HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ․ «Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը»

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այսօր Ստեփանակերտում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Այսօր առավոտյան ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։

Երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ այսօր՝ ժամը 19:00-ին կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ: Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում այսօր նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:

Անընդունելի եմ համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից: Կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն:

Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։

Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին հորդորում եմ գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին»,- նշված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter