
Վարչական դատարանն անվավեր չճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող ԿԸՀ-ի որոշումը
Վարչական դատարանը երեկ ուշ երեկոյան, հինգ դատավորի կազմով (նախագահող դատավոր՝ Գրիգոր Առաքելյան) մերժել է «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության առաջին համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Արզաքանցյանը դատարան էր դիմել հունիսի 12-ին և պահանջում էր անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը, որով անվավեր է ճանաչվել, որպես թեկնածու իր գրանցումը:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը 25.05.2021թ.-ին Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրրել «Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան - Մոսկվայի ճարտարապետական շինարարական ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության 19.05.2021թ. տեղեկանքը: Ըստ դրա՝ սկսած 24.02.2018թ. մինչև 14.06.2019թ. ընկած ժամանակահատվածում Արզաքանցյանն ուսանել է բակալավրիատի «Պետական և մունիցիպալ կառավարում» կրթական ծրագրով: Տեղեկանքը եղել է առանց համարի, ամսիս-ամսաթվի:
Նշված տեղեկանքի հիման վրա 26.05.2021թ.-ին Տիգրան Արզաքանցյանին տրվել է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021թ. մայիսի 31-ին կայացրել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին» թիվ 101-Ա որոշումը, որով գրանցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը գրանցվել է պատգամավորի թեկնածու:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը գրությամբ դիմել է «Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան - Մոսկվայի ճարտարապետական շինարարական ինստիտուտի» ռեկտորին, խնդրելով հայտնել՝ արդյո՞ք Տիգրան Արզաքանցյանի վերաբերյալ ներկայացված տեղեկանքները տրամադրվել են ինստիտուտի կողմից, եթե այո, ապա խնդրել է նաև հայտնել, թե իրականում որ ժամանակաշրջանում է ուսանել Տիգրան Արզաքանցյանը:
Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ստացվել է Մոսկվայի համալսարանի գրությունը, ըստ որի՝ Տիգրան Արզաքանցյանը, հեռակա կարգով սովորել է համալսարանի «Պետական ու մունիցիպալ կառավարում» ծրագրով ոչ թե 2018-2019թթ-ին, այլ՝ 01.10.2011թ.-ից մինչև 30.09.2017թ.: Այնուհետև հեռացվել է համալսարանից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը 10.06.2021թ. գրությամբ դիմել է ԿԸՀ նախագահին՝ հայտնելով, որ Տիգրան Արզաքանցյանը չի կարող համարվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացի, չունի նույն նորմերով ամրագրված՝ ընտրվելու իրավունք: Թեկնածուն չի համապատասխանում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու համար օրենքով պահանջվող ցենզին:
ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ վարույթ էր սկսել և անվավեր ճանաչել թեկնածուի գրանցումը:
Վարչական դատարանում Տիգրան Արզաքանցյանը քննարկման առարկա է դարձրել այն հարցը, որ ոստիկանությունը տեղեկանք է տրամադրել վերջին 4 տարում Հայաստանում մշտապես ապրելու վերաբերյալ, սակայն առանց այդ տեղեկանքն անվավեր ճանաչելու վարույթ է հարուցվել ԿԸՀ-ում և անվավեր ճանաչվել իր գրանցումը:
«Ստեղծվում է մի իրավիճակի, երբ անձի կողմից փաստացի ներկայացված են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր փաստաթղթերը, որոնք իրավաչափ են, անվավեր ճանաչված չեն, սակայն հանձնաժողովն իր որոշմամբ անվավեր է ճանաչում թեկնածուի գրանցումը, որը վերոգրյալի համատեքստում իրավաչափ չէ»,-դատարանում նշել են Արզաքանցյանի ներկայացուցիչները:
Դատարանն արձանագրել է, որ քննարկվող վարչական վարույթով վարչական մարմինն իրավացիորեն հիմք է ընդունել «Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան - Մոսկվայի ճարտարապետական շինարարական ինստիտուտի» կողմից ավելի ուշ տրված տեղեկանքում նշված ուսման ժամանակահատվածը, քանզի Արզաքանցյանի ներկայացուցիչը, մասնակցելով վարչական վարույթին, չի ներկայացրել որևէ նոր փաստ կամ ապացույց:
Դատարանը եկել է այն եզրահանգման, որ վիճարկվող ԿԸՀ-ն որոշումը կայացվել է իրավաչափորեն: Վարույթին մասնակցող Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցիչը չի ներկայացրել որևէ նոր տեղեկություն, ապացույց, ինչն էլ հիմք է հանդիսացել Մոսկվայի համալսարանի վերջին տեղեկանքը հիմք ընդունելու համար:
Մեկնաբանել