HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Կարող եք չմտահոգվել»․ Քոչարյանը՝ Տավուշի անկլավային գյուղերի մասին

Դիլիջանում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց Տավուշի անկլավային գյուղերի ճակատագրի մասին։ 

«Ճի՞շտ եք համարում, հենց այնպես, ինչպես մնացած տարածքները, վերցնել ու տալ»,- հարցրեց քաղաքացին։

Քոչարյանը հարցին հարցով արձագանքեց․ «Իսկ դուք մտածու՞մ եք, որ այս իշխանությունը վերարտադրվելու է ամսի 20-ին»։

«Միանշանակ ո՛չ»,- պատասխանեց քաղաքացին։

«Եթե ոչ, ուրեմն կարող եք մտահոգ չլինել այդ տարածքների հետ կապված»,- հետևեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։

Քաղաքացիների մյուսի հարցը վերաբերում էր երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամին։ Իշխանության գալու դեպքում «Հայաստան» դաշինքը խոստանում է նաև շատ արագ երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից՝ կարճ ժամանակահատվածում երկնիշ տնտեսական աճ ապահովելով։

«Մեկ անգամ արել ենք, հիմա էլ դուբլ ենք անելու։ Երկնիշ տնտեսական աճը նշանակում է, որ բոլորիդ եկամուտները ավելի արագ տեմպերով են աճելու, ամեն տարի, 10-12 տոկոսը ապահովվելու է»,- նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանը կորցրել է իր ներդրումային գրավչությունը, քանի որ կառավարման ճգնաժամ է ստեղծվել։ Երկրորդ նախագահը վստահեցնում է, որ իրենք շատ արագ վերականգնելու են պետության կառավարելիությունը և ներդրումների համար կայուն միջավայր են ձևավորելու։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 7-րդ օրը, Տավուշի մարզում էր։ Նախքան Դիլիջանը՝ դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունեցել Նոյեմբերյանում, Բերդում և մարզկենտրոն Իջևանում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter