HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում ոռոգման ջուր չկա. դաշտերը չորանում են, գյուղացիները` վնասներ կրում

Գևորգ Մանուկյանն արդեն վճարել է ոռոգման ջրի ամբողջ տարվա վարձը՝ հույս ունենալով, որ պարագայում անհրաժեշտ ջուրը կստանա: Այսօր նա Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի 12 համայնքների բնակիչների հետ փակել էր Երևան-Արմավիր ավտոճանապարհը. դաշտերը չորանում են, ոռոգման ջուր չկա: 

Գևորգը Գեղակերտ համայնքից է: Արդեն մեկ շաբաթ է չի կարողանում դաշտը ոռոգել: Ասում է` սածիլ է արել, լոբի ունի, սակայն չորանում են ջրի բացակայության պատճառով: 

«Լոբին թոռմշել ա քոլի վրա, որակ չկա: Ես հիմա էդ թոռոմած, ջրի պակասից ծռմռված ապրանքը որտե՞ղ տանեմ ծախեմ: Մեկը դու ես՝ էդ վատ որակի ապրանքը կառնե՞ս»,-հարց է տալիս Գ. Մանուկյանը:

Ինչպես նա, այնպես էլ այլ գյուղերի բնակիչներ պնդում էին, որ որևէ մեկն իրենց չի զգուշացրել ջրամատակարարման դադարեցման մասին: Նույն վիճակն է եղել նաև անցյալ տարի:

Գևորգն ասում է, որ խոշոր վարկեր ունի, գումար է ներդրել գյուղատնտեսության մեջ, սակայն այսօր միլիոնների վնաս է կրում: 

«Մանկահասակ երկու երեխա ունեմ, ո՞վ պիտի պահի: ՋՕԸ-ից եկել հեքիաթ են պատմում: Ընենց չի, որ երեկ կտրել են, այսօր եկել բողոք ենք անում, 1-2 օր որ ջուր չի լինում, ոչինչ, խնդիր չի, բայց մի շաբաթ հողս առանց ջրել ա մնացել: Մի ամսվա մեջ ջրի համար 3 անգամ ցույց ենք անում»,-հավելեց Գևորգը:

Ավետիս Պետրոսյանը «Խոյ» ՋՕԸ-ի տարածքում ջրբաշխ է աշխատում: Վերջինս հաստատեց, որ Գևորգը, ինչպես Գեղակերտի շատ բնակիչներ, պարտաճանաչ վճարել են ոռոգման ջրի համար, սակայն այսօր փաստի առաջ են կանգնել, 3-րդ օրն է` ջուր չեն ստանում:

Ավետիս Պետրոսյանն ասաց, որ մինչ այդ էլ շատ քիչ ջուր է մատակարարվել, դա հավասար էր չլինելուն, քանի որ ոչ բոլորն են կարողացել դաշտերը ոռոգել: 

«Ինչո՞ւ ամեն տարի հունիս-օգոստոս ամիսներին գյուղացուն հավուր պատշաճի ջուր չի մատակարարվում» հարցին ի պատասխան` նշեց, թե տարբեր պատճառաբանություներով են ջրամատակարարումը դադարեցրել:

«Մեկ ասում են` մարդ ա խեղդվել ջրանցքում, մեկ՝ վթար ա եղել: Մենք հո չե՞նք գնում տեսնենք` ինչն է պատճառը: Գյուղացուն պատճառը չի հետաքրքրում, միայն ջուր ա պետք»,-հավելեց Ա. Պետրոսյանը:

«Խոյ»-ի ջրբաշխը նշեց, որ ջուր չստացող բոլոր գյուղացիներն էլ վնասներ են կրում: Բույսը չորանում է, երբեմն հնարավոր չի լինում փրկել: 

«Ես էլ ջրբաժանն եմ, մարդ կա` բոլոր վճարումները նորմալ արել է, բայց ես ի՞նչ անեմ: Պիտի ջուր տան, որ ես էլ կարողանամ բաժանեմ: Ջուր չկա, ի՞նչը բաժանեմ: Դժգոհություն է առաջանում, մարդիկ վնասներ են կրում, վարկեր են փակում, ի՞նչ անեն»,-հավելեց Ավետիս Պետրոսյանը:

Գյուղացիների հանդիպում էին պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Սակայն, նա այդպես էլ հանդիպման չեկավ: Փոխարենը «Ջրառ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Մկրտիչ Առաքելյանը, ժամանելով հայտարարեց, թե գլխավոր ջրանցքում՝ Երևանի Տիչինա փողոցի հարևանությամբ վթար է եղել, և այժմ վերականգնման աշխատանքներ են կատարվում: Գյուղացիներին խոստացան, որ ամենաուշը վաղը ջուր կստանան, թեեւ դա հավաքվածներին հավատ չներշնչեց: Վերջիններս նշում էին, թե վթարը եղել է երեկ, սակայն արդեն մեկ շաբաթ է` նորմալ ծավալի ջուր չեն ստացել:

«Մենք ոչ եկել փող ենք ուզում, ոչ էլ՝ ողորմություն: ՋՕԸ-ի աշխատողն եկել ա ստեղ, մեր հաշվին թանկանոց սիգարետ ա ծխում: Մարդիկ գյուղերում սկի «Չիբուխ» չեն կարում ծխեն, սրանք թանկանոց սիգարետ են ծխում: Նախարար ա գալիս, վզից հաստ ցեփ ա գցում, էդ որտեղի՞ց: Մեզնով են փող առնում, մեզ էլ բանատեղ չեն դնում»,-դժգոհեց Գևորգ Մանուկյանը:

Գյուղացիները մեկ օր կհամբերեն, որից հետո, իրենց իսկ հավաստիացմամբ, ավելի կտրուկ քայլերի կդիմեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter