողով մտնելու համար կուսակցությունը պետք է ստանա 5 % ձայն, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 %։ Խորհրդարանական հաջորդ ընտրություններից սկսած՝ կուսակցությունների անցողիկ շեմը կիջեցվի 4 %-ի, իսկ կուսակցությունների դաշինքի պարագայում պատկերը մի փոքր այլ է։ Երկու կուսակցությունից բաղկացած դաշինքի դեպքում անցողիկ շեմ սահմանվել է 8 %-ը, 3 կուսակցությունից կազմված դաշինքի պարագայում՝ 9 %-ը, իսկ 4 և ավելի կուսակցությունից կազմված դաշինքի պարագայում` 10 %-ը։

Սա իհարկե ձեռնտու է առաջին հերթին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին, որովհետև եթե նոր օրենսգրքով սահմանված նախընտրական շեմը կիրառվեր այս ընտրությունների ժամանակ, նրանք 7 % անցողիկ շեմի փոխարեն պետք է հաղթահարեին 8 կամ 9 %-ը։

Ո՞ր պարագայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ։ Գործող նորմի համաձայն՝ եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Հենց այստեղ է թերևս ամենահետաքրքիրը։ Դժվար թե իշխող ուժը ստանա ձայների 50 %-ից ավելին, հետևաբար չի բացառվում, որ առաջիկա Կառավարությունը լինի կոալիցիոն՝ չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ իր քաղաքական ուժը կստանա ձայների շուրջ 60 %-ը։ Իսկ թե որ ուժերը կկարողանան ձևավորել կոալիցիա՝ պարզ կդառնա ընտրություններից հետո։ Սա այն հնարավորությունն է, որից կարող են օգտվել ընդդիմադիր ուժերը՝ ձևավորելով քաղաքական կոալիցիա Կառավարություն ձևավորելու համար։

Նոր ԸՕ-ով ևս փոփոխություններ են արվել այս նորմում։ Առաջնահերթություն է տրվելու այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքիների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի շուրջ:

Եթե 14 օրվա ընթացքում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Այս ընտրություններին քվեախցիկում նաև գրիչ չի լինի։ Այսինքն, ընտրողը ծրարի մեջ կդնի այն կուսակցության քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում է քվեարկել։ Քվեատուփի մոտ ծրարի կտրված հատվածից դուրս եկած քվեաթերթիկի վրա հանձնաժողովի անդամը կկպցնի ինքնասոսնձվող դրոշմանիշը։ 

Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը

Ինչով են առանձնացել խորհրդարանական նախորդ ընտրությունները

Հայաստանում խորհրդարանական առաջին ընտրությունները կայացել են 1995 թվականի հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրական առաջին հանրաքվեի օրը։ Ընտրությունների արդյունքում ընտրվել է 190 պատգամավոր՝ 150-ը մեծամասնական և 40-ը համամասնական ընտրակարգերով։

Իշխող ՀՀՇ-ն գլխավորում էր «Հանրապետություն» միավորումը, որի մեջ մտնում էին նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Մտավորական Հայաստանը», «Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան» կուսակցությունը և «Ռամկավար-Ազատական» կուսակցությունը։

Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորմանը բաժին էր հասել մանդատների 42,66 %-ը, «Շամիրամ»-ին՝ 16,88 %-ը, Կոմունիստական կուսակցությանը՝ 12,10 %-ը, ԱԺՄ-ին՝ 7,51 %-ը, իսկ ԱԻՄ-ին՝ 5,57 %-ը։ Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել Բաբկեն Արարքցյանը։

«Շամիրամ»-ն ընտրությունների նախօրեին ստեղծված կանանց հասարակական-քաղաքական միավորում էր, որի կազմի մեջ էին այդ ժամանակ արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանի կինը՝ Անահիտ Թորոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի այն ժամանակ մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանի կինը՝ Շողեր Մաթևոսյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, իսկ ընտրարշավը ղեկավարում էր Վանո Սիրադեղյանը։ Շատերը կարծում էին, որ այս քաղաքական ուժը հենց Վանո Սիրադեղյանի նախագիծն էր, որը կյանքի կոչվեց վարչական ռեսուրսի և ուժային լծակների կիրառմամբ։

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին խորհրդարանական ընտրություններին նախորդել և հաջորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք էականորեն իրենց ազդեցությունն էին ունեցել նաև ընտրությունների վրա, սակայն դրանցից ամենահայտնին, իհարկե, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1994 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ընտրություններից կես տարի առաջ, «Դրո»-ի և «31» գործերի հիմնավորմամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեության արգելումն էր։ Դաշնակցությունը մեղադրվում էր Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության և իր կազմում «Դրո» ահաբեկչական խմբի առկայության մեջ։ Կալանավորվել էին ՀՅԴ մի շարք անդամներ, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, որոնց դեմ մեղադրանքները հետագայում չեն հաստատվել:

Ազգային ժողովի իր ելույթում Տեր-Պետրոսյանը Դաշնակցությանը մեղադրել էր «ահաբեկչական և ֆաշիստական կազմակերպություն լինելու մեջ»։ ՀՅԴ-ն հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ առաջին նախագահը փորձում է չեզոքացնել իր մրցակցին՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Միջազգային դիտորդներն ընտրություններն անվանեցին «ազատ, բայց ոչ արդար»։ Այդ ժամանակվա ընդդիմությունը պնդում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն կեղծել էին ընտրությունների արդյունքները։ Անգամ քննարկվում էր ընդդիմության կողմից ցուցադրաբար մանդատները վայր դնելու տարբերակը։ Այդուհանդերձ, այդ սցենարն իրականություն չդարձավ։

Խորհրդարանական երկրորդ ընտրությունները մեր երկրում կայացել են 1999 թվականի մայիսի 30-ին։ Խորհրդարան էր անցել 131 պատգամավոր՝ 75-ը մեծամասնական և 56-ը՝ համամասնական ընտրակարգով։

Օրենքով սահմանված 5% ընտրական շեմը հաղթահարել էին 6 կուսակցություն և դաշինք. «Միասնություն» դաշինք` 41,69% (29 պատգամավոր), «Հայաստանի Կոմունիստական» կուսակցություն` 12,09% (8 պատգամավոր), «Իրավունք և միաբանություն» դաշինք` 7,96% (6 պատգամավոր), ՀՅԴ` 7,86% (5 պատգամավոր), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28% (4 պատգամավոր), Ազգային Ժողովրդավարական միություն` 5,17% (4 պատգամավոր):

Ազգային ժողովի նախագահ էր ընտրվել Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ՝ սկզբում Ալբերտ Բազեյանը, որին ավելի ուշ փոխարինեց Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը։

Այս ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցավ հանգիստ պայմաններում։ Ընտրությունների գլխավոր անակնկալը «Միասնություն» դաշինքի ստեղծումն էր, որի կազմում միավորվել էին Վազգեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանը պարտվել էր Ռոբերտ Քոչարյանին, սակայն չէր բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Եվ ստացվում էր, որ Քոչարյանի կառավարության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դաշինք է ստեղծում ընտրություններում Քոչարյանի մրցակից Դեմիրճյանի հետ։ Մամուլում բազմիցս գրվել էր այն մասին, որ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են։ Սարգսյանը հերքել էր այս լուրերը, սակայն այս դաշինքը, հավանաբար, դրա լուռ արտահայտությունն էր։

Դաշինքի կազմում, բացի Դեմիրճյանից ու Սարգսյանից, ներգրավված էին նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ալբերտ Բազեյանը և ուրիշներ։

Դաշինքը, սակայն, գլխատվեց։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական հարձակման զոհ դարձան այդ ժամանակ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Երրորդ հանրապետության խորհրդարանական երրորդ ընտրությունները կայացել են 2003 թվականի մայիսի 25-ին։ Խորհրդարան էր անցել 131 պատգամավոր՝ 75-ը մեծամասնական և 56-ը համամասնական ընտրակարգով։ Այս անգամ ևս մասնակցում էին 21 կուսակցություն և քաղաքական դաշինք։ Այս ընտրություններին զուգահեռ ընթանում էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տապալվեց` բավարար աջակցություն չստանալով։

Ընտրությունների արդյունքում 5 % ընտրական շեմը հաղթահարեց 6 կուսակցություն և դաշինք. Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 23,66% (23 պատգամավոր), «Արդարություն» դաշինք` 13,71% (14 պատգամավոր), «Օրինաց երկիր» կուսակցություն` 12,60% (12 պատգամավոր), ՀՅԴ` 11,45% (11 պատգամավոր), «Ազգային միաբանություն» կուսակցություն` 8,91% (9 պատգամավոր), «Միավորված աշխատանքային կուսակցություն»` 5,67% (6 պատգամավոր):

Ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ չկարողացավ խորհրդարանում ստանալ բացարձակ մեծամասնություն և միայնակ ձևավորել կառավարություն։ Արդյունքում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը ձևավորեցին կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության ղեկավար  ընտրվեց գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը։ Ավելի ուշ, Բաղդասարյանը հրաժարական տվեց, իսկ Տիգրան Թորոսյանն ընտրվեց ԱԺ նախագահ։

Երկրում ներքաղաքական իրավիճակը կայուն չէր։ Ընդամենը մի քանի ամիս առաջ կայացած նախագահական վիճելի ընտրություններից հետո, ընդդիմությունը պարբերաբար բողոքի ցույցեր էր կազմակերպում, իսկ նախագահի նախկին թեկնածու Ստեփան Դեմիրճյանը Սահմանադրական դատարանում վիճարկում էր փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները։

Խորհրդարանական ընտրությունների օրը Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գրանցվել էր զինված միջադեպ, որի արդյունքում սպանվել էր մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը։

Չնայած ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա ձևավորեցին, այդուհանդերձ, ընտրությունների ժամանակ քիչ չէին միմյանց հասցեին մեղադրանքները։ Այսպես, Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանը դաշնակցական Վահան Հովհաննիսյանին մեղադրել էր երեք տասնյակ մարդկանց ուղեկցությամբ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի թիվ 30 ընտրատարածք ներխուժելու և կռիվ սարքելու մեջ։ Ավելի ուշ, Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ինքը կանխել է բաց քվեարկության դեպքը։

Նույն ընտրապայքարի ժամանակ Գալուստ Սահակյանը, կոալիցիոն ապագա գործընկերներ Դաշնակցությանն ու ՕԵԿ-ին, անվանել էր «կուրտիզանուհիներ, որոնք փորձում են բավարարել և’ ժողովրդին, և’ իշխանություններին»։

Ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանը դարձյալ հայտարարել էր, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, և քննարկվում էր նոր խորհրդարանի բոյկոտի հարցը։

Չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կայացան 2007 թվականի մայիսի 25-ին։ Այս անգամ ընտրություններին մասնակցեց 23 քաղաքական ուժ։ Օրենքով սահմանված 5 % ընտրական շեմը հաղթահարեց 5 կուսակցություն. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (32.8 %), «Բարգավաճ Հայաստան»-ը (14.7 %), ՀՅԴ-ն (12.7 %), «Օրինաց երկիրը» (6.8 %) և «Ժառանգությունը» (5.8 %): Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ՝ Վահան Հովհաննիսյանը և Իշխան Զաքարյանը։

Այս ընտրական քարոզարշավը պակաս թեժ չէր, բայց, համեմատաբար, ավելի քաղաքակիրթ։ Ընտրություններից 1 ամիս առաջ «Голос Армении» թերթում հրապարակվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցչի գաղտնալսված խոսակցության տեքստը, որում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը բրիտանական դեսպանությունից աջակցություն էր խնդրում և բրիտանական կողմին առաջարկում ընտրությունների ժամանակ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել։

Մի քանի օր անց Հայաստանում բրիտանական դեսպանությունն իր անհանգստությունն ու հիասթափությունը հայտնեց ԶԼՄ-ներում զրույցի բովանդակությունը հրապարակելու կապակցությամբ և հայտարարեց, որ որևէ կուսակցության աջակցություն երբեք չի եղել և չի կարող լինել։ Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բաղդասարյանին անվանեց «դավաճան»։

Ընտրություններին առաջին անգամ մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները։ Դեռ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով կարողացել էր ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր։ Ընտրություններին առաջին անգամ մասնակցելը չխանգարեց, որ ԲՀԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ը հայտնվեն խորհրդարանում։ Ընդ որում, ԲՀԿ-ն զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Քոչարյանն ընդունել էր Ծառուկյանին և շնորհավորել ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ։

Անկախ Հայաստանի հինգերորդ խորհրդարանական ընտրությունները կայացան 2012 թվականի մայիսի 6-ին։ Ընտրվեց 131 պատգամավոր, որից 41-ը՝ մեծամասնական և 90-ը՝ համամասնական ընտրակարգով։ Օրենքով սահմանված 5 % ընտրական շեմը հաղթահարել էին ՀՀԿ-ն (40,02 %), ԲՀԿ-ն (30,2 %), ՀԱԿ-ը (7,08 %), «Ժառանգությունը» (5,76 %), ՕԵԿ-ը (5,51 %) և ՀՅԴ-ն (5,67 %)։

Պաշտոնական քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 4-ին, ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ Երևանի Հանրապետության հրապարակում պայթել էին ջրածնով լցված հարյուրավոր փուչիկներ, որի արդյունքում վիրավորվել էր առնվազն 144 մարդ։

Ընտրությունների ընթացքում առաջին անգամ անձնագրերում սկսեցին կիրառել դրոշմակնիքները, որոնք որոշակի ժամանակ վկայելու էին, որ տվյալ անձը մասնակցել է ընտրություններին։ Այդուհանդերձ, դիտորդական մի շարք առաքելություններ ընտրությունների օրը սկսեցին հայտարարություններ տարածել այն մասին, որ այդ դրոշմակնիքները քվեարկությունից անմիջապես հետո ցնդում են, ինչը կարող է հնարավորություն տալ ընտրակեղծիքներ իրականացնելու, այդ թվում` կրկնաքվեարկություն։

Ընտրությունների ավարտից հետո Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն երկարատև պայքար չծավալեց՝ վերցնելով խորհրդարանական մանդատները։

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները կայացել են 2017 թվականի ապրիլի 2-ին։ Այս ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ նախ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո, որով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, առաջին ընտրություններն էին։ Բացի այդ, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել էր Ընտրական նոր օրենսգիրքը եւ մեծամասնական ընտրահամակարգի փոխարեն ներդրվել էր ռեյտինգային ընտրահամակարգը, որի միջոցով ներկուսակցական պայքար էր ընթանում նաև միևնույն կուսակցության մի քանի թեկնածուների միջև՝ խորհրդարանում հայտնվելու համար։

Այս ընտրությունների նորույթներից մեկն էլ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունն էր խորհրդարանում։ Կոնկրետ ազգային փոքրամասնության ներկայացվածությունը որոշվում էր վերջին մարդահամարի տվյալներով, որի արդյունքում չորս ամենախոշոր էթնիկ համայնքների մեկական ներկայացուցիչ հայտնվեց խորհրդարանում։ 2017 թվականից ի վեր իրենց պատգամավորներին խորհրդարանում ունեն եզդիական, ռուսական, ասորական և քրդական համայնքները։

Ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն։ Դաշինքների թվում էին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն), «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որը ստեղծել էին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և արտաքին գործերի նախկին նախագահ Վարդան Օսկանյանը, «Ծառուկյան» դաշինքը, որի կազմում էին «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքը, որի կազմում էին Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ Ընտրությունների մասնակից կուսակցությունների թվում էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը (նախկին՝ ՕԵԿ) և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը։

Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան քաղաքական չորս ուժեր. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (55 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (30 մանդատ), «ԵԼՔ» դաշինքը (9 մանդատ) և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (7 մանդատ)։

Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունների ընթացքում գրանցվել էին բազմաթիվ խախտումներ, խորհրդարան անցած ուժերից և ոչ մեկը չբողոքարկեց արդյունքները։

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ երկրում ձևավորվել էր փոքրամասնության կառավարություն, նույն տարվա դեկտեմբերի 9-ին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում 7-րդ գումարման Ազգային ժողով անցավ քաղաքական երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը ստեղծվել էր «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների համագործակցության արդյունքում, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ 

Առաջին անգամ խորհրդարան չանցան Հանրապետական կուսակցությունն ու ՀՅԴ-ն՝ չկարողանալով հաղթահարել 5 % ընտրական շեմը։

Այդ ընտրությունների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ ակնհայտ էր, թե որ քաղաքական ուժն է հաղթելու։ Կուսակցությունները պայքարում էին միայն խորհրդարանում հայտնվելու համար։

Հայաստանի առաջիկա անորոշ ապագան

6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանները չկարողացան մինչև ժամկետի ավարտն իրականացնել իրենց լիազորությունները։ Հավանաբար, նույն ճակատագիրն է սպասվում նաև 8-րդ գումարման Ազգային ժողովին։

Եթե ընտրություններում հաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչի հավանականությունը քիչ չէ և միայնակ ձևավորի կառավարություն, ապա ճգնաժամն է՛լ ավելի կխորանա։ Ընդդիմությունը կսկսի հետընտրական պայքար, բողոքի ցույցեր, քաղաքական ուժերն ահազանգում են հնարավոր բախումների մասին։ Այդուհանդերձ, հետպատերազմական իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմության փողոցային պայքարն այնքան էլ արդյունավետ չէ։

Եթե ընդդիմադիր մի քանի ուժեր կարողանան հավաքել այնքան ձայն, ինչը հնարավորություն կտա ձևավորել կոալիցիա և կազմել կառավարություն, ապա նույն սցենարով կառաջնորդվի ընդդիմություն դարձած իշխող քաղաքական ուժը։

Մի բան պարզ է։ Հասարակության մեջ շատ են «չկողմնորոշված քաղաքացիները», որոնք դեռևս չեն որոշել` արդյոք կմասնակցեն ընտրություններին, և եթե մասնակցեն, ապա որ քաղաքական ուժին կտան իրենց ձայնը։ Հենց նրանց ձայնն էլ որոշիչ է լինելու։ Այս հանգամանքից կարող են օգտվել մի շարք քաղաքական ուժեր՝ «Լուսավոր Հայաստանը», ՀԱԿ-ը, ինչը հնարավորություն կտա նրանց հայտնվել խորհրդարանում։

2021-ի արտահերթ ընտրություններն անցնում են խիստ լարված մթնոլորտում։ Պաշտոնական քարոզարշավը մեկնակել է հունիսի 7-ին, եւ արդեն իսկ քաղաքական որոշ ուժերի լիդերներ միմյանց մենամարտերի են հրավիրում` առաջարկելով «ընտրել զենքի տեսակը»։ Այս ընտրություններում գլխավորը քաղաքացիական բախումներից խուսափելն է…

Կոլաժը՝ Դաթո Աբուլաձեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter