
Ն. Փաշինյան. «Հայաստանի ժողովուրդը պիտի իր պատասխանը տա Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանածներին»
Բոլոր այն ուժերը, որոնք փորձում են «խաղեր տալ ընդդեմ ժողովրդի», նրանց սպասում է դաժան ֆիասկո: Եղեգնաձորում նման համոզմունք հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Պահը հասունացել է, և Հայաստանի ժողովուրդը պիտի իր պատասխանը տա Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին սպանածներին, մեր երեխաների ապագան սպանելու փորձ արածներին, Մարտի 1-ի ոճրագործներին, Պողոս Պողոսյանին զուգարանում ծեծելով սպանածներին, սեփական երկիրն ու ժողովուրդը կեղեքածներին»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով` հունիսի 20-ին ժողովուրդն ընտրատեղամասերում պետք է վերահաստատի իր իշխանությունը` քվեարկելով 3-րդ քվեաթերթիկի օգտին: Ըստ նրա` քարոզարշավի ինն օրերն ապացուցել են, որ ժողովուրդն իր որոշումն արդեն կայացրել է:
«Եւ արձանագրվել է, որ ապագայի հաղթանակը այլընտրանք չունի, և մնում է դե յուրե գնալ ընտրատեղամասեր»,-ասաց նա:
Փաշինյանը պնդեց, որ ժողովրդի ցանկացած որոշում հնազանդորեն կընդունեն, եթե ժողովուրդն իր քվեարկությամբ որոշի, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, իրենք կհեռանան, ապա հավելեց` համոզված է, որ ժողովուրդն այս ընտրություններում հաղթելու է: Նա նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե իշխանությունն աթոռին կառչած է եղել` ընդգծելով, որ չեն ցանկացել ժողովրդի իշխանությունը փոխանցել ուրիշին, և այն, որ այժմ խորհրդարանն արձակված է, կառավարությունն էլ պաշտոնակատար, նրա ցուցիչն է, որ իրենք ժողովրդի իշխանությունը վերադարձել են վերջինիս:
Փաշինյանը նաև կոչ արեց իր համակիրներին հունիսի 17-ին ժամը 20:00-ին գնալ Հանրապետության հրապարակ` ՔՊ-ի համապետական հանրահավաքին:
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի իններորդ օրն է, հունիսի 7-ից սկսած Փաշինյանն այցելել է բոլոր մարզեր:
Մեկնաբանել