HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը.  1.4% աճ՝ 2021-ին 

Առաջիկա ամիսներին գնաճի տեմպը Հայաստանում որոշակիորեն կարագանա, սակայն դա կարճաժամկետ կլինի, և մինչև տարվա վերջ այն աստիճանաբար կմեղմվի՝ հասնելով 4%-ի սահմաններին։ Այս մասին այսօրվա՝ մարտի 16-ի ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են 5.3%-ով (12-ամսյա գնաճ)։ Այս բարձր գնաճը Կենտրոնական բանկը պայմանավորում է ներմուծվող ապրանքների բարձր գներով, ինչպես նաև՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ։

Կանխատեսվում է, որ արտաքին աշխարհից եկող գնաճային ճնշումները կշարունակվեն առաջիկայում, իսկ ներքին տնտեսությունից ԿԲ Խորհուրդը գնաճային ազդեցություններ չի սպասում։ Այս կանխատեսումները հաշվի առնելով՝ գլխավոր դրամատունն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին։ Բանկերն էլ իրենց հերթին այդ գումարներով վարկավորում են բնակչությանը։ Այս գործիքով ԿԲ-ն փորձում է կարգավորել գնաճը և գների կայունություն ապահովել։ Երբ գնաճի ռիսկերը մեծ են լինում, ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, ցածր գնաճի պարագայում հակառակը՝ նվազեցնում։ Իսկ երբ առաջիկայի համար էական գնաճային ճնշումներ չի տեսնում, այն թողնում է անփոփոխ։

«ԿԲ-ի կողմից գնաճի վերահսկման դրամավարկային քաղաքականությունը միտված է ապագային։ ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառումը, ազդեցություն ունի ապագա գների վրա։ Ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը կյանքում մենք չենք տեսնում, շոշափելի չէ, բայց շատ կարևոր է՝ գնաճային սպասումները հասարակության շրջանում»,- նշեց Մարտին Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, երբ գնաճը 1.6%-ի շրջանակներում էր, արդեն իսկ ազդակներ կային, որ ապագայում այն արագանալու է։ Սա հաշվի առնելով՝ ԿԲ-ն միանգամից 1 տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Կանխատեսում. 1.4% տնտեսական աճ՝ 2021 թվականին

Գլխավոր դրամատան ներկա գնահատականներով՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 1.4%։

2020-ի տարեվերջին ունեցած գնահատականներով՝ Կենտրոնական բանկը 2% տնտեսական աճ էր կանխատեսում։ Սակայն, հաշվի առնելով, որ մի շարք ոլորտներում արձանագրվող անկումները զսպում են աճը, վերանայել է կանխատեսումները։ Բացասական միտումներ են գրանցվում, մասնավորապես, արդյունաբերության, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում։

Բանկերը համաներել են 2 մլրդ դրամի վարկեր

Հայաստանի բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով համաներել են 2020 թվականի սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմի ընթացքում վիրավորված և զոհված զինծառայողների  ու նրանց ընտանիքների վարկերը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ներված վարկերի մեծ մասը բաժին է հասել զոհված զինծառայողների ընտանիքներին: 

Մարտին Գալստյանն ընդգծեց, որ համաներման գործընթացը շարունակվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter