HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի ու անհայտ 19 կազմակերպության դիտորդներ կհետևեն ընտրությունների ընթացքին

Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 19 հասարակական կազմակերպություն է գրանցվել: Միասին` նրանք 8749 դիտորդ են հավատարմագրել: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը հաստատեց, որ սա դիտորդական կազմակերպությունների վերջնական ցանկն է: 

1000-ից ավելի դիտորդ հավատարմագրել է 3 կազմակերպություն: Առաջատարը «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն է, որն ընտրություններին հետևելու է 1952 դիտորդով: Կազմակերպությունը գործում է 2000 թվականից, այն նախագահում է Հարություն Համբարձումյանը: ՀԿ-ն ընտրություններին սովորաբար հետևում է մեծ թվով դիտորդներով:

Հաջորդում են Արթուր Սաքունցի ղեկավարած «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը` 1033 դիտորդ և Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը` 1015 դիտորդ:

500-800 դիտորդ են հավատարմագրել` Սոնա Այվազյանի ղեկավարած «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը (788 դիտորդ), «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ը (636 դիտորդ), Հասմիկ Մկրտչյանի ղեկավարած «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը (559 դիտորդ), Լևոն Բարսեղյանի ղեկավարած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (524 դիտորդ), Կարինե Դավթյանի ղեկավարած «Կանանց իրավունքների տուն»-ը (523 դիտրոդ), «Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպությունը (510 դիտորդ) և Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոնը (508 դիտորդ): Այստեղ, ինչպես երևում է անվանումներից, ակտիվ են Գյումրիի ՀԿ-ները:

Այս յոթնյակից առավել հետաքրքիրը Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտն է, որի մասին համացանցում շատ քիչ տեղեկություններ կան, սակայն այն վերջին տասնամյակում կայացած գրեթե բոլոր ընտրություններին մեծ թվով դիտորդներ է գրանցել: «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Գրանցման հասցեն կազմակերպության գտնվելու վայրը չէ, այլ Դավիթ Մկոյանի բնակարանը, որը ՀԿ-ի նախագահն է։ Առավել մանրամասն անդրադարձ այս կազմակերպությանն արդեն եղել է «Հետք»-ում: 

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն էլ ղեկավարում է Գևորգ Քոթանջյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցություն համապետական ցուցակի 90-րդ համարն էր նախորդ ընտրություններում:

3 կազմակերպություն հավատարմագրել է 100-200 դիտորդ: Դրանք են` «Լեգալ պրոգրես իրավական ակումբ», «Արժանապատիվ սպա», «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ-ները:

«Լեգալ պրոգրես իրավական ակումբ» ՀԿ-ի նախագահը փաստաբան Կարեն Ղոնյանն է։

«Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահը նախկին պատգամավոր (1999-2003թթ.), գեներալ-լեյտենանտ Գագիկ Կոստանդյանն է։ 2010-2014թթ. եղել է ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:  ՀԿ-ի ֆեյսբուքյան էջը 2020թ. դեկտեմբերից չի թարմացվել: Կանոնադրությամբ այլ գործունեություն է նախատեսում` ուղղված ուժային կառույցների վետերանների իրավունքների պաշտպանությանը: Մեր հարցադրմանը, թե ինչպես է կազմակերպությունը իրականացնում դիտորդական առաքելություն, եթե այլ գործունեությամբ է զբաղվում, Գ. Կոստանդյանը նշեց, որ դիմել են ԿԸՀ, թույլատրել են, իրենք էլ իրականացնելու են դիտորդություն: Ավելին, 2017-ին նույնպես իրականացրել են: Սակայն քաղաքականությամբ հետաքրքրված չեն: «Եթե կհամարեն, որ սխալ են տվել, թող հետ վերցնեն,-նշեց նախկին պատգամավորը,- քաղաքականությանը չենք մասնակցում, բայց ուզում ենք, որ ընտրությունները լինեն օբյեկտիվ և օրինական, դրա համար դիմել ենք, որ մասնակցենք»: 

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. 

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին

2015թ. հիմնադրված «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ-ի նախագահը Հենրիկ Ավագյանն է: Այս կազմակերպության մասին տեղեկությունները համացանցում նույնպես սուղ են: 

Դիտորդական առաքելություն իրականացնող վերջին 6 կազմակերպություններից յուրաքանչյուրը գրանցել է 100-ից պակաս դիտորդ:

Դրանցից, օրինակ, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը նաև «Անտիֆեյք» կայքի հիմնադիրն է:

«Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ-ն ղեկավարում է կրթության փորձագետ, ԳԱԱ մագիստրատուրայի դեկան Ատոմ Մխիթարյանը: Ատոմ Մխիթարյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 44-րդ համարն է:  

Մեր հարցին` արդյոք շահերի բախում և օրենսդրական պահանջի խախտում չի տեսնում դրա մեջ, Ատոմ Մխիթարյանը պատասխանեց, որ որպես մասնագետ ո՛չ շահերի բախում, ո՛չ էլ օրենքի հետ հակասություն չի տեսնում: «Ինքս նաև ընտրական իրավունքի դասախոս եմ, բացի դրանից, որ ՀԿ-ի ղեկավար եմ, և այդ կարգերն ու օրենքները պահպանելով ենք մենք անում: Կազմակերպությունը որևէ մեկին չի աջակցում, և կազմակերպության մեջ նույնիսկ ներգրավված են հակադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք, որպես քաղաքացիներ, քվեարկում են այս կամ այն քաղաքական ուժի օգտին, ինչպես նաև իրականացնում են դիտորդական առաքելություն` որպես անկախ դիտորդներ: Շահերի բախում կամ հակասություն կլիներ, եթե ես ինքս ներգրավված լինեի որպես դիտորդ, կամ կազմակերպությունն ինչ-որ հայտարարությամբ հանդես գար, որ երևար, որ որևէ ուժի աջակցում է»:

Ատոմ Մխիթարյանը նշեց, որ ՀԿ-ն դիտորդական առաքելություն իրականացնում է դեռևս 2003 թվականից, և կազմակերպության նպատական է երիտասարդներին ներգրավել քաղաքական մակարդակում որոշումների կայացման գործընթացին:

«Քանի որ թեկնածու եմ, ես ինքս դիտորդ չեմ կարող լինել, դրա համար իմ անունը չեք կարող գտնել դիտորդների ցանկում: Բայց կազմակերպությունը պոտենցիալ ունի և ավելի քան 10 տարի զբաղվում է դիտորդական առաքելությամբ: Մարզերում ու Երևանում իրականացնելու ենք դիտորդական առաքելություն»,- նշեց թեկնածուն:

Նրա խոսքով, կազմակերպությունը բազմանդամ է, և տարբեր անդամներ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում` հակադիր ուժերի ցուցակներում են:

Դիտորդություն է իրականացնելու նաև 2019թ.-ին հիմնադրված «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, որի նախագահը Արա Սաղաթելյանն է` Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարը:

Դիտորդական առաքելություն կիրականացնի նաև ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներից «Հայաստանի ասորական «Խայադթա» ֆեդերացիա» ՀԿ-ն, որը գրանցվել է 2018-ին և ղեկավարում է Իրինա Գասպարյանը: Իրինա Գասպարյանը նաև «Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է և «Քրիստոնյա կանանց ֆորում» բարեգործական ՀԿ-ի խորհրդի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter