HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ով հասնում ա պաշտոնի, մոռանում ա, թե ինչի համար ա գնացել». Կամո Սարգսյան

Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բնակչության մեծ մասը զբաղվում է թռչնաբուծությամբ: Գյուղի գլխավոր ճանապարհին կողք կողքի գյուղացիներն ընտանի թռչուն են վաճառում: Փողոցում առևտուր անող շահումյանցիներից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունից: 7 հարցվածից 6-ը հրաժարվեց կարծիք հայտնել «զզվել ենք բոլորից» պատճառաբանությամբ:

Կամո Սարգսյանը միակն էր, որ համաձայնեց խոսել. «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտենք` ով կարող է խելքի բերել մեր երկիրը: Մի՛ նեղացեք մարդկանցից, հուսահատված են, ով եկել ա՝ ժողովրդին խաբել ա»,-ասում է Կամոն:

Նա մեծ սպասումներ չունի նոր կառավարությունից: Ասում է՝ չի ուզում հերթական անգամ հիասթափվել:

«Մասնագետներին բանատեղ չեն դնում, ընկել են փողի հետևից: Չեն հասկանում, որ փողից բացի` կա երկիր, կա հայրենիք: Ոչ մեկը չի մտածում ժողովրդի մասին, մինչդեռ ժողովրդից թանկ բան չունենք: Էս երկրի կապիտալը ժողովուրդն ա: Ով հասնում ա պաշտոնի, մոռանում ա, թե ինչի համար ա գնացել: Արդեն զզվել ենք բոլորից, ում խոսացնում ես, իմիջիայլոց են խոսում: Երկիրը պահում է ժողովուրդը, բայց ժողովրդին էլ բանատեղ դնող չկա»,-ասում է Կամո Սարգսյանը:

Կամոն առաջին հերթին երկրի սահմանների անվտանգության համար է անհանգիստ, երկրորդ հերթին՝ գյուղացու ներկայիս վատ վիճակի: Ասում է` դարեր շարունակ ապավինել ենք օտարներին և սպասել, որ նրանք կգան, մեզ կփրկեն: Սակայն, «ում դուռն էլ խփենք», մեզ տիրություն չեն անելու: Խելացի կառավարություն ունեցողները «դուռ թակողների» թուլությունն օգտագործում են իրենց երկրների շահերի համար:

«Ուրիշ պետությունները մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, դրանից ոգևորվում ենք ու մեր հողերը դարձնում առուծախի առարկա: Միշտ այդպես ա եղել, հիմա էլ շարունակվում ա, բայց մենք էլի նույն սխալներն անում ենք»,-նշում է Կ. Սարգսյանը:

Ոչ պակաս «անվտանգային հարց» է համարում գյուղացու սոցիալական վիճակի բարելավումը: Կամոյի խոսքով՝ առօրյա հոգսերը գյուղացուն խեղդում են: Չկա մի գյուղացի, որ վարկային շրջապտույտի մեջ ընկած չլինի: 

«Եթե գյուղացին լավ ապրեց, ուրեմն իմացեք՝ երկիրը հարուստ ա: Մրջյունը ոնց ա՞ հավաքում, պահեստավորում, երկրի մրջյունն էլ գյուղացին ա: Եթե աշխատող ձեռքը սոված եղավ՝ ի՞նչ հայրենասիրության մասին մտածի, ի՞նչ մեծ-մեծ բաների մասին խոսի: Պիտի մի ճար գտնի, որ ապրի»,-ասում է Կամո Սարգսյանը:

Նա հետևում է օրվա լրահոսին, փորձում այլընտրանքային տեղեկատվական աղբյուրների միջոցով հասկանալ, թե ով է խաբում, ով` մոլորեցնում: Կամոյին բարկացնում են հատկապես քաղաքական գովազդներն ու պաշտոնյաների հասցեին հնչող գովեստի խոսքերը:

«Մեկը սրան ա գովում, մեկը՝ նրան: Լավ, դե ասեք, 30 տարվա մեջ ո՞վ ա երկրի համար մի լավ բան արել, որ գովում եք: 5000 դրամ թոշակ բարձրացնելը երկրի համար գործ անել չի: Ընկել ենք փողերի հետևից, երկրի մասին մոռացել ենք»,-հավելում է Կ. Սարգսյանը:

Հունիսի 20-ին նա գնալու է ընտրության, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter