HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ծաղկահովիտ համայնքը կվճարի Լեռնապարի բնակիչների արոտավայրերի վարձավճարը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ախուրյանի համայնքապետարանի հայցն ընդդեմ Ծաղկահովիտ համայնքի՝ արոտավայրերի վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարները բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը վճռել է Ծաղկահովիտ համայնքից որպես չվճարված վարձավճար բռնագանձել բռնագանձել 1 430 400 դրամ, ինչպես նաև՝ վճարված պետական տուրքի գումար` 32 608 դրամ: Նաև՝ լուծել Շիրակի մարզի Ջրառատ և Արագածոտն մարզի Լեռնապար նախկին համայնքների միջև 01.10.2017թ. կնքված արոտավայրի վարձակալության պայմանագիրը:

«Հետքը» գրել էր, որ սարերով միմյանց սահմանակից Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի համայնքապետը արոտավայրեր է վարձակալել Շիրակի մարզի Ջրառատ գյուղից ու տրամադրել անասնապահությամբ զբաղվող համագյուղացիներին: Վերջին անգամ երկու համայնքների միջև արոտավայրի վարձակալության պայմանագիր կնքվել էր 2017թ. հոկտեմբերի 1-ին, որով Լեռնապարի համայնքապետարանը երեք տարի ժամկետով 300 հա արոտավայր էր վարձակալել Ջրառատից:

Պայմանագիրը կնքելուց մեկ ամիս հետո՝ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններով երկու համայնքներն էլ խոշորացվել են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի կազմի մեջ մտնող Լեռնապար գյուղը արոտավայրի վարձավճարը չի հավաքագրել բնակիչներից: Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը «Հետք»-ին հայտնել էր, որ Լեռնապարի հետ պայմանագիրը կնքվել է մինչև համայնքի խոշորացվելը, հիմա այդ պարտավորությունն անցել է Ծաղկահովիտ համայնքին: 

Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը չէր ընդունում Ախուրյանի համամայնքապետարանի պահանջը, ասելով թե պայմանագիր ունենք, բայց արոտավայրը մասնավորն է վարձակալել, թող գումարը հավաքեն վճարեն: 

Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102 հողվածի համաձայն՝ միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը։ Տվյալ դեպքում՝ 2017 թ. նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Լեռնապար համայնքի իրավահաջորդը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ միավորված համայնքն է, իսկ Ջրառատ համայնքի իրավահաջորդը Շիրակի մարզի Ախուրյան միավորված համայնքը։ Հետևաբար, Ծաղկահովիտ համայնքից պետք է բռնագանձել չվճարված վարձավճարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter