HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճն արագացել է, աշխատավարձը՝ նվազել. տարեսկզբի ոչ հուսադրող թվերը

2021 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 7.5%-ով։

2020 թվականին Հայաստանում գրանցված տնտեսական անկումային իրավիճակը փոխանցվել է 2021 թվական։ Տարին սկսվել է 7.5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմամբ։ Գնաճն արագացել է, միջին աշխատավարձը՝ նվազել։ Նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) օպերատիվ տվյալներից՝ տնտեսության ոլորտներից միայն շինարարությունն է փոքր աճ գրանցել այս տարվա հունվարին, այն էլ՝ զրոյին մոտ։ Արդյունաբերության, առևտրի ու ծառայությունների ծավալները շարունակում են կրճատվել երկնիշ տեմպերով։ 

Մասնավորապես, 2021 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 137 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10.8%-ով նվազել է։

Շինարարությունը կազմել է ընդամենը 12.6 մլրդ դրամ՝ աճելով 0.8%-ով։

Առևտրի շրջանառության ծավալները մոտ 187 մլրդ դրամ են, անկումը՝ 15.1%:

Իսկ ծառայությունների  ծավալը կազմել է մոտ 130 մլրդ դրամ՝ նվազելով 10.3%-ով։

Գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։

Այս անկումները պայմանավորված են ինչպես տնտեսական ներկա բարդ իրավիճակով, այնպես էլ՝  նախորդ տարվա հունվար ամսվա բարձր ցուցանիշների բազայով, երբ դեռ  կորոնավիրուսն ու պատերազմը չէին ազդել տնտեսության վրա։ 2020-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության տեմպերը բարձր էին (9.1%)։ Իրավիճակը փոխվեց մարտից սկսած։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2019 թվականի համեմատ, 7.5%-ով անկում է ապրել։ Առավել տեսանելի նվազում է գրանցվել առևտրի ու ծառայությունների ոլորտում։

Գնաճն արագացել է

 Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%։ Համեմատության համար նշենք, որ 2020-ի դեկտեմբերին գնաճը 3.7% էր կազմել։ Դա տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր գնաճն էր: 

Այս տարվա հունվարին այդ ռեկորդը «թարմացել է»։ Ընդ որում՝ սննդամթերքը, որն էական դեր ունի մեր սպառողական զամբյուղում, ավելի մեծ տեմպերով է թանկացել, քան ընդհանուր գնաճն է՝ 6.4%-ով։

Միջին աշխատավարձը նվազել է 

Ըստ Վիճակագրական կոմիտեի հաշվարկների՝ 2021 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 183 760 դրամ, որը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 3.8%-ով։

Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձը կազմել է 160 279 դրամ՝ նվազելով 0.1%-ով։

Ոչ պետական հատվածի աշխատավարձը՝ 194 873 դրամ, որը նվազել է 5.4%-ով։

Կրճատվում է նաև արտաքին առևտուրը

2021 թվականի հունվարին Հայաստանը մոտ 404 մլն դոլարի առևտուր է արել աշխարհի հետ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն 16.8%-ով նվազել է։

Մասնավորապես, արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 157 մլն դոլար՝ նվազելով 11.3%-ով։

Ներմուծումը կազմել է 247 մլն դոլար, որը նվազել է 20%-ով։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter