HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդմոն Մարուքյան. «2008թ-ից մինչ այսօր մեր երկիրը հայտնված է չորս մարդկանց «ռազբոռկաների» մեջ»

Այսօր հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներն ու համակիրները քարոզարշավն անցկացնում են Երևանում: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակում են պնդել միասնական կառավարություն ձևավորելու թեզը:

«2008թ.-ից մինչ այսօր մեր երկիրը հայտնված է չորս մարդկանց «ռազբոռկաների» մեջ՝ 3 նախագահների և այսօրվա գործող վարչապետի: Հիմա հարց, կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ ա թողեք մենք էլ ապրենք: Կարո՞ղ ա թողեք ժողովուրդն ապրի, մի սերունդ մեծանա, որ կապ չունի այդ պրոցեսների հետ»,- ասում է Էդմոն Մարուքյանը:

Ըստ թեկնածուի՝ այդ գզվրտոցն առաջիկայում չի ավարտվելու, քանի որ արդեն հայտնի է, որ ամսի 21-ից հանրահավաքների շարք է սկսվում ներկա և նախկին իշխանությունների կողմից: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքերով՝ ով «Կոնդի դաչայում» ապրում է, մյուսին «նստացնում» է, մուրճն ինքն է ձեռքը վերցնում:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ նախնական տվյալների՝ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է երրորդ ուժը, իսկ թե քանի տոկոս քվե կստանան՝ դժվարանում է ասել: Թեկնածուն նշեց, որ խորհրդարան չանցնելու տարբերակ չկա, իսկ հունիսի 21-ին փողոց դուրս կգան միայն այն դեպքում, եթե արդյունքները կեղծվեն կամ երկրում ինչ-որ արհավիրք տեղի ունենա:

««Լուսավոր Հայաստանը» հիմա հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու համատեքստում: Եթե մենք միասնության և համերաշխության օրակարգով գալիս ենք, բոլորին համախմբում ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցներն ազատել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով, Խորհրդարանի մուտքերն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով»,- ավելացնում է Է. Մարուքյանը:

Թեկնածուն նշում է, որ ժողովրդի ցանկությունն է համախմբվելը, քանի որ երկիրն ունի ավելի լուրջ մարտահրավերներ, քան ոմանց ներքին խնդիրներն են: Ըստ Մարուքյանի՝ ցանկացած բակ մտնելով՝ այդ պատասխանն են լսելու քաղաքացիներից: Մարդիկ այլևս չեն կարողանում հանդուրժել այս վիճակը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ընտրություններից հետո չձևավորվի միասնության կառավարություն, ուրեմն իրենց օրակարգը պարտված է, և որևէ անելիք չունեն: Նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ օրակարգը հաղթի և մարդիկ չբռնեն արտագաղթի ճանապարհը: Նրա դիտարկմամբ՝ որ բևեռն էլ հաղթի, մյուս կողմին սատարող քաղաքացիների շրջանում արտագաղթ է սկսվելու:

«Այն գաղափարը, որ մենք դրել ենք, դրանով կարելի է սարեր շուռ տալ: Այնպիսի բաներ կարելի է անել 6 ամսում, 1 տարում, որ ուղղակի դրա արդյունքները կզարմացնեն բոլորին: Մեր մոտեցումը դա է, որ բոլորի համախմբումն այլընտրանք չի ունենալու: Իսկ այլընտրանք, ինչ որ նախկին և ներկա իշխանություններն են առաջարկում, իրենց ունեցած տասնքանի տարվա հարցերը պարզելն է»,- հավելեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի նախագահը կարծում է, որ  բոլոր նախկին ղեկավարները պետք է գնան թոշակի, խորհուրդներ տան, իրենք էլ մեծ հարգանքով լսեն, սակայն պետք է թողնեն, որ երկիրն ապրի:

Այսօր երեկոյան կուսակցությունը երթ կանցկացնի՝ դրանով ազդարարելով քարոզարշավի ավարտը:

Լուսանկարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter