
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է։ Այսօր առավոտյան փաստերի ստուգման հարթակը հայտարարություն էր տարածել՝ բարձրաձայնելով այն մասին, որ Չարչյանը բժշկական կենտրոնի աշխատակիցներին սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։
Հայտարարությանը կից նաև ձայնագրություն է հրապարակվել։ Դրանում Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։
«Էդպիսի արտահայտություն կա չէ՞ համարժեք պատասխան։ Չէ, պատասխանը համարժեք չէ, պատասխանը խիստ անհամարժեք պետք է լինի, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը»,- ասում է Չարչյանը։
Մեզ հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ վերը նշված ձայնագրության հրապարակումից հետո դրա վերաբերյալ նախապատրաստվող նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով։ Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է ընտրությունների ժամանակ երկու կամ ավելի անձի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն։
Լուսանկարը՝ Panorama.am-ից
Մեկնաբանել