HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Տեղ համայնքի վարելահողերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումը շրջափակել էր 5 գյուղացու. բանակցություններից հետո նրանք վերադարձել են

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Տեղ և Արավուս բնակավայրերի վարելահողերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումը շրջափակել է 5 գյուղացու, վերցրել 3 մեքենա, 2 կոմբայն։ Գյուղացիները գնացել են իրենց վարելահողերում աշխատանքներ կատարելու, երբ ադրբեջանցիները մոտ 100 հոգանոց խմբով շրջափակել են նրանց։ Շրջափակման մեջ հայտնված մարդիկ Տեղի բնակիչներ են եղել։

Ռուսական կողմի միջնորդությամբ ժամեր տևած բանակցություններից հետո ադրբեջանցիները բաց են թողել գյուղացիներին ու վերադարձրել տեխնիկան։ Բանակցություններին մասնակցել է նաև Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, Արավուսի վարչակազմի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի տեղակալը։

«Հետքի» թղթակից Հակոբ Պողոսյանը ամբողջ ընթացքում եղել է դեպքի վայրում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական ու հայկական դիրքերն իրարից գտնվում են 15 մետր հեռավորության վրա։ «Ադրբեջանական ստորաբաժանման հրամանատարը կապվել էր Բաքու՝ գեներալ Քյազիմովի հետ, վերջինս հրահանգել էր, որ գյուղացիներին բաց թողնեն ու տեխնիկան էլ վերադարձնեն, բայց նաև փոխանցել էր  գյուղապետին ու գյուղացիներին զգուշացնել, որ հաջորդ անգամ, եթե մոտենան վարելահողերի տարածքին, կգերեվարվեն, իսկ տեխնիկան անվերադարձ կառգրավվի»,- ասաց Հակոբ Պողոսյանը։

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնում 7  բնակավայր՝ Արավուսը, Խնածախը, Խոզնավարը, Տեղը, Կոռնիձորը, Վաղատուրը, Քարաշենը։ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter