HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արա Ղազարյան. «Դատապարտվածների հայրենադարձման հույս միշտ էլ կա»

Արտահանձման մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ այս կամ այն երկրում, եթե անձի նկատմամբ քրեական դատավարության կարգով ընթանում է դատական գործընթաց ու կայացվելու է դատավճիռ, ապա գործնականորեն հնարավոր է, որ տվյալ անձը կամ անձինք արտահանձնվեն իրենց հայրենի երկիր։ Նման պրակտիկա Հայաստանն ունեցել է աշխարհի մի շարք երկրների հետ, բայց ոչ Ադրբեջանի։ Այդ մասին Մեդիա կենտրոնի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ղազարյանը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի գործը, երբ Հունգարիան, օգտվելով հենց նմանատիպ հնարավորությունից, Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված ադրբեջանցի սպային արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ Սաֆարովին նույն օրը ներում էր շնորհվել Իլհամ Ալիևի հրամանագրով։ Իսկ օրինակ Կարեն Ղազարյանը, որը ռազմագերի չէր և Ադրբեջանում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, անսպասելիորեն ռազմագերիների առաջին խմբի հետ, 2,5 տարի պատիժը կրելուց հետո, վերադարձվեց Հայաստան։ Ըստ նրա՝ հույս միշտ էլ կա, որ դատապարտվելուց հետո այդ քաղաքացիները կարող են հայրենադարձվել։

Փաստաբանը պնդում է, որ Բաքվում ընթացող դատավարությունը քաղաքական գործընթաց է՝ իրավական գործընթացի շղարշի ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ևս այն կարծիքին է, որ գերիների վերադարձը ձգձգելով՝ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այս գործը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, պատերազմի ընթացքում և դրանից հետո, մոնիթորինգի է ենթարկում Ադրբեջանում հայ գերիների իրավունքների ապահովմանն ու նրանց վերադարձի հարցերը։ Ղազինյանն ընդգծում է, որ խախտումները բազմաթիվ են։

Մարդու իրավունքների պաշտպանը, բազմաթիվ դեպքերի մասով, դիմել է միջազգային ատյաններին, իսկ արձագանքը հիմնականում եղել է հայտարարությունների տեսքով։ ՄԻՊ ներկայացուցիչը չի կիսում այն տեսակետը, որ հայտարարությունները գործուն հետևանքներ չեն ունենում։ Մասնավորապես, մի շարք երկրների խորհրդարաններ կամ գործադիր իշխանության մարմիններ դատապարտիչ հայտարարություններ են տարածել կամ ընդունել, ինչը նշանակում է, որ դրանով արտահայտել են նաև տվյալ պետության տեսակետն այդ հարցում։ Ըստ Սերգեյ Ղազինյանի՝ սրանք լրացուցիչ ճնշում են Ադրբեջանի վրա։

Խոսելով Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին՝ Ղազինյանը նշում է, որ թերևս ամենակարևոր գործիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Այս պարագայում գործը շարժվում է երկու ուղղությամբ. միջպետական գանգատով և անհատական գանգատներով։ Առաջինի պարագայում դա իրականացվում է պետության և ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցչի կողմից, իսկ երկրորդ պարագայում, կոնկրետ գերիների հարցով, փաստաբանների օգնությամբ կարող են դիմել նրանց հարազատները։ Մարդու իրավունքների դատարանի կողմից վերջնական ակտի կայացումից հետո, դրա իրագործման քաղաքական ճնշումները բավականին ուժեղ են լինելու։ Դեռ այս տարվա մարտին ՄԻԵԴ-ը դիմել էր Նախարարների կոմիտեին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը խուսափում է բավարար տեղեկատվություն տալ Բաքվում պահվող առանձին գերիների վերաբերյալ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքվի դատարանի կողմից գերիների նկատմամբ ընդունած դատավճիռների վիճարկումը կարող է լեգիտիմացնել դրանք, Արա Ղազարյանը նշում է, որ որոշակի պայմանների բացակայությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս չլեգիտիմացնել այդ դատական գործընթացները։ Դրանցից առաջինն այն է, որ դատավարությանը չեն մասնակցում գերիների հարազատները։ Ըստ Արա Ղազարյանի՝ դա արդեն իսկ բավարար է, որ հայտարարվի հրապարակային դատավարության իրավունքի խախտման մասին։ Դեռ Մանվել Սարիբեկյանի գործով ՄԻԵԴ-ը հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, քրեական գործի շրջանակներում համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։ Բացի այդ, Ադրբեջանը պարտավոր էր ապահովել կապի միջոցները, որպեզի մեղադրյալները շփվեն իրենց հարազատների հետ՝ որպես մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի բաղկացուցիչ մաս։ ՄԻԵԴ-ը, այս գործերի պարագայում ևս, արձանագրելու է իրավունքի հստակ խախտում։

Ըստ Արա Ղազարյանի՝ իրավունքի կոպիտ խախտում է նաև դատավարության նիստերի դահլիճում գերիների մի շարքով նստելաձևն ու ապակեպատ տարածքում գտնվելը։ Փաստաբանն ընդգծում է, որ նույնիսկ Շահբազ Գուլիևը ու Դիլհամ Ասկերովը, որոնք Արցախում դատապարտվում էին կոնկրետ քրեական գործով, դատական դահլիճում նման պայմաններում չեն եղել։ Բացի այդ, յուրաքանչյուր մեղադրյալ պետք է ունենար առանձին դատապաշտպան, որը պետք է նստած լիներ մեղադրյալի կողքին։

Փաստաբանը նաև ընդգծում է, որ այս փուլում դեռևս անհայտ է, թե արդյոք գերիներին հնարավորություն է տրվել օգտվելու հակընդդեմ հայցի իրավունքից։ Գերիները և նրանց դատապաշտպանները պետք է հնարավորություն ունենան հարցաքննելու գործով անցնող վկաներին։ Վերջինիս պնդմամբ՝ Ադրբեջանը ոչ սեփական հանրությանը, ոչ էլ միջազգային հանրությանը չի կարողանալու ապացուցել, որ մեղադրյալներին տրամադրվել են այդ իրավունքները, որովհետև հենց նման իրավունք տրամադրվի, միանգամից պարզ կդառնա, որ գործ ունենք սին, կեղծ պնդումների ու մեղադրանքների հետ։ Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն ամեն գնով, որքան հնարավոր է արագ, փորձում է ավարտին հասցնել այս դատավարական գործընթացը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ գերիներն իրենց պատիժը կրեն երրորդ երկրի տարածքում, Սերգեյ Ղազինյանը նշում է, որ այս պահին չեն կարող նման մեխանիզմ դիտարկել և հնարավոր չէ որևէ կանխատեսում անել, քանի որ իրականացվող գործընթացը քաղաքական է և ոչ իրավական։ Ավելին, վերջերս հրապարակված տեսանյութը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, նույնպես վկայում է այն մասին, որ գործը քաղաքական բնույթ ունի։ Հիշեցնենք՝ տեսանյութում Էրդողանի կինն Ալիևին առաջարկում էր գերիներին փոխանակել ականապատ տարածքների քարտեզների հետ։

ՄԻՊ-ը տարբեր տեսանյութերով ու այլ փաստերով արձանագրել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվելու ժամանակ հայերը ենթարկվել ու ենթարկվում են վատ վերաբերմունքի։ Ուստի դատավարության փուլում գերիների տված ինքնախոստովական ցուցմունքները պետք է ոչ իրավաչափ համարվեն։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter