
Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքում նախատեսվում է կառուցել սահմանապահ 8 ուղեկալ. հատկացվել է 2.5 միլիարդ դրամ
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզu Գորիս համայնքում անդրադարձավ Գորիս-Մեղրի սահմանային հատվածի պահպանության հարցերին:
«Հարավարևելյան սահմանը անցնում է Սյունիքի մարզով, որի համար առաջացել է ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայման հարց, այդ հատվածում նախատեսվում է կառուցել 8 ուղեկալ: Կառավարությունը 2,5 միլիարդ դրամ է հատկացրել, որ սահմանապահ ուղեկալներ կառուցվեն, և սահմանային պաշտպանությունը բարձր մակարդակով լինի: Այդտեղ մենք արագության խնդիր ունենք, մենք փորձում ենք ամեն ինչ օրինական ձևով անել, հիմա նույնիսկ հանձնարարում եմ, ասում եմ` գնացե'ք ուղիղ, առանց մրցույթի գնեք, բայց ընթացակարգերով անցնում են: Առաջիկայում մեր այս սահմանային հատվածը լիարժեք վիճակում կլինի»,- ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև Գորիսում ու Սիսիանում ի հայտ եկած արոտավայրերի և խոտհարքների սակավության մասին՝ պնդելով, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան 1 միլիոն հեկտար արոտավայր, որի ուղիղ կեսն է օգտագործվում:
«Մենք 500 հազար հա արոտավայր ունենք երկրում, որի վրա խոտն աճում, չորանում է բնական վիճակով, մենք խնդիր ունենք ճիշտ կառավարել ռեսուրսները: Մեր շատ արոտավայրեր ճանապարհների պատճառով անմատչելի են, և մենք արոտավայրեր տանող ճանապարհներ պետք է կառուցենք»,-ասաց նա:
Փաշինյանը վստահեցրեց՝ սյունեցի այն ֆերմերները, որոնք ունեն վարելահողերի կորուստ, կառավարությունը աջակցության ծրագրեր կմտածի վերջիններիս համար:
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց գորիսեցիներին պատերազմի օրերին տեղահանված արցախցիներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց՝ կառավարությունը գորիսեցիների զոհողությունները նկատել է ու վարձահատույց կլինի:
Մեկնաբանել