
Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2021-ին Հայաստանում 3.4% տնտեսական աճ կգրանցվի
Ըստ Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.4%: Կառույցը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցը:
Պարզվում է՝ Համաշխարհային բանկի մասնագետները սկսել են փոքր-ինչ ավելի լավատեսորեն գնահատել Հայաստանի տնտեսությունը: Նախորդ գնահատականների համաձայն, որոնք հրապարակվել են այս տարվա հունվարին, 2021 թվականին Հայաստանի համար կանխատեսվում էր 3.1% տնտեսական աճ՝ 0.3 տոկոսային կետով պակաս, քան նոր կանխատեսումն է: Իսկ 2022 և 2023 թվականներին գնահատվում է համապատասխանաբար 4.3% և 5.3% աճ:
Հայաստանի տնտեսական աճի վրա, ըստ ՀԲ-ի մասնագետների, բացասաբար են ազդում ինչպես ներքաղաքական լարված իրավիճակը, այնպես էլ՝ զբոսաշրջային թույլ հոսքը, պատերազմից հետո առաջացած իրավիճակը և այլն:
Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա կանխատեսվում է, որ 2021 թվականին Վրաստանում տնտեսական աճը կկազմի 6%, Թուրքիայում՝ 5%, Ադրբեջանում՝ 2.8%: Իրանում սպասվում է 2.1% աճ:
ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում, ըստ ՀԲ-ի կանխատեսման, 2021 թվականին կգրանցվի 3.2% տնտեսական աճ, Ղրղզստանում՝ 3.8%, Ղազախստանում՝ 3.2%: Տնտեսական բարդ վիճակում գտնվող Բելառուսի համար կանխատեսվում է 2.2% անկում:
Այս գրաֆիկում 2018-2020 թվականների սյունակներում նշված երկրներում գրանցված տնտեսական աճի փաստացի ցուցանիշներն են: 2021-2023թթ. պարագայում կանխատեսումներն են:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ճշգրտած տվյալների՝ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 7.4% տնտեսական անկում (ՀԲ-ի աղյուսակում դեռևս նախնական տվյալն է՝ 7.6%): 2018 և 2019 թվականներն առավել բարենպաստ էին՝ 5.2% և 7.6% տնտեսական աճով:
Ընդհանուր առմամբ, ըստ Համաշխարհային բանկի հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ համաշխարհային տնտեսությունը 2021 թվականին կաճի 5.6%-ով՝ հիմնականում մի քանի խոշոր տնտեսությունների ուժեղ աճի արդյունքում: Այնուամենայնիվ, զարգացող շատ տնտեսություններ շարունակում են պայքարել COVID-19 համաճարակի և դրա հետևանքների դեմ, ասվում է զեկույցում:
Ինչպես նշված է զեկույցում, 2021 թվականին ամենաբարձր տնտեսական աճը կգրանցվի Չինաստանում, որն ըստ ՀԲ-ի կանխատեսման, կկազմի 8.5%: Երկրորդ տեղում Հնդկաստանը կլինի (8.3%), երրորդում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (6.8%):
Չինաստանում տնտեսական բարձր աճի կանխատեսումը պայամավորված է այդ երկրում ապրանքերի ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի բարձրացմամբ: Իսկ ամերիկյան տնտեսությունը կխթանեն պետության կողմից ֆինանսական աջակցության ծրագրերն ու համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացումները:
Հիշեցնենք, որ ամենաթարմ տվյալներով՝ 2021 թվականի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 2.6%-ով:
Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել