
«Հարցումները եւ այս աղետալի ընտրարշավի ընթացքը ցույց են տալիս, որ երկիրը գնում է դեպի երկար քաղաքական ճգնաժամ»
«Հետքի» հարցերին պատասխանում է ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանը
-Նախորդ ամիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին առաջարկել է սահմանային իրավիճակի հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ապա նշել, որ, համաձայն ՄԱԿ-ի անվտանգության մանդատի, անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան կարող է ռազմական օգնություն ցուցաբերել։ Ինչո՞վ եք պայմանավորում նման առաջարկը։
-Ֆրանսիան գոհ չէ ռուս-թուրքական տանդեմից: Մի քանի անգամ հասկացրել է, որ պետք է հաշվի առնել հայկական շահերը: Նա պատրաստ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հասցնել հայ-արբեջանական խնդիրը՝ միաժամանակ տեղյակ լինելով իր մանեւրելու հնարավորությունների սահմանների մասին:
Որպես հիշեցում. Փարիզը չունի ոչ մի լուրջ աշխարհառազմավարական հետաքրքրություն այս տարածաշրջանի նկատմամբ: Այն նրա ավանդական ազդեցության գոտին չէ՝ բացի Ղարաբաղյան հակամարտության խնդրի հավասարակշռված մոտեցում ապահովելուց: Չնայած նախագահ Մակրոնի բարեկամության եւ աջակցության հայտարարություններին՝ այս փուլում ֆրանսիական ռազմական օգնության առաջարկի մասին խոսելը պատեհ չէ: Եվ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի՝ ոչ ոք դա չի հիշատակել, Ֆրանսիայում այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Ֆրանսիայի ոչ մի պաշտոնյա չի հաստատել կամ հերքել Հայաստանի վարչապետի խոսքերը: Հետեւաբար, մենք պետք է չափազանց զգույշ մնանք եւ չսնվենք կեղծ սպասումներով:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանը չօգտվեց կամ չի օգտվում Մակրոնի առաջարկից։ Արդյոք զգուշանում է Ռուսաստանի՝ որպես դաշնակցի արձագանքից։ Հաշվի առնենք նաեւ, որ օրերս Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հեռախոսազրույցից հետո Լավրովը ակնարկել էր, որ բանակցային գործընթացին միջազգային որեւէ կազմակերպություն կարող է միանալ այն դեպքում, եթե դրան համաձայնեն թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն։
-Որպեսզի առիթը օգտագործվի, նախագահ Մակրոնի առաջարկը դեռ պետք է իրական լինի: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ ոչ մի կոնկրետ բան չկա:
Խորհրդակցությունները Փարիզի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվում են ՝ առանց Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու: Թույլ դիրքում գտնվող Թուրքիան որոշել է «դրական օրակարգ» մշակել արեւմտյան մայրաքաղաքների, նաեւ՝ Եգիպտոսի հետ, մի խոսքով՝ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ կան մեծ վեճեր: Ֆրանսիայից նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն այլեւս չունի արտաքին գործերի նախարարություն կամ պաշտպանության նախարարություն, որ երկիրն անօդաչու է: Այս անհանգստացնող իրողությունը խանգարում է մեզ նուրբ վերլուծություններ անել, քանի որ այժմ մեզ այլեւս ոչ թե վերլուծություն է պետք, այլ կոնկրետ գործողություն Հայաստանի եւ Արցախի հայության ճանաչված սահմաններն ապահովելու համար:
-Պարոն Եգավյան, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ Մինսկի խմբի խմբի համանախագահող երկրներին Ադրբեջանին բերել բանակցային սեղանի շուրջ, հատկապես այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն հայտարարում է հիմնահարցն այլեւս լուծված լինելու մասին։
-Մինսկի խումբը չունի հակամարտության կարգավորման բանալին, բայց այն փաստը, որ այն շարունակում է գոյություն ունենալ, շատ նշանակալի է: Մենք պետք է փնտրենք Մինսկի խմբի թուլացման պատճառները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք բավարարված չեն ներկայիս ձեւաչափով: Պետք է հաշվի առնել նաեւ Երեւանի եւ Ստեփանակերտի 20 տարվա ինքնասպանության քաղաքականությունը, որոնք, չնայած ուժերի գերբարենպաստ հավասարակշռությանը, չէին ցանկանում բանակցել Բաքվի հետ: Դրանում հայերն ունեն նաեւ իրենց պատասխանատվության բաժինը: Ռուսները շահագրգռված են պահպանել Մինսկի խումբը, ինչը նրանց տալիս է լեգիտիմություն եւ զգալի կշիռ տարածաշրջանային խաղում, Մոսկվան լծակներ է պահում Ադրբեջանի վրա. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, նույնիսկ նվաստացած ու թուլացած՝ Մինսկի խումբը համաձայնություն է պահպանում:
-Հայաստանում այժմ նախընտրական փուլ է։ Ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարող են արձանագրվել նոր իշխանության օրոք Ղարաբաղյան հարցի, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության նվազման ուղղությամբ, եւ ի՞նչ հնարավոր սցենարներ կլինեն, եթե գործող իշխանությունները վերընտրվեն։
-Սահմանազատման մասին համաձայնագրի հիման վրա երկկողմ հարաբերությունների «նորմալացման» սցենարին հասնելու համար ապագա ղեկավար կազմը դեռ պետք է ունենա ժողովրդական ամուր հիմք: Այնուամենայնիվ, հարցումները եւ այս աղետալի ընտրարշավի ընթացքը ցույց են տալիս, որ երկիրը գնում է դեպի երկար քաղաքական ճգնաժամ:
Ընտրարշավը ցույց է տալիս հայ քաղաքական դասակարգի մակարդակի մտահոգիչ դեգրադացիան՝ արժանի ոչ մի բանավեճ, ընդհանուր շահի շփոթեցնող արհամարհանք, առողջ բանականության բացակայություն:
Ես նաեւ նշում եմ, որ սփյուռքն անտեսվում է, ինչն արտացոլում է կողմերի հետաքրքրության պակասը այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են ժողովրդագրությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը եւ հասարակական կյանքի թափանցիկությունը:
Մեկնաբանել