HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Փաշինյանը «կատարյալ աբսուրդ է» համարում ականապատ դաշտերի քարտեզները Ռուսաստանից թաքցնելու լուրերը

«Մենք ականապատ դաշտերի քարտեզներ չենք փոխանակել գերիների հետ, մենք ուղղակի կառուցողական քայլին կառուցողական քայլով ենք պատասխանել»,- այս մասին հունիսի 14-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ 15 հայ գերիների Հայաստան վերադարձի դիմաց Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ փոխանցելու քայլին։

Նա հավաստիացրեց, որ ունեցածոչ բոլոր քարտեզներն են փոխանցվել. դրանց փոքր մասն է տրվել։ Ըստ Փաշինյանի՝ խոսքն այն տարածքների քարտեզների մասին չէ, որոնք բաժանում են Հայաստանը և Ադրբեջանը, այլ՝ այն տարածքների, որոնք իրադարձությունների բերումով գտնվում են ադրբեջանցիների թիկունքում։ 

Փաշինյանի խոսքով՝  կարելի է արձանագրել, որ ոչ թե ուղղակի 15  գերի է վերադարձել, այլ՝ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է, որը բավականին երկար ժամանակ ընդհատվել էր։

Վարչապետի պաշտոնակատարը «կատարյալ աբսուրդ» անվանեց ականապատ դաշտերի քարտեզները Ռուսաստանից թաքցնելու մասին լուրերը։

«Ընդդիմադիր շրջանակները և լրատվամիջոցները բամբասանքներ են տարածում, թե իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզների գոյությունը։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև նախ՝ մինչև այս մենք ադրբեջանական կողմին ինչքան փոքր ականապատ դաշտերի քարտեզներ փոխանցել ենք, արել ենք բացառապես ՌԴ մեր գործընկերների միջոցով, ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Նախ՝ ես ինքս եմ ասել, որ կան այդպիսի քարտեզներ, և մենք պատրաստ ենք քայլին քայլով պատասխանել։ Ավելին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզների օրինակները, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։  Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ փորձում են սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մեջ, ինչ-որ լարում ստեղծել, բամբասանքներ ստեղծել։ Դա չի ստացվի, որովհետև մենք շնորհակալ ենք ոչ միայն ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ մեր գործընկերներին, որ նրանք վերջին մեր 15 գերեվարված հարազատների հարցում շատ մեծ գործ են արել, բայց դրանից առաջ ՌԴ ներկայացուցիչները շատ արդյունավետ աշխատել են, և նախկինում վերադարձած ավելի քան 50 գերիները ՌԴ իշխանությունների ջանքերի շնորհիվ են վերադարձել։ Ես համոզված եմ, չեմ էլ կասկածում, որ ոչ մի րոպե ՌԴ մեր գործընկերները գերիների վերադարձի հարցը չեն մոռանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել  ՌԴ նախագահի հետ, այս տարի անգամ դեմ առ  դեմ հանդիպում են ունեցել, և հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է գերիների վերադարձի հարցը։ 

«ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է այդ հարցով զբաղվել այս ընթացքում, և ես համոզված եմ, որ շարունակելու է զբաղվել։ Բայց մենք էլ հասկանում ենք, որ դա ոչ միայն այլ երկրների անելիքն է, այլ առաջին հերթին մեր անելիքն է։ Մենք միշտ ասել ենք, որ կառուցողական քայլերին պատրաստ ենք պատասխանել կառուցողական քայլերով»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ 

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter