HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանևրելու փորձեր` Ամուլսարի շուրջ. ինչպես են թեկնածուները լուծելու Ամուլսարում առաջացած ճգնաժամը

Հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 25 կուսակցություններից ու դաշինքներից առանձին հարցումներով փորձել ենք պարզել, թե ինչպիսին է թեկնածու կուսակցությունների ու դաշինքների կամ դրանց առաջնորդների մոտեցումը Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ: Նրանց իշխանության գալու պարագայում ինչպե՞ս է լուծվելու Ամուլսարի անլուծելի թվացող թնջուկը: Արդյո՞ք շահագործման կողմնակից են, թե՞ գործընթացը կասեցվելու է, եթե տվյալ կուսակցությունը կամ դաշինքը իշխանություն ստանա երկրում:

Առայժմ մեր հարցումներին ոչ բոլոր կուսակցություններն ու դաշինքներն են պատասխանել: Այս հրապարակմամբ կանդրադառնանք այն պատասխաններին, որոնք արդեն ստացել ենք և այն ուժերի հրապարակային հայտարարություններին, որոնք քարոզարշավի ընթացքում անդրադարձել են Ամուլսարին: Ամուլսարի հարցը շահարկվում է տարբեր հարթակներում, սակայն հստակ քայլեր կամ դիրքորոշում քչերն են արտահայտում: 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել է Ամուլսարին: «Եթե Ամուլսարը պետք է Ջերմուկը դադարեցնի լինել առողջարանային քաղաք, ուրեմն չպետք է շահագործի»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Երկրորդ նախագահի կարծիքով, այն քննարկումները, որոնք եղել են երկրում Ամուլսարի շուրջ, քննարկումներ են եղել ոչնչի մասին: Գործող կառավարությունը մուրճը խփել է և’ նալին, և’ մեխին` ցանկանալով դուր գալ և՛ բնապահպաններին, և՛ ներդրողներին: Արդյունքում ո’չ ներդրողները, ո՛չ էլ ջերմուցկին է հասկացել, թե ինչ է լինելու վաղը:   

«Հայ ազգային կոնգրես»-ի համակարգող Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ իրենք ժամանակին հայտարարություն են տարածել և դիրքորոշում արտահայտել, ինչը չի փոխել: Նա հավելեց, որ իրենք հակված չեն ողջունելու նոր հանքարդյունաբերություն, առավել ևս, որ խոսքը վերաբերում է մի հանքի, որը շատ մոտ է գտնվում ժամանակին համամիութենական նշանակություն ունեցող Ջերմուկի առողջարանին, որտեղ բավականին լուրջ բժշկական և հանգստի ինդուստրիա կա, որը պետք է զարգացնել ու փայփայել, իսկ նման հանքի մշակումը միանշանակ կվնասի այդ ինդուստրիային: «Մենք, հակառակը, կողմնակից ենք, որ այնտեղ զարգանա բժշկական ինդուստրիան»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ը տեսնում է Հայաստանը որպես տեխնոլոգիապես առաջադեմ և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությամբ երկիր: «Այսինքն` մենք իրականում էկոլոգիական հարթությունը շատ բարձր ենք դնում Հայաստանի ապագայի մասին մեր պատկերացումների մեջ: Ինչ վերաբերում է կոնկրետ հանքարդյունաբերության ապագային, ապա Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը չպիտի կառուցվի հանքարդյունաբերության զարգացման վրա: Այնուամենայնիվ, սովետական ժամանակներից հասած հանքարդյունաբերության ժառանգությունը չպիտի կազմաքանդվի, որովհետև դրա շուրջ, այնուամենայնիվ, արդեն ավանդաբար ստեղծվել է սոցիալական լուրջ ենթակառուցածք: Բայց անգամ այդպիսի հանքարդյունաբերության վերաբերյալ մենք պիտի բարձրացնենք էկոլոգիապես մաքուր արտադրության պահանջները»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:

5165 շարժումը նույնպես հստակ քայլեր և ծրագիր չունի, թե ինչպես է պատրաստվում լուծել Ամուլսարի հարցը: Կուսակցության պատասխանում նշել են, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ որոշիչ դիրքորոշում ունենալու համար պետք է նախ իշխանության գալ և հնարավորություն ունենալ ծանոթանալ ամբողջ փաթեթին, ապա, կատարելով փորձագիտական լրջագույն ուսումնասիրություններ, ելնելով փորձաքննական եզրակացություններից, ամբողջի վերջնարդյունքում, ըստ օգուտի և վնասի համեմատականի՝ կայացնել վերջնական որոշում: Հակառակ դեպքում այս պահին կայացրած ցանկացած որոշում կլինի ընդամենը հուզական և անլուրջ:

«Պետք է միշտ հաշվի առնել, որ հողը և նրա ընդերքը միայն մեկ սերնդին չեն պատկանում, և անգամ տնտեսական լրջագույն անհրաժեշտությունից ելնելով էլ, կայացրած ցանկացած որոշում պետք է լինի նաև ապագայամետ»,- նշել են 5165 շարժման պատասխանատուները:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջնորդ, Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հակիրճ պատասխան է տվել. «Ամուլսարի մասով չունենք այն վստահությունը, որ այն անվտանգ է մարդկանց առողջության համար»:

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, ով Կարեն Կարապետյանի օրոք նրա խորհրդականն էր (2017-2018թթ.), համոզված է, որ Ամուլսարին նախ կարելի է անդրադառնալ օրենքի շրջանակներում: Այնուհետև` կազմակերպել հանրաքվե:

«Հաշվի առնելով հարցի` մի կողմից բնապահպանական, մյուս կողմից` տնտեսական կարևորությունը, համարում ենք, որ այդ հարցին կարող ենք անդրադառնալ ռեֆերենդումի սկզբունքով: Բայց ռեֆերենդումը չի կարող լինել մարզային, այլ պետք է լինի ամբողջ հանրապետության մասշտաբով»,- նշում է Մհեր Տերտերյանը:

Համայնքում անցկացնելու դեպքում, ըստ կուսակցության ղեկավարի, բացասական էֆեկտ կստացվի, և քանի որ Ամուլսարը ոչ միայն համայնքային, այլ բնապահպանական ու տնտեսական մասով երկրի համար կարևորություն ունեցող հարց է, ուրեմն ռեֆերենդումը պետք է անցկացնել հանրապետության ֆորմատով:

«Առաջնորդվելով դրա արդյունքներով` հարցին կկարողանանք հստակ լուծում տալ` անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ռեֆերենդումի արդյունքները կիրառվեն»,- ամփոփել է Մհեր Տերտերյանը:

Անդրիաս Ղուկասյանը, որը «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի հետ է մասնակցում այս ընտրություններին, ֆեյսբուքյան ասուլիսին Ամուլսարի մասին մեր հարցին շատ կարճ պատասխանեց` ոչ, Ամուլսարը չի շահագործվելու: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, կա ԷԼԱՐԴ-ի բացասական եզրակացությունը, որից բխում է, որ Ամուլսարի ընդերքօգտագործման թույլտվությունը տրամադրվել է խստագույն խախտումներով: Վարչապետի թեկնածուն վստահ է, որ եթե նմանատիպ հետազոտություն մյուս հանքավայրերում էլ կատարվի, նմանատիպ խախտումներ նաև այդ հանքերում կհայտնաբերվեն:

Անդրիաս Ղուկասյանն իրենց ծրագրի կետերից մեկին անդրադարձավ` նշելով, որ առաջարկելու են այդ ձեռնարկություններին իրենց բնապահպանական չափանիշները բարձրացնելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար անտոկոս վարկեր տրամադրել 5 տարի ժամկետով: Այդ վարկերը լինելու են նպատակային, որպեսզի ձեռնարկությունները արդիականացվեն, ու նվազեցնեն բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: 

«Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Հանրային հեռուստաեթերում երեկ հայտարարեց, որ պետք է փորձաքննություն իրականացվի, և եթե փորձաքննությունն ասի, որ շահագործումը մաքուր է, ապա պիտի շահագործվի:

«Գնում ենք ջերմուկցիներին ասում ենք` պիտի շահագործվի, եթե էդ պահին ջերմուկցին էլի ասում է` չէ, չպիտի շահագործվի, ուրեմն չի շահագործվի: Ջերմուկցին ավելի շատ շահ պիտի ստանա այդ հանքից, քան վնաս»,- ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, մեր հարցին պատասխանելիս, հստակ նշել է, որ դեմ է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և առհասարակ նոր մետաղական հանքերի շահագործմանը։ «Ուստի մեր քաղաքականությունը ուղղված է լինելու տվյալ խնդրի կարգավորմանը՝ հանքը չշահագործելու ճանապարհով։ Իհարկե սա չի բացառում տնտեսվարողի շահերի հաշվի առնումը, բայց այդ շահերի հաշվառումը չի կարող հանգեցնել հանքի շահագործմանը»,- հայտնել է ՔՈ-ն։

Մյուս կուսակցությունների ու դաշինքների պատասխանները ստանալու դեպքում ևս կներկայացնենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter