HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագիլների աղտոտվածության աշխարհագրությունը մեծանում է, իսկ պատճառը մնում է չբացահայտված

Կեղտոտված, յուղանյութով պատված ու տկար տեսքով արագիլների աշխարհագրությունն ընդլայնվում է Հայաստանում։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը:

Գիտաշխատողը մեծ թվով կեղտոտված արագիլների է հանդիպել Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում։ Նրա խոսքով՝ եղել են բնակավայրեր, որտեղ արագիլները կա՛մ մաքուր էին, կա՛մ մեկումեջ էր աղտոտվածությունը։

Բալյանի կարծիքով՝ արագիլների աղտոտվածության դեպքերը փաստացի շարունակվում են, եւ որեւէ դրական փոփոխություն չի եղել: «Առաջին դեպքից հետո շարունակաբար հետեւում ենք թե՛ ձմռանը, թե՛ տարվա մնացած եղանակներին, եւ անընդհատ դիտարկվում են կեղտոտ արագիլները: Ձմեռային հաշվառումների, մոնիտորինգի ժամանակ նկատել էինք կեղտի մեջ կորած, կուչ եկած արագիլներ»,- ասում է գիտաշխատողը:

Արագիլների աղտոտվածության խնդիրը չի լուծվում: Աղտոտման աղբյուրն էլ, ըստ էության, չի փոխվել: Արագիլները սովորաբար հավաքվում են ձկնաբուծարաններից դուրս եկող ձկան թափոնների շուրջ՝ որպես կեր դիտարկելով դրանք: Գիտաշխատողի խոսքով՝ պատճառն, ըստ էության, այդ թափոնների սխալ ուտիլիզացիան է:

Դեռ 2019 թ. հուլիսին Լյուբա Բալյանն ահազանգել էր՝ հայտնելով, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ էին տարել արագիլի առանձնյակ։ Այն ամբողջությամբ պատված էր կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով թռչունը չէր կարող թռչել։ Արագիլի ընդհանուր փետրավորման 80 տոկոսը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխը, վիզը, առավել նվազ՝ թափահարողները, ծածկված էին յուղանյութով, ապա փոշիով։ Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ։ Գիտաշխատողները փորձել էին մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում էր հաջողվել հեռացնել ճարպային շերտը։ Իսկ դա, ըստ գիտաշխատողների, լավ նախադրյալ չէ։

Դրանից շատ չանցած՝ բնապահպաններն ու թռչնաբաններն ահազանգեցին Արարատի մարզի շուրջ 10 համայնքում աղտոտված արագիլների մասին։ 2019-ի սեպտեմբերին այդ առնչությամբ հարուցվեց քրեական գործ ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով. այն վերաբերում էր վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն։ Սակայն քննչական կոմիտեն նախաքննությունը վարել է ՔՕ 287 հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ջրերի աղտոտմանը.

«Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել...»

2020 թ. մայիսին քրգործը կարճվեվ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Ընդ որում՝ ՔԿ-ն «Հետքին» այդ առիթով հայտնել էր. «Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության եւ համապատասխան մասնագետների ցուցմունքների համաձայն՝ մոնիտորինգի արդյունքներով միայն էլեկտրական լարերին բախվելու հետեւանքով տարեկան սատկում է շուրջ 20-25 արագիլի առանձյակ, ուստի փետուրների աղտոտման հետեւանքով 4 արագիլների սատկելը որեւէ կերպ չէր կարող էական վնաս հասցնել արագիլների Հայաստանի պոպուլյացիային, այսինքն՝ կենդանական աշխարհին»։

«Մենք լիարժեք տեղեկություն ենք տվել իրավապահ մարմիններին՝ նշելով աղտոտման տարածքը, պոտենցիալ աղտոտվածության կետերը, արագիլների քանակը։ Ամեն տեսակի տեղեկություն տրամադրել ենք, եւ գործը մի քանի փուլ էր անցել։ Ես ինքս ցուցմունքներ եմ տվել։ Սակայն գործը տեղից չէր շարժվում, եւ արդյունքում ոչինչ էլ չպարզեցին՝ անհասկանալի բացատրությամբ»,- ասում է Լյուբա Բալյանը։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի (արխիվ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter