
«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը հունիսի 15-ին կայացավ Գյումրիում։
Քարոզարշավի ընթացքում խոսելով ուսանողների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները հաճախ դուրս են մնում համալսարաններից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ամենը բացասական կարող է ազդել սովորողի հոգեբանության վրա։
«Եթե մարդը գիտելիք ունի, ընդունվել ա, գալիս հասնում ա 3-րդ, 4-րդ կուրս, մեկ էլ ուսման վարձի պատճառով դուրս ա մնում, դուք պատկերացնու՞մ եք էդ երեխայի հոգեբանական վիճակը։ Էդքան չարչարվել, սովորել է, բա ծնողի վիճակը, ծնողի կյանքը մի 5 տարով կպակասի՝ իմանալով, որ իր երեխայի վարձը վճարելու հնարավորություն չունի»,- նշեց նա։
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ պետությունը ուսանողների հետ պայմանագիր կապի, ըստ որի՝ ուսման վարձը վճարում է պետությունը, առանց որևէ տոկոսների, ավարտելուց հետո պետությունը ուսանողին ապահովում է աշխատանքով, ուսանողն աշխատանքի ընթացքում, ստացած աշխատավարձից որոշակի տոկոսներ վճարելով փակում է ուսման վարձը։
Ծառուկյանը նկատեց, որ եվրոպական երկրների մեծամասնությունն աշխատում են հետևյալ սկզբունքով ու պետք է վարձավճարի հնարավորություն չունեցող ուսանողներին հնարավորություն տալ օգտվել որոշակի արտոնություններից։
Մեկնաբանել