HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ոստիկանության թյուրիմացության պատճառով Էդգար Այվազյանը երկու անգամ չի կարողացել դուրս գալ Հայաստանից

Էդգար Այվազյանը 2021թ․ հունիսի 4-ին կնոջ հետ պիտի մեկներ Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաք։ Օդանավանակայանում գրանցումը անցնելուց հետո Էդգարին չեն թողել նստել ինքնաթիռ, ասել են, որ նա հետախուզման մեջ է։ Ոստիկանության աշխատակիցները Էդգարից վերցրել են ավիատոմսն ու անձնագիրը։ Նրա պատմելով՝ ոստիկանության աշխատակիցները անձնագրային տվյալները ստուգելուց հետո ասել են, որ թյուրիմացություն է եղել ու իր փոխարեն Էդգարի անուն ազգանունով ու ծննդյան տարեթվով մեկ այլ քաղաքացի է հետախուզման մեջ։ Ինքնաթիռն արդեն թռել էր, Էդգարը չի կարողացել մեկնել, միայն կինն է գնացել։

Էդգարի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նրանք գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Էդգարը վերջին անգամ Հայաստանից դուրս էր եկել 2019-ին՝ մինչ կորոնավիրուսի տարածումը։ Նրա ասելով՝ երկրից բացակայելիս երբեք ոչ մի մի խնդիր չի առաջացել, սակայն այդ օրը օդանավակայանում նրան ասել են, որ արդեն 1 տարի է՝ հետախուզման մեջ է գտնվում։

Ոստիկանության աշխատակիցները, ինչպես պատմում է Էդգարը, անձնագրի տվյալները տեսնելուց հետո հեռացել են, առանց որևէ բացատրություն տալու։ Մինչ այդ օդանավակայանում նրան են փոխանցել քննիչ Սարգիս Մելքոնյանի հեռախոսահամարը, որն էլ զբաղվում էր հետախուզման մեջ գտնվող մարդու գործով։ Էդգարին օդանավակայանում տրամադրել են մի թուղթ, որի վերջում գրված է եղել՝ տեղեկացված եմ։ Էդգարը թղթի բովանդակությանը չի ծանոթացել, միայն վերջում ոստիկանի ցուցումով ստորագրել է։ Էդգարից վերցրել են նաև իր ավիատոմսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ գրանցված են երկու Էդգար Այվազյան Աշոտի՝ ծնված 1980 թվականի հունիսի 11-ին։ Նրանցից մեկը գրանցված է Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

htuwejqhq.jpg (144 KB)

Էդգարը զանգել է ոստիկանության աշխատակիցների տրամադրած հեռախոսահամարով, քննիչն ասել է, որ սխալմունք է տեղի ունեցել, հանրապետությունում նույն անուն ազգանունով հայրանունով, ծննդյան տարեթվով երկու հոգի կա ու հետախուզման մեջ է ոչ թե ինքը, այլ մյուս Էդգար Այվազյանը։ Էդգարն ասել է, որ ուզում է հանդիպել, քննիչը նրան հրավիրել է ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, հունիսի 4-ին առավոտյան ժամը 10-ին։ Թռիչքը առավոտյան 6:20-ին  էր։ Էդգարը մի քանի ժամ սպասել է, ապա գնացել ոստիկանություն։ 

Շենգավիթի բաժնի քննիչ Սարգիս Մելքոնյանը Էդգարին ասել է, որ թյուրիմացություն է եղել, ու նա արդեն կարող  է դուրս գալ հանրապետությունից, քանի որ դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Իր վրա դրված արգելանքն էլ շուտով կհանվի։ 

Էդգարը որոշել է ժամանակ չկորցնել։ Նորից տոմս է գնել, այս անգամ ոսկու գրավադրմամբ։ Հունիսի 5-ին՝ առավոտյան 5:05-ին պետք է լիներ Էդգարի թռիչքը: Երկրորդ անգամ նա նորից չի կարողացել դուրս գալ երկրից։ Օդանավակայանում նրան ասել են, որ նրա վրա հանրապետությունը լքելու արգելք կա։

Էդգարը կրկին զանգել է քննիչին, քննիչն ասել է, որ չպետք է փորձեր դուրս գալ Հայաստանից, քանի դեռ իրեն տեղյակ չէին պահել, որ արգելքը իր վրայից հանված է։ Էդգարն ասում է, որ մինչ այդ նրան քննիչը չէր ասել, թե արգելք հանելը ինչքան կարող է տևել ու երբ կհանվի։

«Զանգեցի, ասեց՝ ժամին նայե՞լ ես, էս ժամին ինձ խի՞ ես զանգել, քնած եմ, աշխատանային ժամի արի կխոսանք, հետո պարզվեց, որ ինքը դեռ չի ուղարկել հրաման, որ իմ վրայից արգելքը հանեն ու կարողանամ դուրս գալ երկրից, էդ օրը հանդիպեցինք, ասեց արդեն ժամը 12-ից հետո կարաս դուրս գաս, բայց չեն ասում ո՞նց, ինչո՞վ, համ իրենց մեղքով ա համ էլ ոչ մի բանով չեն ուզում օգնել»,-ասում է Էդգարը։

Ուղեբեռը, որ պետք է Էդգարն ու իր կինը իրենց հետ Սամարա տանեին, գրանցված էր Էդգարի անունով, երկրորդ անգամ մեկնել չկարողանալուց հետո Էդգարը ստիպված ուղեբեռն ուղարկել է բեռնափոխադրումով։

Էդգարն ասում է, որ այլևս գումար չունի երկրից դուրս գալու համար, երկրորդ տոմսի գումարն էլ ոսկու գրավադրմամբ էր վերցրել։

Էդգարը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բոլոր տեղերից նրան ուղղորդել են ոստիկանություն դիմել։ Ոստիկանությունում Էդգարին չեն ասել, որ նա կարող է փոխհատուցում ստանալ։

«Հետքը» կապ է հաստատել նաև Շենգավիթի բաժնի քննիչ Սարգիս Մելքոնյանի հետ, որն էլ զբաղվում էր գործով։ Քննիչը հաստատել է, որ թյուրիմացություն է եղել ու Էդգար Այվազյանի անձնագրային տվյալները, գրանցան հասցեն տեսնելուց հետո հասկացել են, որ հետախուզման մեջ գտնվողն ու երկրից մեկնողը տարբեր մարդիկ են։

Քննիչը տեղյակ չէր պահել Էդգարին, որ իր վրա արգելք կա ու միայն արգելքը հանվելուց հետո կարող է դուրս գա երկրից, դրա համար էլ երկրոդ անգամ կրկին չի կարողացել դուրս գալ։

«Տեղյակ չէի պահել, հենց էդ ա, բայց այսօր (նկատի ունի հունիսի 5-ը) արդեն ասել եմ, որ ժամը 12-ից կարող է դուրս գալ։ Ինքն էս գործի հետ ընդհանրապես կապ չունի, զուտ իր անուն ազգանունն է համընկել»,-ասում է քննիչը։

Այն հարցին, թե կատարվածի համար Էդգարը կարո՞ղ է ոստիկանությւոնից փոխհատուցում պահանջել, քննիչ Մելքոնյաննն ասաց, որ այդ հարցին պատասխանել չի կարող ու տեղյակ չէ։

Հունիսի 5-ից մինչ օրս Էդգարի հետ ոստիկանությունից ոչ ոք չի կապվել, փոխհատուցման մասին նրան ոչինչ չեն ասել։

 Լուսանկարում` Էդգար Այվազյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter