HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով անվավեր ճանաչեց «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակում առաջին համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Թեկնածուն չի ապահովել վերջին 4 տարում Հայաստանում մշտապես ապրելու օրենքի պահանջը:

Նիստին ներկա հանձնաժողովի 6 անդամից որոշմանը կողմ քվեարկեց 5-ը: Դեմ էր ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Վերջինս դեմ էր քվեարկել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության 11-րդ համարը զբաղեցնող Միհրան Պողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու որոշմանը:

ԿԸՀ նիստին մասնակցում էին Տիգրան Արզաքանցյանի և «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչները:

Զեկուցող, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ այսօր ստացվել է Անձնագրային և վիզաների վարչության գրությունը, ըստ որի՝ անհամապատասխանություն է առաջացել գրացման փաստաթղթերում: Մասնավորապես, Արզաքանցյանը ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ Հայաստանից բացակայելու ժամանակահատվածում ուսում է ստացել Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում: Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրագրություններից հետո պարզվել է, որ համալսարանը նման տեղեկանք չի տվել:

Հայաստանի ոստիկանությանը ուղարկած պատասխանում Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը հաստատել է, որ Տիգրան Արզաքանցյանը սովորել է համալսարանում, սակայն համալսարանից հեռացվել է 2017թ.-ին՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով: Այնինչ Արզաքանցյանի ներկայացրած տեղեկանքում ուսանող է եղել նաև 2018-2019թթ-ին:

Տ. Մուկուչյանը տեղեկանքների վերաբերյալ հարցեր ուղղեց Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչներին: Վերջիններս վարույթի նյութերին ծանոթ չլինելու պատճառաբանությամբ 30 րոպե ընդմիջում խնդրեցին:

Ընդմիջումից հետո Արզաքանցյանի ներկայացուցիչները 24 ժամ խնդրեցին նոր տեղեկանքներ ներկայացնելու համար: Նշեցին, որ տեղեկանքները սխալ ժամանակահատվածի համար են տրամադրվել: ԿԸՀ նախագահը հետաքրքրվեց, թե արդյոք փորձ արվել է դիմել բուհին՝ ասելու, որ սխալ տեղեկանք է տրամադրվել: Ներկայացուցիչը նշեց, թե չի կարող ասել:

Տիգրան Մուկուչյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Արզաքանցյանի ներկայացրած տեղեկանքի կնիքի էսքիզը ակնհայտորեն տարբերվում է նույն համալսարանի, նույն ռեկտորի կողմից տրամադրած այլ տեղեկանքներում առկա կնիքներից:

Բացի այդ, տեղեկանքներից մեկը ամիս, ամսաթիվ, համար ունի, մյուսը՝ ո՛չ համար, ո՛չ ամիս, ամսաթիվ: Երկուսն էլ տրվել է նույն բուհի, նույն ռեկտորի կողմից: Ներկայացուցիչն այս հարցին էլ չկարողացավ հստակ պատասխանել:

Անդրադառնալով լրացուցիչ ժամկետ տրամադրելուն` Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօր՝ ժամը 18:30-ին, ԿԸՀ-ն ևս մեկ նիստ է հրավիրելու, որի ժամանակ հաստատվելու է էլեկտրոնային քվեարկության քվեաթերթիկը: ԿԸՀ նախագահն ասաց, որ այնպիսի ժամանակային իրավիճակում են, որ հնարավոր չէ ժամկետ հետաձգել: Քվեաթերթիկի վրա պետք է լինի կուսակցության կամ դաշինքի առաջին երեք համարի թեկնածուների անունները:

Բացի այդ, Տ. Մուկուչյանը կասկածի տակ առավ 24 ժամվա ընթացքում նոր տեղեկանք բերելու հանգամանքը՝ հաշվի առնելով, որ պետական լիազոր մարմնի գրագրությունից հետո տեղեկությունը ստացվել է 6 օր հետո:

Նոր տեղեկանք բերելու հիմնավորմամբ ժամանակ խնդրեց նաև «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչը` «լավ մարդ է, բացառություն արեք» հիմնավորմամբ:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ եղած փաստաթղթերը բավարար են դիրքորոշում հայտնելու համար:

Լուսանկարը՝ Տ. Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter