HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օր առաջ պետք է համապատասխան քայլեր իրականացնել կապիտուլյացիոն պատերազմի հետեւանքների վերացման համար»

«Հետքի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

-Պարոն Սարգսյան, վաղը՝ հունիսի 16-ին, Ժնեւում Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպումը շատերը բնորոշում են որպես պատմական։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից մեր տարածաշրջանին առնչվող հարցերի մասով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հարաբերական ակտիվացումը տարածաշրջանում։

-Հանդիպումն, իրոք, կարելի է որակել որպես պատմական ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների, մանավանդ՝ Բայդենի կողմից Ռուսաստանի նախագահի հասցեին անձամբ հնչեցրած հայտարարությունների ֆոնին։ Ցանկացած պարագայում, կարծես թե, երկու կողմերն էլ ցանկություն ունեն հարաբերությունների խորացման, քանի որ հասկանում են, թե երկկողմ հարաբերություններն ինչքանով են կարեւոր ոչ միայն երկու պետությունների, այլեւ համաշխարհային ամենատարբեր գործընթացների համար։ Այս առումով հանդիպումը, կարծում եմ, պատմական է, եւ լուրջ հարցեր կան քննարկելու երկու գերտերությունների առաջնորդների միջեւ։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին առնչվող հարցերին, ապա պետք է հաշվի առնել, որ վերջին հանդիպումներին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումների ժամանակ թե՛ անվտանգության հարցերով պատասխանատուների, թե՛ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներին քննարկվել է Հարավային Կովկասը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այնպես որ չեմ բացառում, որ բարձր մակարդակում կքննարկվի այս խնդիրը՝ մանավանդ, հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ Մինսկի խմբի համանախագահ պետություններ են։

-Օրեր առաջ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Հայաստան վերադարձավ 15 հայ գերի, որի դիմաց Փաշինյանի կառավարությունը թշնամուն տվեց Աղդամի շրջանի ականապատման քարտեզները։ Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին գործադրած ջանքերի համար։ Սա կարելի՞ է որոշակի ակնկարկ համարել ուղղված Ռուսաստանին առ այն, որ նա միակ միջնորդը չէ այս փուլում:

-Այս օրերին գերիների վերադարձի հարցը ընդհնարապես մեր օրակարգի կարեւորագույն հարցերից է։ Անձամբ իմ կարծիքով՝ բոլոր հնարավոր մեթոդները, միջոցները պետք է օգտագործել խնդրի արագ կարգավորման համար։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ դա ոչ թե գերիների վերադարձ էր, այլ, ըստ էության, փոխանակում։ Մենք ադրբեջանցիներին տվեցինք ռազմավարական նշանակության գաղտնի փաստաթղթեր, եւ դրա դիմաց մեր 15 հայրենակցիները վերադարձվեցին Հայաստանին։ Չեմ կարծում, որ այստեղ հակառուսական քայլ կամ պրոցես է պետք ձեռնարկել։ Կարծում եմ՝ նախաձեռնությունը եկել է Վրաստանից, եւ ԱՄՆ-ն հստակ աջակցություն է ցուցաբերել այդ նախաձեռնությանը։

-Ֆրանսիան Հայաստանին առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխել: Ըստ Փաշինյանի հայտարարության՝ Ֆրանսիան առաջարկել է նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը հրապարակային չարձագանքեց այս առաջարկին:

-Ընդհանրապես, պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում Ֆրանսիայից, եւ ինչ է Ֆրանսիան առաջարկում մեզ։ Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկման, ապա բանաձեւ ընդունելու՞ մասին է, թե՞ Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման մասին. սա այլ հարց է։

Հաշվի առնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը պարտադիր իրավաբանական ուժ չունեն, կրում են խորհրդատվական բնույթ, իսկ ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, դա լրիվ ուրիշ խնդիր է, եւ եթե ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն պիտի ներգրավել, սա նույնպես քննարկման առարկա է։ Անկեղծ ասած, չգիտեմ, թե հայկական կողմն ինչու, ինչ հիմնավորումներով է մերժել ֆրանսիական կողմին՝ արդյոք ցանկություն չունենք բանաձեւ ունենալու կամ խաղաղապահ առաքելություն ներգրավելու համար։ Սա բացառապես իշխանություններին է հայտնի։

-ԱԺ առաջիկա ընտրությունների արդյունքները ի՞նչ հնարավոր փոփոխությունների կարող են հանգեցնել տարածաշրջանում: Նկատի ունեմ՝ եթե իշխանության մնա գործող թիմը, եւ երկրորդ՝ ընտրվի նոր իշխանություն:

-Առաջիկա ընտրությունները չափազանց կարեւոր են, քանի որ էապես կարող են փոխել մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրը, ճարտարապետությունը, մեր բանակի պաշտպանունակության բարձրացման հարցը։ Ակնհայտ է, որ այսօր մեր երկրի անվտանգությունը, սահմանների անքակտելիությունը, տարածաշրջանային ամբողջականությունը վտանգված են։ Հնարավորինս շուտ, օր առաջ պետք է համապատասխան քայլեր իրականացնել կապիտուլյացիոն պատերազմի հետեւանքների վերացման համար։ Սա է ամբողջ իրավիճակը, եւ մենք հնարավորինս լուրջ պետք է վերաբերվենք այս ընտրություններին՝ հասկանալու յուրաքանչյուր քվեի պատասխանատվությունը, որը կարող է էական փոփոխություն ունենալ մեր տարածաշրջանի եւ մեր երկրի անվտանգության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter