HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 13-ին, Կոտայքի մարզում են:

Եղվարդում Փաշինյանն անդրադարձավ երեկ Հայաստան 15 հայ գերիներիվերադարձի առնչությամբ ընդդիմախոսների քննադատությանը, թե ինչու է Ակնայի հատվածում ականապատման քարտեզներ տրամադրել, և արդյոք հնարավոր չէր այդ քարտեզների դիմաց ավելի շատ գերիներ վերադարձնել:

«Ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր` կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ, էնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունն ակնկալում էր, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, հիմա էլ սուգ են դրել, թե քարտեզները տվել են, ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց` ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձրել են, բայց այնպես չէ, որ բոլորն են վերադարձրել, մի փոքր մասն է: Ըստ վարչապետի պաշտոնակատարի` դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են, սակայն մի պահից սկսած՝ Ադրբեջանը դադարեցրել է գերիների վերադարձի գործընթացը: Իսկ վերադարձված քարտեզներն այն քարտեզներն են, որոնք Ադրբեջանի թիկունքում են, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում չեն: Փաշինյանի համոզմամբ` ոչ թե գերիների դիմաց քարտեզ են տրամադրել, այլ Ադրբեջանի արած քայլին քայլով են պատասխանել:

«Նման շահարկումները պետք է դատապարտվեն, 15 ընտանիք վերագտել է իրեն, սա կարևոր է նաև նրանով, որ մյուս ընտանիքների համար հույս է: Մենք խոսում ենք գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերականգնելու մասին, այն պետք է լինի շարունակական»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ միջազգային գործընկերները վստահեցրել են, որ պատրաստ են ջանքերը կրկնապատկել ու եռապատկել պրոցեսը շարունակական դարձնելու համար:

Փաշինյանը պատմեց, որ Եղվարդի մուտքի մոտ հեծանվորդների շարասյան են հանդիպել, և սա առիթ է հանդիսացել, որ բարձրաձայնի իր գաղափարը` ամեն տարի կազմակերպել ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդների հեծանվավազք: Նա հավելեց` Սուրեն Պապիկյանն էլ առաջարկել է այն կազմակերպել Սևանա լճի շուրջ:

«Ես առաջարկում եմ օգոստոսի 1-ին Սևանա լճի շուրջ հեծանվային մրցույթ իրականացնենք 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով: Սա իրականացնենք որպես Հայաստանում առողջ ապրելակերպի հիմնադրման գործողություն»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև անվտանգության խնդրի մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ և հրաժարվում են դուրս գալ Հայաստանի սահմանից: Փաշինյանը հիշեցրեց իր առաջարկը, ըստ որի՝ թե´հայկական, թե´ ադրբեջանական ստորաբաժանումները հայելային տարբերակով դուրս են գալիս այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ, ապա միջազգային հովանու հերքո սկսվում է սահմանի այդ հատվածի դեմարկացիա և դելիմիտացիա:

Փաշինյանի համոզմամբ` այս բառերով փորձելու են վախեցնել հանրությանը, ուստի կոչ արեց դեմարկացիա և դելիմիտացիա բառերից չվախենալ, քանի որ «դեմարկացված ու դելիմիտացված սահման նշանակում է պարիսպ երկրի շուրջ»:

«Այդ պարիսպը պետք է կառուցենք, և դա կապ չունի ԼՂ հարցի բովանդակային կարգավորման հետ»,-պնդեց նա:

Անդրադառնալով ընդդիմախոսների ակնկալիքներին` Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանում իշխանություն չի փոխվելու, և դա ոչ թե ինքն է ասում, այլ` ժողովուրդը: Ըստ նրա, եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պետք է փոխվի, կառավարությունը հինգ րոպեում կփոխվի, իրենք ժողովրդի կայացրած որոշմանը ենթակա են:

Նա կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով:

«Երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա, պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց`քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ արեց քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Նա կոչ արեց գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը:

«Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայն հավաքի ընտրություններում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ի սկզբանե Փաշինյանը 60%-ի մասին էր հայտարարում, սակայն Սպիտակում նրան ուղղեցին` ասելով, որ հարկավոր է 63% քվե, ինչից հետո նա այդ թիվն է նշում: Հավաքվածներն արձագանքեցին` թող 70% լինի, Փաշինյանն էլ պատասխանեց` որքան շատ լինի` քաղաքացիների պատիվն է:

Այսօր քարոզարշավի վեցերորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, հունիսի 10-ին` Լոռու մարզում, հունիսի 11-ին Տավուշում էր, երեկ`  Գեղարքունիքում, այսօր` Կոտայքի մարզում, իսկ երեկոյան սպասվում է քայլերթ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter