HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

4.6% տնտեսական աճ՝ նախկին 1.4%-ի փոխարեն. ինչ հիմքերով է ԿԲ-ն վերանայել կանխատեսումը

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) կանխատեսում է, որ 2021 թվականին Հայաստանում 4.6% տնտեսական աճ կգրանցվի։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Գլխավոր դրամատունը բարձրացրել է տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը. նախորդ վերլուծության մեջ, որը հրապարակվել էր մարտին, կանխատեսվում էր 1.4% աճ։

Տնտեսական աճի ավելի լավատեսական կանխատեսումները Կենտրոնական բանկը բացատրում է արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում սպասվածից ավելի դրական զարգացումներով։ Եթե նախորդ վերլուծության մեջ ծառայությունների տարեկան աճը կանխատեսվում էր 1.2%, ապա նոր կանխատեսումներով այն 6.1% կլինի։ Իսկ արդյունաբերության ոլորտում 0.7%-ը վերանայվել է 4.5%-ի։ Կանխատեսումների բարելավման համար հիմք է հանդիսացել նաև արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների աճը: 

Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները (ՀՀ ՎԿ), այս տարվա հունվար-ապրիլին արդյունաբերության ծավալները Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 0.9%-ով աճել են։ Տվյալները վկայում են, որ այդ աճը գրանցվել է բացառապես հանքարդյունաբերության հաշվին, իսկ մշակող արդյունաբերության ծավալները դեռևս նվազում են։ Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 8.8% աճ, մինչդեռ մշակող արդյունաբերության ոլորտում՝ 3.9% անկում։ 

Մարտին Գալստյանը ևս նշեց, որ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, իսկ ավելի կոնկրետ՝ միջազգային շուկաներում մետաղների գների աճով։

«Ծառայությունների հետ կապված՝ տեսնում ենք տուրիզմի որոշակի ակտիվացում։ Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է լինելու, քան նախկինում կանխատեսում էինք։ Նաև սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում։ Մինչդեռ, մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- նշեց ԿԲ նախագահը։

«Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն»

Կենտրոնական բանկը գնահատում է, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում արձանագրվում են տնտեսական ակտիվության և համախառն պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի արագ աճի և մի շարք ապրանքային շուկաներում առաջարկի սահմանափակ հնարավորությունների հետևանքով հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր:   

Հայաստանը՝ լինելով ներմուծող երկիր, մշտապես «կլանում է» արտաքին աշխարհից եկող գնաճային ազդեցությունները։ Ըստ ԿԲ մասնագետների այդ ազդեցությունները դեռևս էական են։ 

Միևնույն ժամանակ, Հայաստանի ներքին տնտեսական զարգացումներից ևս կանխատեսվում են հիմնականում գնաճային ազդեցություններ. ավելացել է սպառումն ու ապրանքների, ծառայությունների նկատմամբ պահանաջարկը, որը ևս հանգեցնում է գնաճի։

Այս ամենը հաշվի առնելով՝ ԿԲ խորհուրդը այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5%:

Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Տոկոսադրույքի իջեցումը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Սա էլ իր հերթին նպաստում է բնակչության շրջանում փողի ու սպառման աճին։ Պահանջարկի մեծացումն էլ հանգեցնում է գնաճի։

Սակայն, երբ ԿԲ-ն բարձր գնաճի ռիսկեր է տեսնում, հակառակ կերպ է վարվում՝ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փորձելով զսպել սպասվող գնաճը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։

ԿԲ-ն այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է բարձրացնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ճիշտ է՝ վերջին տասը տարիներին այն ավելի բարձր մակարդակներում է եղել, սակայն հայտնի չէ, թե զարգացումների արդյունքում դեռևս որքանով կբարձրանա այն։ 

«Ընտրությունները  տնտեսության վրա մեծ ազդեցություն չեն ունենա»

Այս տարվա հունիսի 20-ին Հայաստանում սպասվող ԱԺ արտահերթ ընտրությունները, ըստ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի, էական ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա։ Համենայնդեպս, այդպիսի է սցենարը, որը ստացել են գլխավոր դրամատան մասնագետները՝ փորձելով գնահատել քաղաքական այս պրոցեսների ազդեցությունները տնտեսության վրա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter