HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից» ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքն է

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը: Հարթակում է կուսակցության վարչության կազմը, պատգամավորներ, պատգամավորի թեկնածուներ և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, որից հետո մեկ րոպե լռությամբ հանրահավաքի մասնակիցները հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը հայտարարեց` հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացին իր քվեարկությամբ պետք է վերահաստատի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Բոլոր նրանք, ովքեր 20 տարի շարունակ զբաղվել են երկրի ու ժողովրդի կեղեքմամբ, փորձում են գալ ոչ թե ծառայելու, այլ` ծառայեցնելու, թույլ չենք տալու»,-ասաց նա:

Պապիկյանի խոսքով` հրապարակում ներկա են Հայաստանի տարբեր բնակավայրերից քաղաքացիներ, նա ողջունեց բոլոր մարզերի ներկայացուցիչներին:

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ հասկանում է` այս իրավիճակում հանրության համար դժվար է հասկանալ` ով է ազնիվ, ով` անազնիվ, ով է պետության համար սրտացավ, ով` սեփական ունեցվածքի մասին մտահոգվող:

«Մենք, իհարկե, անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ առանց հիմնավորումների կարելի է մեզ մեղադրել մեղքերի մեջ, որոնք չենք արել: Հարգելի քաղաքացիներ, ձեզ չեն ներում մեր կողքը կանգնելու համար, մեզ չեն ներում ձեզ վերևից չնայելու համար, մեզ ու ձեզ չեն ներում իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, որ չենք դարձել իրենց նման»,-ասաց Մակունցը:

ՔՊ վարչության անդամի համոզմամբ` այս ճանապարհը բարդ է, սակայն ժողովրդավարությունն է այն ուղին, որ երկիրն ուղղորդելու է դեպի զարգացում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում թվարկեց այն փոփոխությունները, որ իրականացրել են իրենց պաշտոնավարման շրջանում՝ «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, դատաիրավական համակարգի բարեփոխման մեկնարկ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում, տասնամյակներ շարունակ անտեսված ճանապարհների կառուցում, մենաշնորհների վերացում և այլն: Ըստ Միրզոյանի` այս ընտրությունները որոշելու են ոչ թե հարթակում կանգնածների` իշխանություն լինել-չլինելը, այլ` թվարկված փոփոխությունների շարունակականության հարցը:

Միրզոյանն իր խոսքն ուղղեց այն անձանց, ովքեր հիասթափվել են գործող իշխանություններից։

«Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից, ձեր ու ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք չեք կարող կարող կասկածի ու վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունն ու ժողովրդավարությունը, չեք կարող կասկածի տալ դնել այդ արժեքների համար երեք տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց նա:

Միրզոյանի համոզմամբ` այս հանգրվանում  Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ` հանձնվել, համակերպվել, կոտրվել և վերադառնալ անցյալին, երկրորդ ճանապարհը` ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոբեբանական փակուղուց եւ շտկելով մեջքը շարունակել անհրաժեշտ բարեփոխումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter