
Մարտին Սարգսյան. «Պատերազմից հետո հասկացա, որ իմ «կռիվն» ավարտված չէ, պետք է նոր ծրագիր սկսեմ, եղածն էլ՝ զարգացնեմ»
«Նպատակները երեխաների նման են, հենց ծնվում են, պիտի սկսես փայփայել, սնել, մեծացնել, զարգացնել: Ու ինչքան շատ են իրենք` էնքան շատ ջանք են քեզանից խլում, բայց չպետք է կես ճանապարհին կանգ առնես,-ասում է «Սարգսյան մեղր» ապրանքանիշի հիմնադիր Մարտին Սարգսյանը,-մենք տոհմիկ մեղվաբույծներ ենք՝ 150-ամյա պատմությամբ: Իմ նախնիները մեղվաբուծությամբ սկսել են զբաղվել 1864թ-ից ու շղթան երբեք չի ընդհատվել: Պապիս պապը, իմ պապն ու հայրը պարզապես ստացել են մեղրն ու վաճառել, ինչպես բոլոր մեղվաբույծները: 21-րդ դարում հնարավոր չէ միայն այդ կերպ զարգանալ եւ ես ուզեցի ավելին անել»:
Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում տուրիզմի զարգացման ծրագրին «Հետք»-ն անդրադարձել է 2019թ-ին: Երեք տարի առաջ սկսած շինարարական աշխատանքները հյուրատան տարածքում լիովին ավարտված չեն: Անցած տարի հարկ եղավ եւս մեկ հողե բլուր հեռացնել եւ տարածքն ազատել երկու նոր կառույցի համար:
«Ընդհանրապես, երբ այս տարածքում շինարարություն էի սկսում, հյուրատան գաղափարը չկար, դա ավելի ուշ եկավ,-խոստովանում է Մարտինը,-հետո արդեն պիտի ծնվեր մեղրի համտեսի սրահի ծրագիրը, շարունակության մեջ պիտի արտադրամաս հիմնելու գաղափարն առաջ քաշվեր, եւ հիմա էլ՝ ապիթերապիան: Եթե նկատում եք, բոլորի հիմքում մեղրն է: Իհարկե այս ընթացքում եղել են տատանումներ, հիասթափություններ, անկումային տրամադրություն, բայց դրանք շատ կարճ տեւեցին: Գուցե տարօրինակ թվա, բայց ասեմ, որ ամեն մի ռիսկ ինձ համար մարտահրավեր է: Հնարավոր է շատերը թեւաթափ լինեն, ինձ մոտ հակառակ պրոցեսն է սկսվում՝ ես գործի եմ անցնում»:
2020թ-ի ճգնաժամը՝ պայմանավորված վիրուսային համաճարակով, չշրջանցեց նաեւ Սարգսյաններին: Գարնան երկու ամիսն անցավ մեկուսացման պարտադրանքով: Գյումրիից ընտանիքով տեղափոխվեցին գյուղ: Մտածեցին, եթե զբոսաշրջիկներ չեն գալիս Մեծ Սարիար, գուցե իրենք փորձեն վայելել գյուղական կյանքը: Մարտինն ասում է, որ պարտադրված արձակուրդով սկզբում ինքն էլ է ուրախացել: «Մտածեցի՝ երկար տարիներ աշխատել եմ, արձակուրդ չեմ գնացել, ժամանակն է, որ մեկ ամիս գոնե հանգստանամ, բայց էդ մտքերը տեւեցին ընդամենը 3 օր: Չորրորդ օրվա լուսաբացին, երբ բակում սուրճ էի խմում, հասկացա, որ մեջքի վրա պառկելն ու ոչինչ չանելն աշխարհի ամենասխալ բանն է: Հասկացա նաեւ, որ նպատակների ու երազանքի հետեւից գնալով ավելի դրական լիցքեր կստանամ, քան պասիվ հանգստից: Ու էդտեղ իմ արձակուրդը վերջացավ»,-զրուցակիցս ծիծաղում է:
Պատմում է, որ բավական ժամանակ է կորցրել արտադրամասի համար Մեծ Սարիարում համապատասխան տարածք կամ շինություն փնտրելու վրա: Ի վերջո որոշում է կայացրել հյուրատան հարակից տարածքի հողե բլուրը հեռացնել: «Արտադրամասի ծրագրին աջակցել է USAD-ի RED-NEO ծրագիրը CARD հիմնադրամի միջոցով՝ ներդրումային գումարի 30/70 հարաբերակցությամբ: Իրենք տվել են 15 հազար դոլար, այսինքն ծրագրի 30 տոկոսը: Դրանով անհրաժեշտ սարքավորումներն ենք ձեռք բերել: Իմ ներդրումը երկհարկանի շինությունն է, որի առաջին հարկում գործելու է մուրաբաների պատրաստման արտադրամասը, իսկ վերեւում՝ 4 առանձնասենյակից բաղկացած փոքրիկ հյուրանոց: Աշխատանքները դեռ ավարտված չեն՝ քովիդն իր հերթին խանգարեց, դե պատերազմի մասին էլ չխոսեմ: Էս դեպքում հոգեբանական ճնշվածությունն ավելի մեծ էր,-նկատում է զրուցակիցս,-սա ըմբոստության քայլ էր ինչ որ արեցինք քովիդի ու պատերազմի ժամանակ: Ամեն մեկս մեր կռիվն ունեինք ու փորձեցինք մեզ բաժին հասած ճակատամարտում հաղթող դուրս գալ»:
Արցախյան 44-օրյա պատերազմը Մարտինի համար միայն աշխատանքային դադար չէր: Պատերազմը տարավ շատ հարազատ մարդկանց՝ այրունակցի եւ ընկերների: Գերիշխողը սկզբում ցավն ու հիասթափությունն էր՝ ընդհուպ մինչեւ երկրից գնալու մասին մտքերը: «Բայց հետո սթափվեցի, որոշեցի, որ թեկուզ հենց հանուն իրենց չապրած կյանքի պիտի շարունակենք ապրել ու հզորանալ: Նախկինում էս ամենին որպես գործ էի նայում, որպես երազանքի, իսկ հիմա՝ իրենց կռվի, չապրած կյանքի շարունակության: Պատերազմից հետո հասկացա, որ իմ «կռիվն» ավարտված չէ, պետք է նոր ծրագիր սկսեմ, եղածն էլ՝ զարգացնեմ: Տղեքն իրենց կռիվը պատվով վերջացրեցին, մենք իրավունք չունենք մերը կիսատ թողնելու,-շեշտում է Մարտինը,- արտագաղթելն ընդամենը փախուստ է իրականությունից, ճիշտը մնալն ու զարգանալն է: Այդպես ծնվեց ապիթերապիայի գաղափարը»:
Ապիտնակը հյուրատան տարածքում վերջերս է հայտնվել եւ մեկ շաբաթից կարող է այցելուներ ընդունել: Մարտինը կատակով ասում է, որ իր բոլոր ծրագրերը կապված են մեղուների հետ եւ բնականաբար չէր կարող մեղվաբուժությունը՝ ապիթերապիան, շրջանցվել: «Իհարկե էն, ինչ անում ենք, նորություն չէ, ապիթերապիայով վաղուց են զբաղվում մարդիկ, հիվանդություններ են բուժում մեղվի կծոցով: Ալերգիկներին սա հարմար չէ, վերջիններիս համար ապիտնակն ուղղակի փրկություն է, քանի որ չկա անմիջական շփվում մեղվի հետ: Քովիդն ու պատերազմն առավել ազդել են մարդկանց նյարդային համակարգի վրա: Ապիթերապիան այս առումով շատերի համար ոչ դեղորայքային լուծումներից մեկը կարող է համարվել,-բացատրում է զրուցակիցս,-պետք է ընդամենը օրվա մեջ, երկու անգամ`20 եւ 30 րոպե, 10 րոպե ընդմիջումով, պառկել տնակում տեղադրված փայտե մահճակալի վրա»:
Ապիթերապիան կիրառվում է մի շարք հիվանդությունների՝ սիրտ-անոթային, շնչառական, սթրեսի, գերհոգնածության, օրգանիզմի կազդուրման ու իմունիտետի բարձրացման նպատակով: Ապիտնակում տեղադրված է 2 մահճակալ` յուրաքանչյուրում 4-ական փեթակ: Դրանք այնպես են ներկառուցված, որ չխանգարեն մեղուների աշխատանքին: Մեկուսացման մեխանիզմը բացառում է միջատ-մարդ սերտ շփումը: Այցելուն պարզապես տեղավորվում է մահճակալին եւ նախատեսված ժամանակահատվածում վայելում մեղուների բզզոցը, սենյակ թափանցող ակնամոմի ու ծաղկափոշու բույրը:
Գլխավոր լուսանկարում՝ Մարտին Սարգսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել