HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը չի բացառում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ հունիսի 15-ին կնքած հռչակագրով, այդ երկրի տարածքում կարող է ստեղծվել Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է լրագրողներին՝ Բաքվից վերադարձի ժամանակ։ 

«Դա (խմբ. ռազմաբազայի ստեղծումը) դուրս չի գալիս հռչակագրի սահմաններից։ Այդ հարցի զարգացումը հնարավոր է։ Այդ հարցը կարող է իր զարգացումը գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ընթացքում այն ևս իր ուրույն կերպով կարող է իրագործվել»,- պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք հավանական է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումը, հայտարարել է Էրդողանը։ 

Վերջինս ընդգծել է, որ առաջնայինը Ադրբեջանի ողջ սահմանագծով անվտանգության երաշխիքների ապահովումն է ու դրա պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-16-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում։ Նա Շուշիում բանակցություններ էր վարել Ալիևի հետ, որի արդյունքում ստորագրվել էր, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագրով նախատեսվում է, որ երկու երկրների հարաբերությունները կմտնեն զարգացման ամենաբարձր մակարդակ։ Ալիևը նշել էր, որ ստորագրված հռչակագիրը անդրադառնում է նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցության հարցերին։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել էր, որ Թուրքիան կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար։ «Ես Երևանին կոչ եմ անում, վեցակողմ հարթակի շրջանակներում (խմբ. Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան), օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Թուրքիան կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար»,- հայտարարել էր Էրդողանը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter