
Միհրան Պողոսյանը դատական կարգով վիճարկում է թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու` ԿԸՀ-ի որոշումը
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ նրա 08.06.2021թ. թիվ 129-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Միհրան Պողոսյանին դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու ճանաչելու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի արտահերթ նիստով ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Միհրան Պողոսյանի գրանցումը: Հանձնաժողովի հիմնավորմամբ, թեկնածուն չի հանդիսանում վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք:
Թեկնածուն մի քանի տեղեկանքներ էր ներկայացրել` հիմնավորելու համար, որ բացակա ժամանակահատվածում կրթություն է ստացել արտերկրում: Սակայն, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետը գրություններ է ուղարկել տեղեկանքը տրամադրած հաստատություններին: Ստացված պատասխան գրություններով հայտնել են, որ Մ. Պողոսյանին տեղեկանքն իրենք չեն տրամադրել, նման ուսանող չունեն:
Հակասող փաստաթղթերի պայմաններում, Տ. Մուկուչյանը հայտարարեց, որ արժանահավատ է համարվում միայն Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի տեղեկանքը, որ Մ. Պողոսյանը հանդիսանում է առաջին կուրսի ուսանող: Սակայն, նույնիսկ այդ հանգամանքը չի օգնել 4 տարվա պայմանը բավարարելու համար:
Նշենք, որ Մ. Պողոսյանը վարչական դատարան հայցադիմումը ներկայացրել է երեկ՝ հունիսի 9-ին: Գործը դատարանում քննվելու է հինգ դատավորի կազմով: Նախագահող դատավորը Ռուզաննա Ազրոյանն է:
Մեկնաբանել