HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հացադուլ և հանրահավաք Վերածննդի հրապարակում. արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ստեփականերտի Վերածննդի հրապարակում հունիսի 21-ին ժամը 19:00-ից հավաքվել էին քաղաքացիներն ու պահանջում էին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառը նախագահ Հարությունյանի շնորհավորանքն էր Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու կապակցությամբ։ Հանրահավաքի մասնակիցները փորձել են մտնել նաև կառավարության շենք, սակայն ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Նրանց հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը տեղում չէ, գնացել է Երևան։ Արցախցիները այսօր՝ հունիսի 22-ին ժամը 19:00-ին. կրկին հավաքվելու են Վերածննդի հրապարակում։

Հանրահավաքի մասնակից Դավիթ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց պայքարը Արայիկ Հարությունյանի դեմ է, քանի որ իր կարծիքով իսկական արցախցին չի կարող շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ 

«Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Արայիկ Հարությունյանը դավաճանել է մեզ։ Մենք անկուսակցական ենք, ընկերներով որոշել ենք հավաքվել հրապարակում, մեր բողոքի ձայնը բարձրացնել, այսօր արդեն սպասում ենք, որ մեզ ավելի շատ մարդիկ կմիանան ու Արայիկ Հարությունյանին կստիպեն հրաժարական տալ»,- նշեց նա։

Դավիթը պատմեց նաև, որ կազմակերպված հավաքին րոպեների ընթացքում տարբեր մարդիկ էին միանում, որոնք, իմանալով հավաքվածների պահանջը, անտարբեր չէին անցնում։

Նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում իրենց է մոտեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու հայտնել, որ Արայիկ Հարությունյանը տեղում չէ ու միայն հունիսի 22-ին կվերադառնա։

Արցախի Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն, լրագրող, «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի ղեկավար Մերի Դավթյանը ամուսնու՝ Դավիթ Ավանեսյանի հետ հունիսի 21-ից հացադուլ է հայտարարել։ Այդ մասին վերջինս հայտնել է ֆեյսբուք իր էջում։

«Հետքի» հետ զրույցում Մերի Դավթյանը նշեց, որ հացադուլ անելու գաղափարն ինքն ունենում էր ամեն օր կապված երկրում կատարվող իրադարձություններին բայց նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը վերջին կաթիլն է եղել։

Նրա խոսքով՝ իրենք ակամայից նաև մասնակից են դառնում երեկվանից կազմակերպված Վերածննդի հրապարակում անցկացվող հանրահավաքին։ Նրանց բոլորի պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հացադուլն անժամկետ է, թե ինչքան կշարունակվի կախված է Արցախում տիրող իրավիճակից ու Կառավարության արձագանքից։

Մերի Դավթյանը նշեց նաև, որ իրենց այցելել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նրանց հետ զրույցից ես հասկացա, որ կիսում են իմ մտահոգությունը, համենայն դեպս ինձ այդպես թվաց, այցելել են նաև ոչ իշխանական կուսակցություններից որոշ պատգամավորներ»,- նշեց նա։

Այսօր առավոտյան նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուք իր էջում գրել է, որ ժամը 18:00-ին ելույթ է ունենալու Վերածննդի հրապարակում։

Նախագահի խոսքով՝ անկախ իր հանդեպ մարդկանց վերաբերմունքից, նա պատասխանատվություն է կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:

«Հետքը» փորձել է նաև կապ հաստատել Արցախի տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ, իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներից Արամ Հարությունյանը հրաժարվեց մեր հարցրեին պատասխանելուց ու նշեց, որ միջոցառման է, խնդրեց զանգահարել վաղը։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը չպատասխանեց մեր ֆեյսբուքյան հաղորդագրությանը։

«Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանն ու Վահրամ Բալայանը ևս չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Այնուհետև Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տեղադրել, որում նշում էր, որ Վերածննդի հրապարակում անցկացվող  հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից, այլ արցախցիների ինքնաբուխ շարժումն է, ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի։

Լուսանկարները՝ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուք էջից հունիսի 21-ի հանրահավաքից

Մերի Դավթյանի և Դավիթ Ավանեսյանի լուսանկարը՝ ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter