HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ներկայացրեց 15 հայ գերիների Հայաստան վերադարձի մանրամասները

Գավառում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 15 գերու Հայաստան վերադարձի մանրամասներին: Նա հայտնեց` գերիները րոպեներ առաջ հատել են են Հայաստանի սահմանը և գտնվում են Հայաստանում:

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` գերիները Ադրբեջանի Կարմիր կամրջով տեղափոխվել են Վրաստան, հետո Բագրատաշենով` Հայաստան, այժմ կտեղափոխվեն բուժզննության: Փաշինյանը հորդորեց հարազատներին ավելորդ աժիոտաժ չստեղծել, մի քանի ժամ էլ համբերել տեսակցելու համար:

«Մամուլում կար տեղեկատվություն, որ մենք ականապատ դաշտերի քարտեզ ենք փոխանցել Ադրբեջանին, դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, բայց ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտության մասին: Փաշինյանն ընդգծեց` խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո գերիների փոխանակման գործընթացին զուգընթաց պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել են Ադրբեջանի հետ, որպեսզի կառուցողական մթնոլորտ լինի գերիների, զոհերի մարմինների փոխանակման հարցում, սակայն ժամանակի ընթացքում Ադրբեջանը դադարեցրել է գերիների վերադարձը և դիմել միջազգային կազմակերպություններին` պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է քարտեզներ տրամադրելուց: Փաշինյանը մանրամասնեց` նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երևանում գտնվելու ժամանակ որոշ քարտեզներ ուղարկել է Բաքու:

«Մենք չենք ընկալում, որ քարտեզները փոխանակում ենք գերիների հետ, ընկալում ենք, որ քայլին պատասխանում ենք քայլով, պատրաստ ենք այս գործընթացը շարունակել և խնդիր ենք դրել առաջնահերթ, որ լիարժեք ավարտին հասցնենք գերիների վերադարձի գործընթացը»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր միջազգային գործընկերներին այս հարցում աջակցելու համար:

Փաշինյանը ընթերցեց գերիների անունները` Արթուր Ստեփանյան` Արմավիրից, Գեղամ Էլիբեկյան` Արտաշատից, Ալեքսան Սեդրակյան` Արմավիրից, Էրիկ Գասպարյան` Երևանից, Սաշա Բաբայան` Մասիսից, Արտակ Անդրեասյան` էջմիածնից, Էրիկ Խաչատրյան` Մասիսից, Նարեկ Սիրունյան՝ Հրազդան, գյուղ Քաղսիից, Սասուն Պետրոսյան` Արցախից, Վրույր Սարգսյան՝ Կոտայքից, Արմեն Բուդոյան` Գեղարքունիքից, Բորիս Օհանյան` Ալավերդիից, Արթուր Աբգարյան` Արմավիրից, Դավիթ Ոսկանյան` Արմավիրից, Արգամ Հունանյան` Արմավիրից:

Փաշինյանի խոսքով` այս խմբի մեջ են Վարդենիսից վերջերս վեց գերեվարվածներից չորսը, նաև` Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածներից մի քանիսը, նաև պատերազմի ընթացքում` հոկտեմբերին գերեվարված մի քանի հոգի:

Փաշինյանը վստահեցրեց` նախընտրելի անուններ չունի գերիների փոխանակման հարցում, քանի որ ՀՀ քաղաքացիների միջև չի կարող տարբերակում դնել:

«Ես չեմ կարող որևէ անուն տալ, որովհետև եթե մյուսների ընտանիքների հետ հանդիպեմ, չեմ կարող նրանց աչքերի մեջ նայել: Ես ասել եմ, որ մեզ համար միանշանակ է, որ մեր բոլոր եղբայրները պետք է վերադառանան, նրանցից ոչ մեկի մեջ տարբերություն չեմ դնում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (1)

TONY
Semantics and bull from the Armenian president. Something of a coincidence that the map was provided only when the prisoners were released was it not.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter