
Փաշինյանի համոզմամբ` քաղաքացիներն իրենց քվեարկությամբ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը կտան
Այս ընտրություններով քաղաքացիները հնարավորություն ունեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու:
Արարատում նման միտք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա փետրվարից վերոնշյալ քրեական գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է: Ճիշտ է, նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի պատճառով քննչական գործողություններ տեղի չեն ունեցել, սակայն ԱԱԾ-ն այժմ շարունակում է գործի նախաքննությունը:
«Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա` ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, և բոլոր միջոցները գործադրվեն: Եվ դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` ժողովուրդը հունիսի 20-ին որոշելու է, թե ով է լինելու իշխանություն, նա ասաց` ինքը վարչապետ է, երկրի ղեկավար, սակայն ոչ իշխանություն: Ըստ Փաշինյանի` նախկին իշխանությունները փորձում են ժողովրդից խլել իշխանությունը:
«Քո իշխանության քվեաթերթիկի համարը 3-ն է, դուք, ընտրատեղամաս գնալով, քվեարկելու եք ոչ այնքան մեր օգտին, որքան ինքներդ ձեր օգտին` արձանագրելով, որ էս երկրի տերն ու տիրակալն եք»,- ասաց նա` դիմելով հավաքվածներին:
Մեկնաբանել