HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Աշխատանք, ճանապարհների բարեկարգում, անվտանգություն. Գավառում ընտրում են փոփոխությունների հույսով

Գավառի բնակիչ Նորիկ Գոզեյանը վաղ առավոտ 19/16 ընտրատեղամաս էր եկել ճշտելու՝ արդյոք այստե՞ղ պետք է քվեարկել։ Պարզելուց հետո, որ ճիշտ է եկել, որոշեց գնալ, հագուստը փոխել, նոր գալ ընտրելու։ Հետո մտափոխվեց՝ քանի եկել է, կքվեարկի։ 

Նորիկ Գոզեյանը այս ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնող ուժերից երկու ակնկալիք ունի։ Առաջինը, որ Գավառում աշխատեղեր բացվեն ու մարդիկ կարողանան գումար վաստակել։ «Երկրորդն էլ՝ փողոցների վիճակը լավացնեն, այսքանը»,- իր ակնկալիքները կարճ ձևակերպեց Գավառի բնակիչը։

Գավառի 19/16 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1904 քաղաքացի: 

Ընտրողների հոսքը ներկայում մեծ չէ, սակայն առավել պարտաճանաչները ընտրելու են եկել ընտրատեղամասը բացվելուց արդեն 5-10 րոպե հետո։ 

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նինա Չարվադարյանն ասում է, որ մինչև այս պահը՝ ժամը 10:00-ին, ընտրողների մեծամասնությունը օգնության կարիք չի ունեցել, տիրապետել է ընտրելու կարգին։ «Մի մասն էլ մտնելուց հարցնում են՝ ինչպես քվեարկել, քվեաթերթիկը ծալե՞լ, թե՞ ոչ։ Կարգը բացատրում ենք, նոր սկսում է ընտրել։ Սպասում ենք, որ կեսօրին ընտրողների հոսքը ավելանալու է»,- նշեց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը։

Մինչև ժամը 9:40-ը Գավառի 19/16 ընտրատեղամասում քվեարկել է 63 ընտրող։ Այստեղ աշխատում է մեկ դիտորդ և 9 վստահված անձ: 

Գավառի 19/16 ընտրատեղամասում ընտրությունները հանգիստ են ընթանում։ Ընտրատեղամասից դուրս ևս ընտրողների ու ավտոմեքենաների կուտակումներ չկան այս պահին։

Գավառի 71-ամյա բնակիչ Նորիկ Հակոբյանը մյուսներից ավելի երկար մնաց ընտրատեղամասում։ Նա գրանցված է Երևանում, սակայն մինչև ընտրությունները դիմում է գրել ոստիկանության անձնագրային բանժանմունքում՝ իրավունք ստանալու ընտրությանը մասնակցել Գավառում։ 

Ընտրություններում հաղթող ուժերից նա ևս ապասում  է, որ Գավառում մարդկանց կենսամակարդակը բարձրացնող քայլեր կանեն՝ աշխատատեղեր կստեղծեն, մշակութային-ժամանցային կյանքը կաշխուժացնեն։ Իսկ ընդհանուր  հանրապետության համար առաջին հերթին կարևորում է անվտանգության խնդրի լուծումը։  

«Ամեն ինչ խառնվել է իրար։ Քաոսային վիճակ է։ Այսպես շարունակվել չի կարող։ Մարդիկ նյարդային վիճակում են։ Պետք է խաղաղվեն, անցնեն իրենց աշխատանքին։ Գավառում ամենագլխավորը աշխատանքի խնդիրն է, բարձիթողի վիճակ է։ Մարդկանց ժամանցի համար վայրեր չկան։ Ժողովրդի, երեխաների դաստիարակության, հանգստի ու ժամանացի համար շատ քիչ բաներ կան։ Լավ կլինի, որ այդ մասին մտածեն։ Ժողովուրդը ձանձրույթից, հուսալքությունից ու ամեն ինչից խռոված է»,- ասում է Նորիկ Հակոբյանը։

 Նա, այնուամենայնիվ, հույս ունի, որ այս ընտրություններից հետո կարող է երկրի համար նոր սկիզբ դրվել։  

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներն առավոտյան ժամը 8.00-ից մինչև 20.00-ն հնարավորություն ունեն ընտրելու այն քաղաքական ուժերին, որոնց ուզում են տեսնել նոր ձևավորվելիք խորհրդարանում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա 2008 ընտրատեղամաս, իսկ ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ոստիկանության՝ 2 միլիոն 583 հազար 823 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter