HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Փաշինյան. «Կոմունիկացիաների բացման համատեքստում բացառում ենք Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը»

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մասնակցելու է վարչապետի թեկնածուների միջև ընթացող բանավեճին:

Այս մասին ասաց Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրված ամփոփիչ հանրահավաքին: Նա իր հրավերն ուղղեց քաղաքական հակառակորդներին, որոնք այս ընթացքում բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցրել իր հասցեին:

«Եկեք և ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ և ի ցույց դրեք, թե ով ով է, որտեղից է գալիս ու ուր է գնում»,- ասաց նա:

Փաշինյանը քարոզարշավի նախորդող 10 օրերը բավական տպավորիչ գնահատեց հիշեցնելով, որ այցելել են բոլոր մարզեր, ունեցել բազմաթիվ նախատեսված ու չնախատեսված հանդիպումներ:

«Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց և ուժ տվեց, վստահություն տվեց և սեր, իշխանություն տվեց շարունակելու ՀՀ առաջնորդությունը, և հիմա մնացել է դե ֆակտո այս իրողությունն արձանագրել նաև դե յուրե»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ապագայի մասին իրենց պատկերացումները հիմնված են չորս հենասյուների վրա` անվտանգություն, տնտեսություն, իրավունք ու արդարություն և մարդկային կապիտալի զարգացում:

«Այս չորս հենասյուների ներքին կապերը բազմաթիվ են, և ուրեմն, այս ոլորտներում մեր զարգացման տեսլականները փոխլրացնող են և փոխկապակցված, այս է պատճառը, որ ուղղություններից որևէ մեկը չենք դիտարկում մյուսից մեկուսացած, ինչպես չի կարող մարդկային որևէ օրգան մեկուսացած լինել մյուսներից: Տնտեսության մասին մեր ռազմավարական պատկերացումը հետևյալն է, այն պետք է լինի գիտելիքահեն` սկսած գյուղատնտեսությունից շարունակած արտահանմամբ ու առևտրով»,- ասաց ՔՊ վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը կարևորեց Հայաստանի երկաթուղային հաղորդակցության ապահովման հարցը հարևան երկրների` ՌԴ-ի և ԻԻՀ-ի:

«Ընդ որում կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել` մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն, այսինքն կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք: Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները` Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին, այլ բան քան աբսուրդ, դժվար է անվանել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը պնդեց` Հայաստանի դիրքորոշումը հստակ է `տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, և այդ իմաստով հաղորդակցության ուղիներ երկրները կստանան համաչափ, այնպես, ինչպես ամրագրված է 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված հայտարարության տեքստում:

Փաշինյանի համոզմամբ` այդ հեռանկարին խանգարում են Ադրբեջանի ագրեսիվ, ապակառուցողական հայտարարությունները, նաև միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը:

«Տարածաշրջանային անվտանգության առումով ուզում եմ հատուկ ընդգծել ԻԻՀ-ի հետ մեր համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ռազմավարական երկխոսության մեկնարկը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամբողջական վերաներգրավումը տարածաշրջանային անվտանգության կարևոր երաշխիք եմ համարում, և վերջերս այս թեզի գործնական արդյունավետության շատ լավ օրինակ տեսանք»,- ասաց նա:

Փաշինյանը սակայն ընդգծեց` անվտանգության ապահովման առանցքային գործոնը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների բարեհաջող ընթացքն է:

«Բազմիցս ընդգծել եմ, որ անցումը պրոֆեսիոնալ բանակին այլընտրանք չունի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter