HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իսկ ի՞նչ կանեիք դուք». Փաշինյանի հարցը նախկին երեք նախագահներին

Լոռու մարզի Օձուն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ քարոզարշավի շրջանակում պարբերաբար անդրադառնում է նախկին իշխանություններին: Ըստ Փաշինյանի` նախկին իշխանություններն են ամենատարբեր առիթներով իր մասին արտահայտվում, ինքն էլ պատասխանում է: Փաշինյանը հարց հնչեցրեց, թե ի՞նչ կանեին Հայաստանի նախկին երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպե՞ս կվարվեին ԼՂ-ի բանակցությունների հարցում, եթե իր փոխարեն լինեին:

«Սերժ Սարգսյանի ձեռամբ արդեն բացվել են 2018-ի բանակցային իրադարձությունները, արդեն բոլորդ գիտեք, որ Հայաստանին առաջադրվել էր տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը, թող կանգնեն ու ասեն, թե այդ պահից ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Երբ սրանից առաջ ասում էինք` դուք ինչ էիք անելու, ասում էին` դե տեղյակ չենք, հիմա բոլորդ ինֆորմացված եք, թող ասեն բոլորը ոնց էին պատկերացնում այդ կետից գործողությունների հետագա պլանը»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա` լուծումը պետք է լիներ մեկը, որ 2018-ի դրությամբ բոլոր առումներով, երկրի մարտունակության բարձր մակարդակ ապահովվեր և զուգորդվեր բանակցային գործընթացը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նախկին իշխանությունների ներկայացուցիչների այն պնդմանը, թե նախկինում բանակում սննդի խնդիր չի եղել, նա պատմեց, որ վարչապետ ընտրվելուց հետո մեկնել էր առաջնագիծ, այնտեղ փորձարկել սնունդը և մեկ ժամ անց իր զգացողությունը վատացել էր: Փաշինյանն ընդգծեց` դա ուտելիքի հարց չէ, այլ զինվորի մարտունակության բարձրացման, զինվորը ամենաբարձր զգոնությամբ պետք է իր ծառայությունն իրականացնի, սակայն նման սննդով դա հնարավոր չէր:

Փաշինյանը հեգնեց` երբ նախկին իշխանություններն ասում են սննդի խնդիր չի եղել բանակում, հավանաբար նկատի ունեն այն, որ զինվորների ընտանիքներն այն ամեն ինչ հարկավոր է եղել, ուղարկել են:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունը խորհրդարանական ընտրություններից հետո առանցքային նպատակ պետք է դառնա:

Լուսանկարը` ՔՊ ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter