
Լեւոն Տեր-Պետրոսյանը Էջմիածնում թվարկեց իշխանությունների հանցանքները (վիդեո)
Այսօր Հայ ազգային կոնգրեսը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ էր ունենում Արմավիրի մարզում: Էջմիածնի հրապարակում բավականին քիչ մարդ էր հավաքվել: Շատերը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լսելու համար մոտակա այգիներում էին հավաքվել, իրենց բնակարանների պատշգամբներից էին նայում, իսկ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ պարզապես ծառերի հետեւն էին թաքնվել:
Էջմիածնում ընդդիմության սակավաթիվ մարդկանցով նախընտրական հանդիպում անցկացնելն առաջին հերթին պայմանավորված է գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնով: Շատերը, իմանալով, որ նա այժմ Հանրապետական կուսակցության հետ է, չեն ցանկանում խնդիրների մեջ ընկնել եւ նախընտրում են չմասնակցել ընդդիմության կազմակերպած միջոցառումներին:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ողջունեց հավաքվածներին եւ ասաց, որ թեեւ վախի մթնոլորտին, հրապարակում հավաքվել են այն մարդիկ, ովքեր մտահոգ են իրենց վաղվա օրվա եւ ապագայի համար:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ժողովրդին ասաց, թե ոչ մի տարբերություն չկա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, քանի որ նրանք միասին ստեղծել են հանցավոր ռեժիմ, ապա այն ժառանգել է գործող նախագահը:
«1998 թ.-ից մինչեւ այսօր 1 մլն հայ լքել է իր հայրենիքը: Լքել է ոչ կամավոր, ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, աղքատացրել, խեղճացրել, խեղդել են մանր ու միջին բիզնեսը, գյուղացուն հողազուրկ դարձրել, նրանց հողը, տունը գրավի տակ դրել, նրան անճար թողել եւ ստիպված այդ մարդիկ հեռանում են Հայաստանից»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրան՝ այս իշխանությունների ամենամեծ հանցանքը Հայաստանը դատարկելն է, «սա թուրքի գործ է»:
Որպես իշխանությունների երկրորդ հանցանք ընդդիմության առաջնորդը նշեց Լեռնային Ղարաբաղի դատարկումը: «Ղարաբաղի բնակչությունն այնքան է նվազել, որ ես կասկածում եմ, որ այդ բնակչությունն ի վիճակի կլինի պաշտպանել իր հողը»,- հավելեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, իր ղեկավարած իշխանության ժամանակ ազգային բանակը բաղկացած էր 78.000 զինվորից, իսկ հիմա բանակն ունի 50.000 զինվոր: Այս իրավիճակում, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ավելորդ է խոսել Ղարաբաղը եւ ոչ մի թիզ հող չզիջելու իշխանությունների հայտարարությունների մասին:
Հետո ՀԱԿ առաջնորդը նշեց, որ Հայաստանի պատմության մեջ սկսած 1921 թ.-ից՝ Մյասնիկյանի ղեկավարության տարիներից, ոչ մի իշխանություն իր ժողովրդին չի գնդակոծել, նրա վրա զենք չի բարձրացրել, մինչդեռ այս իշխանությունները 2008 թ. մարտի 1-ին 10 մարդ սպանեցին:
Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իշխանության ներկայացուցիչների ունեցած հարստությանը, պալատներին, շքեղ ավտոմեքենաներին: Նա հավաքվածներին ասաց, թե գիտի, որ նրանց գրպանում 1000 դրամից ավել գումար չկա, մինչդեռ իշխանության եկածները գործ ունեն միլիարդների հետ:
Վերջում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քվեարկել ՀԱԿ-ի եւ նրա առաջադրած մեծամասնական թեկնածուների օգտին:
Մեկնաբանություններ (87)
Մեկնաբանել