HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վարչատարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առաջնահերթությունները նախընտրական ծրագրերում

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 կուսակցությունների մեծ մասը հանրապետութան մարզային և համայնքային կառավարման վերաբերյալ ասելիք չունի: Նախընտրական ծրագրերում նրանցից միայն 4 քաղաքական ուժ է հակիրճ շարադրել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի վերաբերալ իր մոտեցումները՝ «Լուսավոր Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինք, «Ազգային ժողովրդավարական բևեռ» և «Հայաստան» դաշինք: Նույնիսկ այն քաղաքական գործիչները, որոնք պարբերաբար քննադատել են այս ոլորտի վերջին տասնամյակի բարեփոխումները և հիմա հավակնում են ստանձնել երկրի ապագա կառավարումը, չեն ներկայացրել իրենց պատկերացումները:

Եվ որքան էլ զարմանալի լինի՝ ասելիք չունի նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը: «ՔՊ»-ն նախընտրական ծրագրում տարբեր ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները շարադրելիս սկզբում ներկայացրել է երեք տարվա կառավարման արդյունքները՝ «ի՞նչ ենք արել», այնուհետև՝ ապագայի տեսլականը՝ «ի՞նչ ենք անելու»։

Իշխանությունը տեղական և տարածքային կառավարման ոլորտում նպատակներ չի սահմանել

Հանրապետության մեծ մասի կառավարումը՝ տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտը, իշխող կուսակցության նախընտրական ծրագրից դուրս է թողնվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը կուսակցության նախընտրական ցուցակում 4-րդ համարն է զբաղեցնում, արդյոք դրանով հաստատո՞ւմ է, որ երեք տարի ոչինչ չի արել այդ ոլորտում և ապագայում էլ անելիք չունի։

Կուսակցության նախընտրական շտաբից փորձեցինք գրավոր պատասխաններ ստանալ այս ոլորտի վերաբերյալ կուսակցության ծրագրերի ու նպատակների մասին: Ի վերջո, անցնող երեք տարիների կառավարման ընթացքում պետք է որ բացահայտած լինեին ոլորտային խնդիրները և սահմանվեին վարչատարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առաջնահերթությունները: «ՔՊ»-ն, սակայն, չարձագանքեց մեր գրությանը, ուստի «ի՞նչ ենք արել» հարցադրման շրջանակում հակիրճ ներկայացնենք այս ոլորտում անցնող երեք տարիներին տեղի ունեցածը:

2018թ.-ին երկրի կառավարումը ստանձնած «ՔՊ»-ն առ ժամանակ դադարեցրեց համայնքների խոշորացումը, որը ՏԻ ոլորտում կատարվող բարեփոխումներից առանցքայինն էր։ Մինչև նրանց իշխանության գալը համայնքների կեսից ավելին արդեն խոշորացվել էր: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միայն երկու համայնք է խոշորացրել 2020թ.-ին` նրա ծննդավար Իջևանի հետ միավորվել է 19 գյուղ և ձևավորվել է մեկ համայնք՝ Իջևան կենտրոնով: Եվս մեկ համայնք ձևավորվել է Լոռու մարզում՝ միավորվել են Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերը:

Նախարարությունը նոր վարչատարածքային միավորումներ ձևավորելու ևս մի քանի նախագիծ շրջանառեց, որոնցով համայնքները միավորվել էին անհասկանալի, ընդունված որևէ չափանիշի չբավարարող մոդելով: Բնակչությունը կտրուկ մերժեց նախագծերը, և նոր վարչատարածքային միավորումներ ձևավորելու նպատակով նշանակված տեղական ինքնակառավարման ընտրությունները հետաձգվեցին անորոշ ժամանակով։ Դրանցից մեկով բողոք ներկայացվեց Սահմանադրական դատարան (ՍԴ), և դատարանը որոշեց, որ համայնքների միավորումներ կազմելիս բնակչության կարծիքը պետք է լսելի լինի և նրանք տեղական հանրաքվեով պետք է կարողանան իրենց վերաբերմունքն արտահայտել։  

Համայնքների խոշորացման հարցն առաջիկա 1-2 տարիներին երկրի զարգացման առաջնահերթությունների շարքում չի լինելու

«Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում գրել է, որ վերատեսության են ենթարկելու Հայաստանի վարչատարածքային բաժանումը և համայնքների խոշորացման ծրագրերը, ապակենտրոնացնելու են պետական կառավարումը: Չափելի են դարձնելու համայնքային զարգացման ծրագրերը՝ ներդնելով այն ապահովող համակարգ: Կիրառելի են դարձնելու մասնակցային և անմիջական ժողովրդավարության ինստիտուտների գործադրումը (հանրաքվե, համաժողովրդական հարցադրումներ) և այլն:

Նշենք, որ վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը հաստատվեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի պետ, նախկին փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնավարման շրջանում: Նախընտրական ծրագրում տեղ գտած մտքերից ենթադրվում է, որ նրան չի գոհացնում համայնքների խոշորացումն այն ձևաչափով, որով հետագայում իրականացվել է։

«Հայաստան» դաշինքը մեր հարցումներին ի պատասխան հայտնել է. «Դաշինքի ներկայացուցիչների մարզային հանդիպումների ժամանակ բազմաթիվ դժգոհություններ են հնչել համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ: Հաշվի առնելով դրանց ծավալը և բովանդակությունը՝ դաշինքը գտնում է, որ համայնքների խոշորացման խնդիրն առաջիկա 1-2 տարիներին երկրի զարգացման առաջնահերթությունների շարքում չի լինելու: Պետք է կենտրոնանալ ավելի կարևոր, հրատապ խնդիրների վրա, ինչպես երկրի անվտանգությունն է, սահմանների պաշտպանությունը, տնտեսական անկման կասեցումը, տարածքների համաչափ զարգացումը,  համընդգրկուն ճգնաժամից դուրս գալը»:

Մեր մուս հարցադրմանը, թե պետական կառավարումն ապակենտրոնացնելու արդյունքում ի՞նչ լիազորություններ են փոխանցվելու համայնքներին, և արդյոք մինչ օրս իրականացված վարչատարածքային բաժանումը բավարար նախադրյալներ ստեղծե՞լ է, որպեսզի համայնքներին նոր, լրացուցիչ գործառույթներ փոխանցվեն, հայտնել են. «Նոր լիազորությունների վերաբաշխումը վերևից ներքև լինելու է ըստ համայնքների կարողությունների և հնարավորություների, առաջին հերթին՝ բյուջետային կարողությունների»:

Տարածքային համաչափ զարգացման վերաբերյալ «Հայաստան» դաշինքի հիմնական մոտեցումը կոնկրետ ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրերի իրականացումն է մարզերում, հատկապես՝ մասնավոր-պետություն լայնածավալ համագործակցության օրակարգով:

Մարզերը չպետք է ունենան ներկայիս ուղիղ կառավարման գործառույթներն ու լիազորությունները

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը մեր խնդրանքով մանրամասնել է տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ կուսակցության պատկերացումները: Ըստ այդմ, տարածքների համաչափ զարգացումը պետք է իրագործվի՝

ա) ժողովրդագրական լուծումների (վերաբնակեցում և տարաբնակեցում),

բ) պաշտպանության կազմակերպման գերակայությունների հաշվառման,

գ) արդյունավետ վարչատարածքային բաժանման,

դ) արդյունավետ տարածքային կառավարման ու ինքնակառավարման,

ե) կենսամակարդակի հավասարեցման միջոցով։

Լրացուցիչ բացատրություն, թերևս, անհրաժեշտ է գ) և դ) կետերի վերաբերյալ։

Դարեր շարունակ մեր երկրում կայացել և կիրառվել է տարածքային կառավարման (հատվածաբար՝ ինքնակառավարման) «նահանգ (աշխարհ)-գավառ-բնակավայր» եռամակարդակ մոդելը։

Ներկայիս մարզերը ձևավորվել են նախկին նահանգների նմանակմամբ, սակայն մի շարք օբյեկտիվ (օտարերկրյա օկուպացիա) և սուբյեկտիվ (սխալ որոշում) պատճառներով չեն զբաղեցնում դրանց տարածքները, ուստի կիսատ և անբնական համակարգեր են։ Փաստորեն, մարզերը նահանգ լինելու համար փոքր են, գավառ լինելու համար՝ մեծ։

Սրան հակառակ՝ «մարզ-բնակավայր» կառավարման մոդելը, որը ստեղծվեց գավառ-շրջանների օղակը վերացնելու հետևանքով, բացարձակ անարդյունավետ էր, ինչը դրդեց համայնքների խոշորացման։ Խոշորացված համայնքները թեև առերևույթ գավառներ կամ գավառակներ են, սակայն, որպես կանոն, չեն համապատասխանում պատմականորեն կայացած գավառներին բնորոշ հատկանիշներին, ինչպես նաև կառավարման «գավառ» օղակի բացակայության պատճառով դարձյալ մնում են որպես կառավարման ոչ լիարժեք շղթայի ծայրամաս։

Խնդիրը պետք է լուծվի երկու մակարդակում.

1) Մարզերը խոշորացնել պատմականորեն ձևավորված նահանգների տարածքի մոտարկմամբ ու ներկայիս իրողությունների համադրմամբ և ռելիեֆի, տնտեսական-ենթակառուցվածքային համակարգի, ենթամշակույթների և այլ հանգամանքների հաշվառմամբ: Նախնական պատկերացմամբ կլինի 6 մարզ՝ Արցախ, Արագածոտն-Շիրակ, Արարատ-Արմավիր, Կոտայք-Գեղարքունիք, Սյունիք-Վայք, Լոռի-Տավուշ։ Անհրաժեշտ են գիտական հետազոտություններ այդ հանգամանքները պարզելու և օպտիմումները գտնելու համար, ինչից հետո միայն հնարավոր կլինի կազմել երկրի տարածքային բաժանման արդյունավետ քարտեզը։

Միևնույն ժամանակ, նահանգները (մարզերը) պետք է չունենան ներկայիս ուղիղ կառավարման գործառույթներն ու լիազորությունները, քանի որ դրանք ստեղծում են գավառի մակարդակի կառավարման մարմիններին անհարկի կրկնող մարզային մարմիններ, ինչպես նաև պայմանավորում են համապետական ճյուղային կառավարման մարմինների հավելյալ օղակների առկայություն, ինչն անտեղի, անհեթեթ և վնասակար ճոխություն է մեր փոքրատարածք ու սակավաբնակ երկրի համար։

«Նահանգային» (մարզային) մակարդակում պետք է բավարարվել օպերատիվ կառավարման համակարգմամբ՝ մարզպետի, տեղակալի և մինչև տասը հաստիք ունեցող աշխատակազմի միջոցով։ Բոլոր մարզային մարմինները և հանրապետական մարմինների մարզային ճյուղային ստորաբաժանումները պետք է վերացվեն։

2) Վերականգնել «գավառները», որպես կանոն, խորհրդային վարչական շրջանների սահմաններով։ Խորհրդային տարիներին նույնպես եղել են սուբյեկտիվ որոշումներ, որոնց հետևանքով արհեստականորեն ստեղծվել են նոր վարչական շրջաններ։ Բոլոր դեպքերում, ինչպես մարզային բաժանման պարագայում, այստեղ ևս անհրաժեշտ է գիտական մոտեցում։ «Գավառ»-շրջանը պետք է լինի համայնք, ուստի՝ տեղական ինքնակառավարման միավոր։

Ինչ վերաբերվում է բնակավայրերին, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է լինի առանձին ենթահամայնք և դարձյալ ենթարկվի տեղական ինքնակառավարման։ Սակայն, հաշվի առնելով տոհմակլանային և այլ հակաժողովրդավարական հարաբերությունների դոմինանտությունը փոքր բնակավայրերում, հարկ կլինի որոշել բնակչության քանակի առումով ինքնակառավարման օպտիմումը (հավանաբար՝ 10.000) և որոշ ժամանակ դրանից քիչ բնակչություն ունեցող բնակավայրերը ենթարկել վարչական կառավարման՝ զուգահեռաբար մշակելով և ներդնելով ինքնակառավարումը արդյունավետ դարձնող սոցիալ-մշակութային և սոցիալ-տնտեսական ծրագիր։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը փոփոխություններ է նախատեսում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, սակայն որոշ համայնքների համար և ըստ անհրաժեշտության՝ տեղական կառավարման տարբերակված մոդելներ կիրառելու նպատակով։ Նախատեսում են նաև տարածքների համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից համայնքներին տրվող ֆինանսավորում ոչ միայն բնակչության թվի, այլև աղքատության և այլ գործոնների հաշվարկով։

Կուսակցության նախընտրական ծրագրից առանձնացված այս երկու միտքն, անշուշտ, լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի, սակայն կուսակցության նախընտրական շտաբը չպատասխանեց մեր գրավոր հարցմանը:

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կարևորում է տարածքների համաչափ զարգացումը և իր նպատակը «սեփական կարիքները սեփական կարողություններով հոգացող համայնքների կայացումն է համարում»։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համարում ավարտին հասցնել համայնքների խոշորացումը, համայնքներում անհրաժեշտ կարողությունների ձևավորումը և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։ Զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց՝ հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում հասցնելով մինչև 15 %-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter