
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև Արցախի հիմնախնդիրը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ, կքննարկեն նաև Արցախյան հիմնախնդիրը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
ՌԴ նախագահի օգնականը նշում է, որ երկու երկրների առաջնորդները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային խնդիրներին և կքննարկեն Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում առկա իրավիճակն ու իրանական միջուկային ծրագիրը։
Ուշակովի խոսքերով՝ Բայդեն-Պուտին ծրագրի օրակարգը համաձայնեցված է։ Այնտեղ ներառվել են երկկողմ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային հակամարտություններին։ Քննարկման թեմաների շարքում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նախադրյալները, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, կլիմայի, Արկտիկայի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։
Բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները կունենան առանձին մամլո ասուլիսներ։ Միացյալ ասուլիս օրակարգով նախատեսված չէ։
Հունիսի 9-ի Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ միասին, մեկնել է Եվրոպա։ Սա ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի առաջին արտասահմանյան այցն է։ Բայդեն-Պուտին հանդիպումը կկայանա Ժնևում։ Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լուսանկարը՝ REUTERS / Alexander Natruskin/File Photo
Մեկնաբանել