HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ընտրում է

Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներն այսօր առավոտյան ժամը 8.00-ից մինչև 20.00-ն հնարավորություն ունեն ընտրելու այն քաղաքական ուժերին, որոնց ուզում են տեսնել նոր ձևավորվելիք խորհրդարանում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա 2008 ընտրատեղամաս, իսկ ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ոստիկանության, 2 միլիոն 583 հազար 823 է։

Որոշ ընտրատեղամասերում ընտրության օրը հասանելի կլինի առցանց հեռարձակում։ Տեղամասերում տեղադրված տեսախցիկների հեռարձակմանը կարելի է հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ elections.am-ում։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինքներ են, իսկ մնացածը՝ կուսակցություններ։ Նրանցից շատերը նոր ձևավորված ուժեր են, որոնք մինչ այս անծանոթ էին հայաստանցի ընտրողներին։ Դրանց կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ի տարբերություն 2018 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս ընտրություններն անցնելու են պարզ համամասնական կարգով։ Համապատասխան փոփոխություններն Ընտրական օրենսգրքում կատարվել են 2021 թ. ապրիլի 1-ին։

Սա նշանակում է, որ կուսակցություններն ու դաշինքները ներկայացնում են թեկնածուների մեկ համապետական ցուցակ։ Նախկինում գործող տարածքային ցուցակները (ավելի հայտնի որպես ռեյտինգային համակարգ) այլևս չեն լինելու։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5% է, իսկ դաշինքների համար՝ 7%:

Ըստ Հայաստանի Սահմանադրության, Ազգային ժողովում մեկ քաղաքական ուժ կամ ձևավորված կոալիցիա պետք է ունենա կայուն մեծամասնություն։

Եթե որևէ քաղաքական ուժ ընտրությունների արդյունքում ստանա մանդատների 50%-ից ավելին (առնվազն 51 մանդատ), ապա այդ ուժը ձևավորելու է խորհրդարանական մեծամասնություն։

Եթե որեւէ մեկը չի ստանում մանդատների 50%-ից ավելին (առնվազն 51 մանդատ), ապա նվազագույն շեմը հաղթահարած քաղաքական ուժերը 6-օրյա ժամկետում կարող են կոալիցիա կազմել մանդատների ընդհանուր թվի մեծամասնություն ստանալու համար:

Քաղաքական կոալիցիա կարող են կազմել առավելագույնը 3 կուսակցություն/դաշինք, և պարտադիր պայման է, որ նրանք ունենան վարչապետի միասնական թեկնածու:

Եթե վերը նշված երկու սցենարները տեղի չունենան, այսինքն՝ որևէ մեկը չստանա մանդատների 50%-ից ավելին, և սահմանված վեցօրյա ժամկետում կոալիցիա չձևավորվի, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայն ստացած երկու կուսակցությունները։

Քվեարկության համար ընտրողին տրվում է մեկական քվեաթերթիկ գրանցված յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի համար, որի վրա նշված են կուսակցության անունը եւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները։

Քվեարկելու համար ընտրողը քվեախցիկում իր նախընտրած կուսակցության/դաշինքի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ, իսկ մյուս քվեաթերթիկները թողնում դրա համար նախատեսված արկղում։

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին հետեւելու համար դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 19 հասարակական կազմակերպություն է գրանցվել: Միասին նրանք 8749 դիտորդ են հավատարմագրել: 

Ընտրությունների ընթացքի դիտարկում կանեն նաեւ միջազգային դիտորդները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 8 միջազգային դիտորդական կազմակերպություն։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմության հետ բանակցությունների արդյունքում, հայտարարեց նոր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովը, որը ձեւավորվել էր 2018-ի արտահերթ ընտրություններով, իրավունքի ուժով ցրվեց։

«Հետքի» լրագրողների թիմը լուսաբանում է այս արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հետևեք սոցիալական ցանցերի մեր էջերին և Telegram ալիքին՝ քվեարկության ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter