HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Խաչիկ Գալստյան․ «Հունիսի 20-ին պատմության խայտառակ էջը շրջելու ենք, շտկելու ենք մեր մեջքը»

«Մենք քարոզչությունն իրականացնում ենք ընդգծված, զուսպ և քաղաքական կոռեկտության շրջանակներում, ինչը չի կարելի ասել իշխանության կողմից կազմակերպված քարոզչության առաջին օրերի մասին, որն ընտրեց ատելության խոսքի, բռնությունների և դեպի քաղաքական բախումներ տանող կործանարար ճանապարհը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Խաչիկ Գալստյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը ժողովրդին ասելու ոչինչ չունի, քանի որ հանրության գիտակից մասը հոգնել է իշխանության կեղծիքից և ստախոսությունից։ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 26-րդ համարը վստահեցնում է․ «Հունիսի 20-ին պատմության խայտառակ էջը շրջելու ենք, շտկելու ենք մեր մեջքը, կպնելու ենք գործի և արթնանալու ենք նոր Հայաստանում»։

Ինչպե՞ս է լուծվելու Արցախի հարցը, և ինչ են անելու գերիների վերադարձի համար հարցին ի պատասխան Գալստյանն ասաց, որ դաշինքի վարչապետի թեկնածուն միակն էր 26 թեկնածուների մեջ, որն այցելել է Արցախ՝ դրանով իսկ ուղերձ հղելով, որ Արցախյան կարգավորման էջն ամենևին փակված չէ. «Մենք մեր արցախահայ հայրենակիցներին մենակ չենք թողնելու, մենք մեր ծրագրային հիմնադրույթներում բավականաչափ տեղ ենք հատկացրել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, անվտանգության բաղադրիչին, ՀՀ-ի պաշտպանունակության բարձրացմանը»,- նշեց Գալստյանը։ 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` երեկ հրապարակած ձայնագրությանը՝ Գալստյանն ասաց, որ այն ցույց տվեց իշխանության ղեկին հայտնված, ՀՀ-ն ներկայացնող և այս տարիներին Արցախյան կարգավորման բանակցությունները ոչնչացրած մարդու տգիտության աստիճանը։ Նա մեղադրեց Նիկոլ Փաշինյանին պատերազմի 5000 զոհերի, տարածքների կորստի և փախստականների համար։

Ըստ Գալստյանի՝ Հայաստանը երբևիցե այսպիսի ստորացուցիչ վիճակում չի եղել, Արցախը այսպես անպաշտպան չի եղել։ «Դու, առնվազն ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը, պարտավոր էիր հաշվի առնել, նստել կլոր սեղանի շուրջ, հավաքել ազգի բոլոր գիտակ մարդկանց իրար գլուխ, այլ ոչ թե առաջին նախագահի հետ հանդիպել, ասել՝  ինձ չասաց որևէ բան, որի մասին ես չգիտեի, եթե կարիք լինի երկրորդի, երրորդի հետ հանդիպելու․․․․ և այսպիսի մոլոգարության մոլուցքով տառապելով, իրեն ամենագետի տեղ դրած, բայց տարրական գիտելիքներ չունենալով` հայ ազգի ամենակենսական նշանակություն ունեցող՝ արցախյան հիմնահարցի կարգավորման դետալներից՝ խոստովանել է՝ գժի տեղ դնելով, փորձել է ինչ-որ զրոյական կետեր առաջ բերել, իր սեփական կետից բանակցություններն առաջ տանել, արդյունքում մենք տեսանք՝ ինչ եղավ»,- նշեց Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ Վանեցյանը մի քանի անգամ կրկնել է, որ եթե լիներ իշխանության, ապա գերիների հարցը շատ արագ կկարգավորեր, քանի որ այդ հարցն անձնական դիվանագիտության մակարդակի խնդիր չէ, այլև միջազգային դիվանագիտական հարց է։ 

Ըստ Գալստյանի՝ Փաշինյանի հայտարարությունը՝ իր որդին հանձնել գերիների դիմաց, ուշացած է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter