HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են եղել Հայաստանի ու Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարները 2011-2020 թթ.

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI), որը հայտնի է զենքի վաճառքի մասին իր հետազոտություններով եւ վիճակագրությամբ, ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերին եւ գնումներին:

1990-ականներից շարունակվող հակամարտության վերաբերյալ «SIPRI»-ն նշել է, որ կոնֆլիկտի լուծման մեջ ներգրավված ԵԱՀԿ-ն դեռ 1992-ին կոչ է արել իր անդամ երկրներին Լեռնային Ղարաբաղի զինված բախումներում ներգրավված հայկական եւ ադրբեջանական ուժերին զենք եւ զինամթերք մատակարարելու էմբարգո մտցնել կամավոր ձեւով: Ըստ հետազոտական ինստիտուտի՝ եթե ԵԱՀԿ անդամներից որոշները, օրինակ՝ Գերմանիան, այդ էմբարգոն մեկնաբանում են ռազմական արտահանումները դեպի Հայաստան եւ Ադրբեջան ընդհանրապես արգելելու տեսանկյունից, իրականում ԵԱՀԿ-ի կոչն ամբողջական արգելքին չի վերաբերում:

Միաժամանակ «SIPRI»-ն նշում է, որ քանի դեռ խնդիրը լուծելու շուրջ միջազգային հանրության ջանքերը ձգձգվում են, հակամարտող երկու երկրները նախապատվությունը տվել են ռազմական պոտենցիալի հզորացմանը: Որպես ասվածի հիմնավորում շվեդական ինստիտուտը հայտնում է, որ 2020 թ. Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 %-ը, իսկ Ադրբեջանինը՝ 5,4: Սա՝ այն դեպքում, երբ 2020 թ. համաշխարհային միջինը եղել է 2,4 %: Սակայն «SIPRI»-ն շեշտում է, որ բացարձակ թվերով Հայաստանի ու Ադրբեջանի տվյալները շատ տարբեր են. եթե 2020-ին Հայաստանը ռազմական ոլորտին հատկացրել է 634 մլն դոլար, ապա Ադրբեջանը՝ 2,238 մլրդ:

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում «Հետքն» անդրադարձել էր այս թվերին: Հայաստանի դեպքում հիմնվելով պետբյուջեի թվերի, իսկ Ադրբեջանի պարագայում՝ նույն «SIPRI»-ի եւ մամուլի հրապարակումների վրա՝ ներկայացրել էինք 2011-2020 թթ. համեմատականը: Ըստ այդմ՝ 2020-ին մեր երկրի ռազմական բյուջեն եղել է 640 մլն դոլար, իսկ թշնամունը՝ 2,27 մլրդ:

Armenia vs Azerbaijan: military expenditures
Infogram

Բայց այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ եթե Հայաստանը ներկայացնում է ՊՆ-ի ծախսերը, ապա Ադրբեջանը հայտարարում է պաշտպանական եւ անվտանգության ոլորտի ծախսերը, որոնք վերաբերում են ոչ միայն ՊՆ-ին, այլեւ, օրինակ, պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ), պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), արտաքին հետախուզության ծառայությանը (ԱՀԾ), պաշտպանական արդյունաբերության նախարարությանը (ՊԱՆ):  

Սա, անշուշտ, մեծացնում է ծախսերի տարբերությունը՝ հօգուտ Ադրբեջանի, բայց պետք է նաեւ հաշվի առնենք, որ 2018-ից ՀՀ-Ադրբեջան սահմանագծի Տավուշի հատվածում հակառակորդի կողմից ծառայություն է իրականացնում ոչ թե բանակը, այլ ՊՍԾ-ն, իսկ 2020 թ. պատերազմից հետո, մասնավորապես, Սյունիքի ուղղությամբ որոշ հատվածների առաջին գծում ծառայություն են իրականացնում սահմանապահները (Ադրբեջանի ՊՍԾ-ն եւ Հայաստանի ԱԱԾ-ն), իսկ դրանց թիկունքում տեղակայված են զինված ուժերը:

Շվեդական հետազոտական հաստատությունը նշում է, որ երկու երկրների ռազմական ծախսերը մասամբ օգտագործվում են զենք ձեռք բերելու մրցակցության շրջանակներում: Ըստ «SIPRI»-ի՝ քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմարդյունաբերություն, երկուսն էլ հենվել են արտաքին մատակարարների վրա, որոնք օգնել են ընդլայնել ու զարգացնել հակամարտող կողմերի արսենալները: 2011-2020 թթ., «SIPRI»-ի գնահատականներով, Ադրբեջանի ռազմական ներկրումները 8,2 անգամ գերազանցել են Հայաստանի ցուցանիշները:

Ո՞վ է մատակարարել 2020 թ. պատերազմում կիրառված զենքերը

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի գնահատմամբ՝ 2011-2020 թթ. թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ամենախոշոր մատակարարը եղել է Ռուսաստանը: Նշված ժամանակահատվածում ՌԴ-ին է բաժին հասել Հայաստանի ռազմական գնումների 93,7 %-ը եւ Ադրբեջանի ստացածի 60,1 %-ը (պետք է շեշտել, որ խոսքը ոչ թե ձեռք բերված զենքի քանակի կամ դրամական արժեքի մասին է, այլ «SIPRI»-ի կողմից կիրառվող չափման միավորի՝ TIV-ի (trend-indicator value - բառացի՝ միտման ցուցիչի արժեք), որով չափվում են երկրների միջեւ սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում, այլ կերպ ասած՝ TIV-ը մի երկրից մյուսին փոխանցվող ռազմական պոտենցիալի գնային ինդեքսն է):

Նույն ընթացքում մեր թշնամու մյուս խոշոր «առաքիչներն» են եղել ըստ հերթականության Իսրայելը (26,6 %), Բելառուսը (7,1 %) եւ Թուրքիան (2,9 %), իսկ այլ երկրների կողմից Ադրբեջանին վաճառած զենքի ընդհանուր ծավալը եղել է 3,3 %: Հայաստանի պարագայում, համաձայն «SIPRI»-ի, Ռուսաստանից հետո երկրորդ մատակարարը Հորդանանն է (5,3 %), որին հաջորդում է Ուկրաինան (1 %):

Ռուսաստան

2011-2020 թթ. Ռուսաստանը Հայաստանին վաճառել է, մասնավորապես, զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), տանկեր, որոնք բոլորն էլ, ըստ Ստոկհոլմի ինստիտուտի, կիրառվել են 2020 թ. պատերազմում: Աղբյուրն առանձնացնում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք Ռուսաստանը մատակարարել է 2016-ին, ինչպես նաեւ «Սմերչ» ՀԿՌ համակարգերը, որոնք ձեռք են բերվել 2016-2017 թթ.:

ՌԴ-ն 2019-ին նաեւ «Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչներ է առաքել Հայաստան, որոնք չնայած կարող էին զգալիորեն ուժեղացնել Հայաստանի հարվածային ուժը, պատերազմում չեն կիրառվել:

Ադրբեջանին Ռուսաստանը մատակարարել է, մասնավորապես, զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, տրանսպորտային եւ հարվածային ուղղաթիռներ, հրետանի, ՀԿՌ համակարգեր, տանկեր, որոնք եւս ամբողջությամբ օգտագործվել են պատերազմում: Այս առումով «SIPRI»-ն առանձնացրել է պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա կիրառված «Սմերչ» համակարգերը:

Շվեդական հետազոտական ինստիտուտը նշում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այստեղ գործում է ռուսական ռազմաբազա, եւ ՀՀ-ն ՌԴ-ից զենք է ձեռք բերում համեմատաբար էժան գներով: Իսկ ահա Ադրբեջանի մասով «SIPRI»-ն, մեջբերելով Ալիեւի հայտարարությունը, գրել է, որ 2018-ի դրությամբ այդ երկիրը Ռուսաստանից ընդհանուր 5 մլրդ դոլարի զենք էր գնել: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինստիտուտը նկատում է, որ ՌԴ-ի տնտեսական շահը, թերեւս, կարեւոր մոտիվ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: 

Իսրայել

«SIPRI»-ն նշում է, որ 2011-2020 թթ. մեր թշնամու ձեռք բերած զենքի շուրջ 27 %-ի առաքիչ Իսրայելի մատակարարումները գլխավորապես արվել են 2016-2020 թթ.: Ավելին՝ 2016-2020 թթ. Իսրայելը Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորն է եղել. նրան բաժին է հասել Ալիեւի ռեժիմի ռազմական ներկրումների 69 %-ը: Հետազոտական ինստիտուտը նշում է, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ ինֆորմացիա կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին: Այդուհանդերձ, հայտնի է, որ Իսրայելը հիմնականում վաճառում է բարաժող ռազմամթերք, հետախուզական ԱԹՍ-ներ, կառավարվող եւ բալիստիկ հրթիռներ, որոնք կիրառվել են թե՛ 2020 թ. պատերազմում, թե՛ դրանից առաջ տեղի ունեցած սահմանային բախումներում («SIPRI»-ն առաջին հերթին նկատի ունի 2016 թ. քառօրյա պատերազմն ու 2020 թ. ամռանը Տավուշում տեղի ունեցած բախումները):

Իսրայելի առաքումների մասին «Հետքը» գրել է 2016-ի ապրիլին՝ քառօրյա պատերազմի ավարտին: Հոդվածը կարող եք կարդալ ստորեւ ներկայացված հղումով:

Մասնավորապես՝ «Harop» բարաժող (օդում ինչ-որ ժամանակ թռիչք իրականացնող) ռազմամթերքը կամ ինքնասպան (կամիկաձե) ԱԹՍ-ն առաջին անգամ Ադրբեջանին մատակարարվել է մոտավորապես 2015-ին: Այս դրոններն օգտագործվել են 2016 եւ 2020 թթ. պատերազմներում: Ըստ «SIPRI»-ի՝ մեր թշնամին գնել է նաեւ մի քանի հատ «Hermes-900» հետախուզական ԱԹՍ-ներ: Շվեդական ինստիտուտը նշում է, որ իսրայելական դրոնները, համաձայն ոլորտի մասնագետների, կարեւոր դեր են խաղացել 2020 թ. պատերազմում Ադրբեջանի ձեռք բերած գերակայության մեջ:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի գնահատականով՝ եթե 2016-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ներկրումների 69 %-ը եղել է Իսրայելից, ապա նույն ընթացքում Իսրայելի ռազմական արտահանումների 17 %-ը բաժին է հասել Ադրբեջանին, ինչը խոսում է իսրայելական ռազմարդյունաբերության համար Ադրբեջանի աճող դերի մասին: 2016-ին Ալիեւը հայտարարել էր, որ իր երկիրը 5 մլրդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմատեխնիկա գնելու վրա: «SIPRI»-ն նկատում է, որ մի քանի ենթադրություններ կան այն բանի վերաբերյալ, թե որն է Ադրբեջանին զենք մատակարարելու շարժիչ ուժը Իսրայելի համար՝ տնտեսական շա՞հը, ադրբեջանական նավթից այդ երկրի կախու՞մը, թե՞ Իրան-Իսրայել հարաբերությունները:

Բելառուս

ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսին 2011-2020 թթ. բաժին է հասել Ադրբեջանի ռազմական ներկրումների 7,1 %-ը: Լուկաշենկոյի ռեժիմը բարեկամ Ալիեւին վաճառել է գրոհային ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր, տանկեր, հրետանի, կառավարվող հրթիռներ: «SIPRI»-ն նշում է, որ զենքի նման վաճառքը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ է նաեւ այն պատճառով, որ Բելառուսում աճում է ադրբեջանական նավթի պահանջարկը, եւ փորձ է արվում նվազեցնել կախումը ռուսական նավթից:

Շվեդական հետազոտական ինստիտուտը 2011-2020 թթ. Բելառուսից Հայաստան զենքի մատակարարում չի արձանագրել: Այդուհանդերձ, «SIPRI»-ն նշում է, որ երկու երկրները համագործակցում են մարտական պատրաստության եւ օպերատիվ պլանավորման ոլորտներում, իսկ հետագա ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ներառել ռազմատեխնիկայի առաքում կամ այդպիսի սարքավորումների վերանորոգման եւ տեխսպասարկման ծառայությունների մատուցում:

Թուրքիա

2011-2020 թթ. Ադրբեջանի ռազմական ձեռքբերումներում 2,9 % մասնակցություն ունի Թուրքիան, որն իր «փոքր եղբորը» փոխանցել է զրահապատ պարեկային մեքենաներ, ռեակտիվ հրետանի, հրթիռներ եւ մարտական ԱԹՍ-ներ: «SIPRI»-ն նկատում է, որ 2020 թ. պատերազմից առաջ Ադրբեջանն ստացել է առնվազն 5 հատ «Bayraktar TB2» դրոն՝ համալրված «MAM-L» տիպի կառավարվող ռումբերով: Այս ԱԹՍ-ների կիրառումը վերջին պատերազմում դարձավ միջազգային լայն ուշադրության առարկա:

Շվեդական ինստիտուտը նշում է, որ չնայած պարզ չէ, թե արդյոք 2020 թ. պատերազմում Ադրբեջանը կիրառել է (եւ ինչպես) Թուրքիայից ստացած այլ զինատեսակներ, որոշ հաղորդագրություններ խոսում են դրանց ներգրավման մասին: Մասնավորապես՝ թուրքական «TRG-300» հրթիռներն արձակող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հայկական կողմի դեմ սանձազերծված պատերազմում տեղակայվել էին թշնամու համար ռազմավարական նշանակության բարձունքներում:

«SIPRI»-ն նշում է, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն այդ երկուսի ամուր տնտեսական եւ մշակութային կապերով, այլեւ Թուրքիայի ավելի լայն արտաքին քաղաքական շահերով: Ընդլայնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ Թուրքիան ընդլայնում է քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ մրցակցության մեջ մտնելով տարածաշրջանում դոմինանտ գերտերություն համարվող Ռուսաստանի հետ:

Այլ մատակարարներ

Բացի վերոնշյալներից՝ 2011-2020 թթ. Հայաստանին ու Ադրբեջանին ավելի փոքր մասնաբաժնով զենք են առաքել այլ երկրներ եւս:

2019-ին Հայաստանը Հորդանանից ստացել է օգտագործված ՀՕՊ համակարգեր՝ ոչ մեծ քանակի: Մեր կողմից նկատենք, որ խոսքը «Oսա-ԱԿՄ» համակարգերի մասին է: 2019-ին Բուլղարիան Հայաստանին վաճառել է 500 հատ նռնականետ եւ 1094 հատ գնդացիր:

Իր հերթին Ադրբեջանը 2017-2018 թթ. Սլովակիայից հրետանի եւ Չեխիայից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է ձեռք բերել:

Սլովակական եւ չեխական զենքի՝ զարտուղի ճանապարհներով Ադրբեջան հասնելու, դրանում Իսրայելի ներգրավվածության մասին կարող եք կարդալ այս հղումով:

2019-ին Իսպանիան հակաօդային պաշտպանության ռադար է մատակարարել Ադրբեջանին: Այլ երկրներ Ալիեւի ռեժիմին փոխանցել են ոչ մեծ քանակի բաղադրիչ-սարքավորումներ: Օրինակ՝ 2019-ին Ռումինիան արտահանել է ականանետային նշանոցների եւ ռազմական էլեկտրոնիկայի պահեստամասեր: Ըստ «SIPRI»-ի՝ դեպի Ադրբեջան հնարավոր որոշ առաքումների վերաբերյալ մեծ անորոշություն կա: Այսպես՝ 2019-ին այդ երկիրը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում ֆրանսիական արտադրողների հետ՝ զրահատեխնիկա եւ ռոբոտացված զենք գնելու համար: Սակայն 2021-ին Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը պահպանում է ԵԱՀԿ-ի հայտարարած զենքի կամավոր էմբարգոն՝ ակնարկելով, որ Ֆրանսիան Ադրբեջանի զենքի մատակարար չէ:

2018-ի օգոստոսին «Հետքը» գրել էր 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո մեր թշնամու ձեռք բերած զենք-զինամթերքի մասին: Այս հոդվածը կարող եք կարդալ ստորեւ:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը նշում է, որ 2020 թ. պատերազմում Ադրբեջանի ռազմական գերազանցությունը ցույց է տալիս, թե ինչպես են ռազմական ոլորտում այդ երկրի եւ Հայաստանի՝ թե՛ քանակական, թե՛ որակական առումով ասիմետրիկ ներդրումները փոխել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջեւ: «SIPRI»-ն մյուս կողմից նկատում է, որ, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ռազմաշունչ հռետորաբանությունը 2020 թվականից դեռ շատ առաջ, այդ ասիմետրիան, թերեւս, Ադրբեջանի համար իջեցրել է ընտրության շեմը՝ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար դիվանագիտության հանդեպ գերադասելով ուժը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter