HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանն աղավաղում է ռազմական ներկրումների փաստերն ու փորձում մանիպուլացնել հանրությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է մի քանի թվեր Հայաստանի ռազմական ներկրումների մասին՝ խեղաթյուրելով փաստերը:

Այսպես՝ հունիսի 4-ին Փաշինյանն Արարատի մարզում փաստացի իրականացրած քարոզչության ընթացքում հայտարարել է, թե համաձայն Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) ուսումնասիրության՝ 2011-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ներկրումները 8,2 անգամ գերազանցել են Հայաստանի ներկրումները: Հավելել՝ եթե Ադրբեջանն այդ ընթացքում ներմուծումների համար ծախսել է 3,274 մլրդ դոլար, ապա Հայաստանը՝ 398 մլն դոլար:

Փաշինյանը նկատել է, որ մեր թշնամու ռազմական ներմուծումների 2/3-ը բաժին է հասել ԱՊՀ անդամ երկրներին, սակայն անուններ չի տվել: Շեշտենք, որ խոսքն այստեղ ոչ թե գնված զենքի քանակի, այլ «SIPRI»-ի կողմից կիրառվող հատուկ միավորի՝ TIV-ի (trend-indicator value - բառացի՝ միտման ցուցիչի արժեք) մասին է, որով չափվում են երկրների միջեւ սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում:

Ըստ «SIPRI»-ի՝ 2011-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ներմուծումների 68 %-ը բաժին է հասել ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Ռուսաստանին ու Բելառուսին, ինչի մասին վարչապետի ԺՊ-ն լռել է, եւ Ուկրաինային:

Մայիսի 14-ին «Հետքը» գրել է Ստոկհոլմի ինստիտուտի հետազոտության մասին:

Հիմա անդրադառնանք Փաշինյանի մանիպուլյացիային: Հղում անելով «SIPRI»-ին՝ հունիսի 4-ին նա հայտարարել է, թե 2011-2020 թթ. Հայաստանը ձեռք է բերել 398 մլն դոլարի զենք, որից 248 մլն դոլարի սպառազինությունը՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ իր իշխանության օրոք:

«Հայաստանի Հանրապետության ձեռք բերած զենքի 63 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թթ. ընթացքում՝ հեղափոխությունից հետո»,- հայտարարել է Փաշինյանը:

Մի կողմ թողնելով զենքի վրա ծախսված գումարների ճշգրտությունը՝ փաստենք, որ Փաշինյանն ակնհայտորեն մանիպուլացնում է կամ փորձում է մանիպուլացնել իրեն լսողներին: Եթե 248 մլն դոլարը 398 մլն-ի 62,3 տոկոսն է (եւ ոչ թե 63-ը, ինչպես հայտարարել է Փաշինյանը), դա ամենեւին չի նշանակում, թե ծախսված գումարը ուղիղ համեմատական է ձեռք բերված զենքի քանակին: Այսինքն՝ դու կարող ես մեծ գումարներ ծախսել նախկինի համեմատ, բայց ձեռք բերես ավելի քիչ զենք, քան արվել է մինչ քեզ: Այլ կերպ ասած՝ ծախսված գումարի չափն ու գնված զենքի քանակը լրիվ տարբեր բաներ են, ինչը Փաշինյանը չհասկանալու պատճառով (ելույթում նա կարդում էր հեռախոսով իրենց ուղարկված տեքստը) կամ էլ դիտմամբ թաքցնում է հասարակությունից:

Հիմա անցնենք «SIPRI»-ի վիճակագրությանը: Շվեդական ինստիտուտը տվյալները վերցնում է բաց աղբյուրներից, սակայն միաժամանակ շեշտում է, որ իր ներկայացրած ինֆորմացիան հաճախ չի կարող ցույց տալ ամբողջական պատկերը, որովհետեւ բաց աղբյուրներում տվյալներն ամբողջական չեն լինում: Հասկանալի է, որ ռազմական գնումներն այն ոլորտն են, որը չի կարող 100 տոկոսով բաց լինել տեղական կամ միջազգային հանրության առաջ, հետեւաբար երբ պետության գործադիր ղեկավարը սեփական երկրի ռազմական գնումների մասին տվյալներ է հայտնում՝ հղում անելով բաց աղբյուրների վրա աշխատող ինստիտուտին, լսողն առնվազն պետք է հարց տա՝ իսկ որքա՞ն հավաստի են այդ տվյալները: Հաշվի առնելով մեր հասարակության մեդիագրագիտության շատ ցածր մակարդակը՝ վարչապետի պաշտոնակատարի բերանից այդպիսի թվեր լսողներից հաշված անձինք, թերեւս, կարող են լուրջ հարցադրումներ անել: Մեդիագրագիտության նման մակարդակը, բնականաբար, բխում է հռետորի շահերից՝ անկախ նրանից, թե ով է վերջինս:

2011-2020 թթ. Հայաստանի ռազմական գնումների վիճակագրության մեջ «SIPRI»-ն որեւէ ներկրում չի հիշատակել 2012, 2014, 2015, 2018 եւ 2020 թթ., ինչը, սակայն, չի նշանակում, թե այդ տարիներին մեր երկիրն արտերկրից զենք չի ներմուծել ու ծախս չի արել: Պարզապես, հետազոտական ինստիտուտի ձեռք բերած տվյալներն այդքան են: Օրինակ՝ հավատա՞նք, որ 2020 թ. 44-օրյա պատերազմում ներգրավված Հայաստանը ռազմական գործողությունների ընթացքում զինամթերք չի ստացել ռազմավարական դաշնակցից: Եթե կուրորեն հավատանք «SIPRI»-ի թվերին, այդպես էլ եղել է, բայց իրականությունն այլ է: Եվ այստեղ նորից պիտի շեշտենք, որ շվեդական ինստիտուտը ոչ թե զենքի քանակը, այլ դրա համար վճարված գումարն է հաշվել: Այնինչ չի բացառվում, որ պատերազմի ժամանակ զենք ենք ստացել նույնիսկ անվճար կամ ապառիկ հիմունքներով:

Երբ Փաշինյանը, հղում անելով «SIPRI»-ին, ասում է, որ 398 մլն դոլար ծախսից 248 մլն-ը իր օրոք է եղել, լավ կլինի ասի, որ նույն այդ աղբյուրը նշել է, թե իր իշխանության օրոք (2018-2020 թթ.) միայն 2019-ին է զենք ձեռք բերվել:

Վերոնշյալը ծախսված գումարների մասին էր, իսկ հիմա տեսնենք, թե 2011-2020 թթ., ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի, որքան զենք են գնել նախորդ ու ներկա իշխանությունները: Բնականաբար, այս վիճակագրությունը եւս ճշգրիտ չէ, սակայն ավելի տեղին է խոսել հենց սրա, ոչ թե գումարների մասին, քանի որ կռվում օգտագործվում է գնված զենքը, ոչ թե ծախսված փողը (այն տվյալները, որոնք հստակ չեն, ներկայացված են // նշանների մեջ):

11111.jpg (651 KB)

Ինչպես տեսնում ենք աղյուսակում, որն ամբողջական պատկերը չի ներկայացնում, 2011-2018 թթ. ավելի շատ զենք է ձեռք բերվել, քան 2018-2020 թթ.: Ընդ որում՝ բացի հնդկական հակահրետանային ռադարներից, մյուս զինատեսակները պատվիրվել եւ ստացվել են մինչեւ 44-օրյա պատերազմը:

Լուսանկարում՝ Ն. Փաշինյանը նստում է Սու-30 ինքնաթիռներից մեկը, որոնք այդպես էլ չկիրառվեցին պատերազմում զինամթերք չունենալու պատճառով, 27.12.2019 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter