HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փաթեթը

Խորհրդարանը 81 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենք»-ում և կից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը: Նախագծի` առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը գրավոր առաջարկներ չեն եղել, հետևաբար այն ընդունվեց այն տեսքով, ինչպես ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Նախագծի համահեղինակ, ԸՕ-ի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանն իր խոսքում կարևորեց ընտրական ցուցակների փոփոխությունները, ըստ որի՝ ոչ վավեր փաստաթղթեր ունեցող քաղաքացիները հանվելու են ընտրական ցուցակներից:

Ըստ Դանիելյանի` այդ անձանց մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ արտերկրում են բնակվում և անձնագրերի վավերականության ժամկետը սպառվել է: Պատգամավորը, սակայն, վստահեցրեց՝ վավեր փաստաթղթերով ընտրատեղամասեր ներկայանալու դեպքում կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը:

Հանրային հաշվետվողականության շրջանակում Համազասպ Դանիելյանը կարևորեց նաև նախընտրական շտաբերի ծախսերի և անձնակազմի աշխատավարձերի հայտարարագրման պահանջը:

Անդրադառնալով այն դժգոհություններին, որոնք կան այս փաթեթի առնչությամբ, հիմնական զեկուցողը պնդեց` միանշանակ, այն մի քանի քայլ առաջ է տանում ընտրությունների կարգավորման գործընթացը: Իսկ թե ինչու այս փոփոխությունները կիրառելի չեն լինի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինքն իր հնչեցրած հարցին Դանիելյանը պատասխանեց. «Այն պարզ պատճառով, որ այդպես էլ չկարողացանք ստանալ հավաստիացում, թե արդյոք այն կվավերացվի նախագահի կողմից: Նաև կարևոր էր, որ յոթերորդ գումարման խորհրդարանը մինչ արձակումն ընդունի նախագիծը»:

Փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 միլիոն, դաշինքի դեպքում առաջարկվում է 15 միլիոն դրամ: Եթե կուսակությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, ապա դաշինքի դեպքում այն 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս, ընդ որում՝ երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքիների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի շուրջ:

Եթե 14 օրվա ընթացքում բաշխված մանդատների ընդհանուր թվի հարաբերական մեծամասնությունը ստացած կուսակցությունը (դաշինքը) քաղաքական կոալիցիա չի ձևավորում, ապա մանդատների բաշխմանը մասնակցած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) 7-օրյա ժամկետում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Նախագծով առաջարկվող կարգավորումների մի մասն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից, մյուս մասը՝ 2022 թվականի հունվարի 1-ից: Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվի աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը: 

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ խորհրդարանն ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծ, ըստ որի՝ ամբողջությամբ անցում է կատարվել համամասնական ընտրակարգի: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգ չի լինելու: Ընտրական խախտումների համար վարչական և քրեական պատասխանատվության նոր միջոցներ են սահմանվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter