HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տիգրան Մուկուչյան․ «Այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ չունենք»

Այս փուլում պատգամավորական մանդատներից հրաժարվելու ինստիտուտ Հայաստանում չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն իրենց հասանելիք մանդատներից։

«Մանդատներից հրաժարման ինստիտուտը, ըստ էության, ավելի քաղաական բնույթ ունի, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով նախնական տվյալները, այդ հիմքով իրականացնելու մանդատների բաշխում։ Այս փուլում մենք մանդատներից հրաժարման ինստիտուտ ամրագրված չունենք»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը շեշտում է, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, և նրանց փոխարեն այլ ուժի մանդատները փոխանցվել չեն կարող։ Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր ներկայացուցիչները հրաժարվեն մանդատներից, ինչ կլինի այդ դեպքում, Մուկուչյանն ասաց՝ դա նշանակում է, որ այդ մարդիկ մանդատ չեն ստանա։ Դիտարկմանը՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք որ կան։

Հարցին, թե այստեղ օրենքի բաց չկա՞, ԿԸՀ նախագահը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ առանձին վերցրած՝ այդ հարցը չեն ուսումնասիրել։ Մանդատներից հրաժարման դեպքում նոր ընտրությունների անցկացման հավանականության վերաբերյալ հարցին՝ Տիգրան Մուկուչյանը կրկին դժվարացավ հստակ պատասխանել։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը մի փոքր այլ է։ Հանձնաժողովի գործառույթը ընտրության արդյունքների ամփոփումն է, դրանով պայմանավորված՝ արդյունքների վերաբերյալ որոշման ընդունումը և մանդատների տրամադրումը։ Այստեղ ԿԸՀ գործառույթներն ավարտվում են»,- ասաց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը հայտնեց նաև, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին տրամադրվող մանդատների քանակի վերաբերյալ դեռևս հաշվարկ չեն իրականացրել, դրանք կներկայացնեն ընտրություններին հաջորդող յոթերորդ օրը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» (53,92 %), «Հայաստան» դաշինք (21,04 %) և «Պատիվ ունեմ» դաշինք (5,23 %)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter