HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրանը փորձելու է տնտեսապես ակտիվանալ Սյունիքում՝ իր ներգրավվածությամբ փորձելով միջամտել Սյունիքի հետ կապված իրավիճակին»

Հարցազրույց իրանագետ Գարիկ Միսակյանի հետ

-Պարոն Միսակյան, հունիսի 18-ին Իրանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Ձեր ֆեյսբուքյան էջում նշել եք, որ սոցհարցումների եւ հասարակական տրամադրվածությունների համաձայն՝ այդ ընտրությունները լինելու են ամենացածր մասնակցությամբ ընտրություններն Իրանում՝ նաեւ բավական նվազեցնելով նախագահի ինստիտուտի դերը։ Ինչո՞վ է պայմանավորված դա։

-Մինչեւ նախագահական ընտրությունների հիմնական ընտրարշավն սկսելը Իրանում տեղի ունեցավ թեկնածուների ընտրություն։ Դրա արդյունքում հաստատվեցին մի քանի թեկնածուների անուններ: Բավականին մեծ հայտնիություն ունեցող Ալի Լարիջանիին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին: Եվ, կարծես, բարեփոխիչների ճամբարից որեւէ լուրջ թեկնածուի թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին:

Համաձայն սոցիալական հարցումների՝ նախագահական ընտրություններին մասնակցությունը բավական ցածր է լինելու՝ 50 տոկոս կամ փոքր-ինչ ավել: Դա պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ բարեփոխիչների ճամբարը չունի լուրջ ներկայացուցիչ ընտրություններում, եւ երկրորդ՝ թեկնածուներից Էբրահիմ Ռաիսիի հաղթանակը գրեթե կասկած չի հարուցում:

Իրանի հասարակակական շրջանակներում բավականին մեծ են դժգոհությունները ե՛ւ բարեփոխիչներից, ե՛ւ պահպանողականներից: Պահպանողականներից՝ Ահմադինեժադի, բարեփոխիչներից՝ Հասան Ռոհանիի կառավարման շրջանում ստեղծված դժվարությունների պատճառով: Նշվում է, որ տնտեսական, որոշ դեպքերում նաեւ քաղաքական առումով չարդարացվեցին այն սպասումները, որոնք կային Ռոհանիի ընտրվելու ժամանակ: Այսինքն՝ Իրանում նախագահի ինստիտուտի նկատմամբ վստահությունը բավականին թուլացել է նաեւ տնտեսական քաղաքականության պատճառով։

Սոցցանցային որոշակի քննարկումների համաձայն՝ Իրանում հնարավոր է նախագահի ինստիտուտի վերաձեւակերպում եւ վարչապետի նոր ինստիտուտի ներմուծում երկրի քաղաքական կյանք։

-Մի շարք փորձագետներ Իրանի նախագահի պաշտոնի համար առաջադրված 7 թեկնածուներից հավանական են համարում Էբրահիմ Ռաիսիի հաղթանակը։ Նրան համարում են նաեւ Իրանի հոգեւոր առաջանորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հավանական հետնորդ։ Դուք եւս նշում եք, որ Ռաիսիի հաղթանակը կասկածներ չի հարուցում՝ հիմնվելով սոցհարցումների վրա։ Նրա ընտրվելու դեպքում ի՞նչ հնարավոր փոփոխություններ են սպասվում Իրանում, ինչպես նաեւ տարածաշրջանում։

-Ե՛վ սոցհարցումների, ե՛ւ ընդհանուր հասարակական տրամադրությունների, ե՛ւ այս 7 թեկնածուների ճանաչվածության ու դիրքի առումով Ռաիսին անխոս առաջատարն է։ Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Ռաիսին որպես Իրանի դատական համակարգի ղեկավար բավական լավ է աշխատել, բարի համբավ է ձեռք բերել այդ ընթացքում: Այսինքն՝ կարելի է ասել, որ գրեթե կասկածներ չկան, որ նա հաղթելու է ընտրություններում։

Իսկ թե արդյոք նա կլինի հոգեւոր առաջնորդին փոխարինող, դեռ վաղ է խոսել դրա մասին։ Ճիշտ է, բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ կան ե՛ւ Իրանից, ե՛ւ դրսից, որ Ռաիսին համարվում է հոգեւոր առաջնորդի թեկնածու, սակայն Իրանում այդպիսի շատ լուրջ պաշտոնի հավակնորդների մասին քննարկումներին այդքան տեղի չեն տալիս։

Իսկ թե ինչ փոփոխություններ կլինեն Իրանում ու տարածաշրջանում ավելի պահպանողական թեկնածու Ռաիսիի հաղթանակի դեպքում, ապա պետք է նայենք պահպանողականների եւ բարեփոխիչների քաղաքականությունները՝ որպես օրինակ վերցնելով Ռոհանիին եւ վերջին պահպանողական նախագահին՝ Ահմադինեժադին: Արտաքին քաղաքականության մեջ, ի տարբերություն բարեփոխիչների՝ ի դեմս Ռոհանիի, ով առաջնային էր համարում տնտեսական ակտիվությունն ու համագործակցությունը հարեւանների հետ՝ որոշ առումներով նաեւ գաղափարական ու անվտանգային տեսանկյունները մի կողմ դնելով, պահպանողականներն ավելի կոշտ դիրքորոշում ունեն հատկապես Թուրքիայի, Իսրայելի եւ դրանց հետ համագործակցող մյուս պետությունների հանդեպ։ Այս դեպքում կարելի է ասել, որ Հայաստանը ավելի մեծ հաջողությամբ կարող է որեւէ հակաթուրքական կամ հակաադրբեջանական գործունեություն ծավալել Իրանի հետ: Կարծում եմ՝ Ռաիսիի հաղթանակի դեպքում ավելի շատ հեռանկարներ կբացվեն Հայաստանի տարածաշրջանային համագործակցության համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգային ոլորտներում։

-Նախորդ ամիս Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Երեւան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը հուսով է առաջիկայում ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում։ Մեկ անգամ չէ, որ Իրանը նման հայտարարություններով է հանդես եկել, սակայն այս անգամ այն հնչում է երկրի գլխավոր դիվանագետի կողմից։ Ի՞նչ նկատի ունի նա «ակտիվ ներկայություն ապահովել» ասելով։ Արդյոք Իրանում ռիսկեր են տեսնում՝ ուղղված իրենց տարածքային ամբողջականության խաթարմանը։

-Իրանում բավականին անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններից. նկատի ունեմ ե՛ւ Արցախյան պատերազմը, ե՛ւ դրան հաջորդած դեպքերը: Իրանում նաեւ հասկացել են, որ տարածաշրջանում այս պատերազմի ելքից եւ ստորագրված համաձայնագրից հետո բավականին մեծացել է Թուրքիայի ազդեցությունը: Թուրքիան Իրանի տարածաշրջանային մրցակիցն է, եւ Ադրբեջանի ու Կովկասում այլ պետության ակտիվացումը Իրանի շահերից չի բխում: Զարիֆի հայտարարության կոնտեքստում նաեւ ուշագրավ է այն, որ այնտեղ բավականին լուրջ անհանգստություններ կան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Դա Իրանում գնահատվում է հայ-իրանական ցամաքային սահմանի ընդհատման փորձ եւ թուրքական ծրագիր, այսինքն՝ Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը՝ ներկա պահին այդ խոչընդոտներից մեկը դիտարկելով տնտեսական տեսանկյունից: Այսինքն՝ Իրանը փորձելու է տնտեսապես ակտիվանալ Սյունիքում, «Հյուսիս-հարավ» շինարարության գործում՝ իր տնտեսական ներգրավվածությամբ փորձելով միջամտել Սյունիքի հետ կապված իրավիճակին:

Իրանին ձեռնտու չէ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը եւ Իրան-Հայաստան ցամաքային սահմանի գործունեության խափանումը որեւէ կերպ: Դրա չեղարկմանն է միտված նաեւ Զարիֆի հայտարարությունը:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Իրանը զգում է անջատողականների վտանգ, ապա այդ երկիրը պանթյուրքիստական շարժումները մշտապես ուշարդության կենտրոնում է պահում: Միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ Զարիֆի հայտարարությունները միտված են ե՛ւ Սյունիքի մարզում Ադրբեջանի ապօրինի ներթափանցման, ե՛ւ Իրանի սեփական սահմանների անվտանգության դեմ, քանի որ Իրանը մշտապես շեշտում է այդ դրույթը՝ նաեւ ինքը ունենալով ազգային անվտանգության խնդիր: Այսինքն՝ Սյունիքում այս առումով, ինչպես նաեւ տնտեսական առումով Իրանի հետ համագործակցելու լայն դաշտ կա, որը պիտի արվի: Ներկա փուլում, սակայն, դա կարծես թե չի արվում եւ հետաձգվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պատճառով:

-Իրանում հետեւո՞ւմ են Հայաստանի գալիք ընտրությունների նախընտրական փուլին, եւ նոր իշխանության ձեւավորման դեպքում ի՞նչ փոփոխություններ կարող են արձանագրվել հայ-իրանական հարաբերություններում:

-Ընդհանուր առմամբ, Իրանն ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասում ընթացող բոլոր զարգացումները, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող առաջիկա ընտրությունները:

Թե ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում, նախ՝ պետք է բավականին լուրջ աշխատել Իրանի հետ: Եթե հիշում եք, մինչեւ Արցախյան պատերազմը բավականին սառն էին այդ հարաբերությունները, ինչի հետեւանքները զգացինք հենց պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ նաեւ հայ-իրանական սահմանի կարեւորությունը զգացվեց: Եվ այս սխալներից ելնելով՝ նոր կառավարությունը պետք է փորձի բոլոր ոլորտներում զարգացնել համագործակցությունն Իրանի հետ, մանավանդ որ իրանական կողմից կան հստակ ազդակներ ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգային, ե՛ւ մնացած բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter