
«Պարտված ուժն ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկել». ՔՊ-ն փոխել է համապետական հանրահավաքի օրը
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր թիմակիցների հետ Սյունիքում է: Փաշինյանի կոչով վաղ առավոտից Հանրապետության հրապարակից ավտոերթ է մեկնարկել Սյունիք: Նրա խոսքով` բոլոր մարզերից ներկայացուցիչներ են եկել Սյունիք։
«Մենք ասում ենք ո՛չ, Հայաստանը մեկ է ու միասնական է: Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, Գյումրին, Լոռին, Տավուշը, և մենք կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ դեռևս մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումներին` նշելով, որ վերջիններս պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, և այդ տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը:
«Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և մեր պատկերացումը հետևյալն է` սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա: Մինչ այդ զորքերը պետք է հայելային տարբերակով վերադառնան մշտական տեղակայման վայրեր, և մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Այո, ես մտածում եմ և կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց մենք մեր միասնականությամբ պետք է քայլենք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն խոսեց նաև հունիսի 18-ին սպասվող համապետական հանրահավաքի մասին: Հիշեցնենք, որ մեկ ժամվա տարբերությամբ «Քաղաքացիական պայմանագիրը», և Հայաստան դաշինքը մտադիր էին Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրել: Փաշինյանն ասաց, որ քննարկել են ու որոշել համապետական հանրահավաք ու երթ իրականացնել հունիսի 17-ին՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակում:
«Եվ ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որը ջախջախիչ պարտություն է կրելու, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկել, որպեսզի հետո ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Այս հաշվարկը հաշվի առնելով` նրանց հետ այդ հնարավորությունը չենք տալու, իսկ հունիսի 18-ին ես խոսակցություն կունենամ ժողովրդի հետ»,-ասաց նա:
Փաշինյանը քննադատություն հնչեցրեց այն ՀՅԴ-ականների հասցեին, որոնք շեղվել են կուսակցության գաղափարախոսությունից և պնդեց` այն դաշնակցականները, որոնք կքվեարկեն «Պողոս Պողոսյանին սպանած ստահակների օգտին», նրանք իրավունք չունեն կրել հերոսական նախնի ուժի անունն ու դրոշը:
«Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել ապրիլի 24-ին, էս ընտրություններում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ դրոշը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի ութերորդ օրն է, Փաշինյանը քարոզարշավը սկսել էր հունիսի 7-ին Արմավիրի մարզից, հունիսի 8-ին Արագածոտնի մարզում էր, հունիսի 9-ին` Շիրակի մարզում, հունիսի 10-ին` Լոռու մարզում, հունիսի 11-ին Տավուշում, հունիսի 12-ին` Գեղարքունիքում, 13-ին` Կոտայքի մարզում, երեկ` Արարատում, այսօր և վաղը` Սյունիքում:
Մեկնաբանել