HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրությունը չի հասկանում` Սարգսյանն իր ձայնագրությամբ Փաշինյանին ուզում էր վնաս տալ, թե՞ օգուտ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որից հետո, ըստ Սարգսյանի, հանրությունն իր գնահատականը պետք է տար Նիկոլ Փաշինյանին:

«Որքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են` հիմա այդ ձայնագրությամբ չհասկացանք` Սարգսյանն ուզում էր վնաս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ տալ, և այդ հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից ներկայացրել ենք ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով`պատմությունն այն մասին է, որ 2018 թվականի մայիսից իր ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, և այդ պահի դրությամբ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը:

«Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ այդ մասին` խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին, երբ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից: Ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց, հետո` տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Փաշինյանի` 1998 թվականին Արցախին բանակցային գործընթացից հանելով` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրել է արցախյան առաջին պատերազմի դիվանագիտական հաղթանակը, ապա, նրա համոզմամբ, Քոչարյանն առաջ է քաշել Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, ինչը մերժել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Փաշինյանն ասաց` նույնիսկ գործընկերների հետ է քննարկել, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդ ձայնագրությունը հրապարակել, և այդպես էլ պատասխան չի գտել: Փաշինյանը նաև հիշեցրեց, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին այդ ձայնագրությունը հրապարակելու համար:

Նա վստահեցրեց` կառավարությունը նախորդող երեք տարիներին ուժերի ներածին չափով արել է հնարավորն ու անհնարը` նման սցենարից խուսափելու համար:

Նա հարց հնչեցրեց, թե ինչու Սարգսյանը, հրապարակելով այդ ձայնագրությունը, չի անդրադարձել այն մեղադրանքներին, թե իբր Փաշինյանը Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է:

«Բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում, ժողովուրդ»,-ասաց նա` դիմելով հավաքվածներին:

Փաշինյանը նաև համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ կարող էր այդպես չլինել, եթե 2016-2018 թվականների դրությամբ Հայաստանն ունենար այլ սպառազինությամբ զինված բանակ:

Վարչապետի թեկնածուի կարծիքով` այս ընտրությունները բացառիկ հնարավորություն է հայ ժողովրդի համար` գնահատական տալ նախորդ 30 տարիների պատմությանը: Նա հիշեցրեց, որ նախկին բոլոր ղեկավարներն էլ մասնակցում են այս ընտրություններին:

«Քարոզարշավի չորրորդ օրն ինձ համոզում է, որ առաջիկա ընտրություններում ՀՀ հպարտ, արժանապատիվ քաղաքացու հաղթանակն այլընտրանք չունի»,-պնդեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ը քարոզարշավի չորրորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին ՔՊ-ն Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, այսօր` Լոռու մարզում, երեկոյան Վանաձորում սպասվում է հանրահավաք:

Լուսանկարը` ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter